Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել մարդու ոտնաթաթերը

Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում տարբեր ախտանշանների միջոցով, ինչը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդությունն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար: Սա է պատճառը, որ այս կամ այն հիվանդության ախտանշաններն իմանալն ու օրգանիզմի տված ազդանշանների հանդեպ ուշադիր լինելն այդքան կարևոր է: Այս մասին գրում է tert.am-ը:

Սակայն լինում են նաև բավական արտասովոր ախտանշաններ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն: Օրինակ քչերը գիտեն, որ առողջական ամենատարբեր խնդիրների մասին կարելի է գլխի ընկներ՝ պարզապես մարդու ոտնաթաթերին նայելով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն առողջական խնդիրները, որոնց մասին կարող են պատմել մարդու ոտնաթաթերը:

Առհասարակ՝ մասնագետները նշում են, որ առողջական վիճակը ստուգելու համար մարդը պետք է հաճախ զննի սեփական ոտնաթաթերը, քանի որ մարմնի այս հատվածն օգնում է ախտորոշել բազմաթիվ լուրջ հիվանդություններ և խուսափել հետագա բարդություններից:

  Օրինակ՝ հարկավոր է հաճախ ուշադրություն դարձնել եղունգների գույնին, քանի որ դրանք հաճախ հուշում են բավական լուրջ հիվանդությունների մասին:

Եղունգների դեղնածությունը կարող է պայմանավորված լինել սնկային վարակով, սակայն սա միակ խնդիրը չէ, որը դրսևորվում է այս ախտանշանով: Եղունգների դեղին երանգը կարող է վկայել նաև էկզեմայի կամ պսորիազի մասին, իսկ հազվադեպ լինում է նաև դեղին եղունգի համախտանիշի մասին վկայող ախտանշան, որի դեպքում առաջանում են այտուցներ և թոքերում սկսում է հեղուկ կուտակվել: Բացի այդ, եղունգի գույնը կարող է փոխվել նաև վնասվածքի հետևանքով, ուստի անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել և լուրջ հետևանքներ ունենալ:

Ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել նաև ոտքերի մշտական սառնությունը, քանի որ դա նույնպես կարող է հանգեցնել շատ լուրջ խնդիրների: Օրինակ՝ այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել շաքարային դիաբետով, որն անտեսելը կարող է ճակատագրական լինել: Բանն այն է, որ շաքարային դիաբետի դեպքում վատանում է արյան մատակարարումը ծայրամասային անոթներին և խանգարվում է ոտնաթաթերի նյարդերի աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է ոտնաթաթերի սառնության:

Եթե ոտքերի սառնությունն ուղեկցվում է նաև ցավոտ զգացողություններով, ապա հարկավոր է շտապ դիմել բժշկին, քանի որ այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել ցրտահարությամբ, որն առավել հաճախ հանդիպում է տարվա ցուրտ եղանակին և հիմնականում երիտասարդների ու տարեցների մոտ:

Շատ կարևոր ախտանշան է նաև ոտնաթաթերի մաշկի մշտական չորությունն ու ճաքերի առկայությունը՝ անգամ պարբերաբար խոնավեցնելու և խնամելու դեպքում: Սա կարող է լինել հիպերկերատոզի ախտանշան, որի դեպքում մաշկը հաստանում է և վիճակը չի հաջողվում բարելավել անգամ հատուկ քսուքների միջոցով: Սակայն չորությունն ու ճաքերը կարող են պայմանավորված լինել նաև այլ վտանգավոր հիվանդություններով, որոնց շարքին են դասվում դերմատոֆիտիան (стопа атлета, մարզիկի ոտնաթաթ), դերմատիտը, պսորիազը, էկզեման և այլն:

Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել նաև ոտքերի տհաճ հոտը, քանի որ այն ոչ միշտ է պայմանավորված լինում վատ հիգիենայով: Եթե այս խնդիրն ի հայտ է գալիս անգամ հիգիենայի բոլոր կանոններին հետևելու դեպքում, ապա այն կարող է պայմանավորված լինել սնկային հիվանդությամբ, որը հարկավոր է անհապաղ բուժել:

Լուրջ ախտանշան կարող են լինել նաև ոտնաթաթի ջղաձգումները: Այս դեպքում սպազմները սովորաբար պայմանավորված են լինում արյան շրջանառության խագարումով, որից ազատվելու համար հարկավոր է ընդունել մագնեզիումի հավելումներ կամ օգտագործել մագնեզիումով սփրեյ:

Առողջական մի շարք խնդիրների մասին կարող են վկայել նաև ոտնաթաթերի այտուցվածությունն ու ցավը: Այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել քրոնիկ կամ սուր հիվանդություններով, ինչպես նաև անհարման կոշիկով: Բացի այդ, այտուցները կարող են վկայել նաև սրտամկանի, երիկամների և ավշային համակարգի հիվանդությունների մասին, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել այս ախտանշանը:

Եվ վերջապես՝ հարկ է հիշել, որ ոտնաթաթի վրա ի հայտ եկած ցանկացած չապաքինվող վերք կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հիվանդություններով: Երբեմն խոսքը հասարակ գորտնուկի մասին է լինում, որը հաճախ արյունահոսում է և առաջացնում է տհաճ զգացողություններ, իսկ երբեմն էլ խնդիրը կարող է պայմանավորված լինել տարատեսակ գենետիկ հիվանդություններով:

Անկախ ամեն ինչից՝ հարկավոր է շատ ուշադիր լինել և ոչ մի դեպքում չանտեսել նման ախտանշանները, քանի որ դրանք կարող են դառնալ լուրջ բարդությունների առաջացման պատճառ: Հարկ է հիշել, որ հիվանդությունը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա պատճառով ի հայտ եկած մի շարք այլ խնդիրների դեմ պայքարելը, ուստի անհրաժեշտ է ուշադիր լինել, պարբերաբար բուժզննում անցնել, իսկ խնդիրների առկայության դեպքում անմիջապես խորհրդակցել մասնագետի հետ և հետևել նրա բոլոր ցուցումներին:

 

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook