Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել հաճախամիզությունը

Միզարձակման գործընթացը շատ դեպքերում կախված է լինում մարդու անհատական առանձնահատկություններից ու սովորություններից, ուստի հաճախամիզությունը ոչ միշտ է լինում լուրջ անհանգստության պատճառ, սակայն լինում են դեպքեր, երբ սովորականից հաճախ միզելը հուշում է առողջական որոշակի խնդիրների առկայության մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական խնդիրները, որոնք կարող են դրսևորվել հաճախամիզությամբ։

Նորմայից շատ հեղուկի ընդունում

Տարվա համեմատաբար շոգ եղանակներին մարդիկ ավելի շատ հեղուկ են օգտագործում, ինչն էլ դառնում է հաճախակի միզազատման պատճառ։ Բացի այդ, տարատեսակ ըմպելիքներից բացի մարդիկ նաև մեծ քանակությամբ ապուրներ և ջրով հարուստ մրգեր ու բանջարեղեն են օգտագործում, ինչը ևս անհետևանք չի լինում։ Մասնագետների խոսքով՝ եթե հաճախացած միզազատությունը չի ուղեկցվում այլ ախտանշաններով, այդ թվում՝ մեզի մեջ արյան առկայությամբ, ցավոտ զգացողություններով կամ անսպասելի ծարավի զգացումով, ապա անհանգստանալու պատճառ չկա։

Նյարդային լարվածություն

Մարդու հոգոկան առողջությունն ու միզապարկը սերտ կապված են, ուստի զարմանալի չէ, որ սաստիկ անհանգստությունը կամ սթրեսը կարող են հանգեցնել սովորականից հաճախ միզելու ցանկության։ Սա պայմանավորված է նրանով, որ միզապարկը կարգավորվում է վեգետատիվ նյարդային համակարգով, ուստի գլխուղեղը կարող է յուրահատուկ ախտանշաններով խթանել այս օրգանի մկանների ակտիվությունը։

Շաքարային դիաբետ

Հաճախամիզությունը կարող է պայմանավորված լինել նաև շաքարային դիաբետով։ Ըստ Շաքարային դիաբետի գերմանական միության մասնագետների՝ սաստիկ ծարավի զգացումով ուղեկցվելու դեպքում հաճախամիզությունը կարող է պայմանավորված լինել այս վտանգավոր հիվանդությամբ, ուստի նման ախտանշանը չի կարելի անուշադրության մատնել։ Այս հիվանդության մասին հուշող մյուս ախտանշաններն են ոտքերում ծակծկոցի զգացողությունը, մշտական հոգնածությունը, կենտրոնացման հետ կապված խնդիրներն ու տեսողության վատթարացումը։ Ընդ որում՝ ավելորդ քաշը, ծխախոտի գործածությունն ու ընտանեկան անամնեզում շաքարային դիաբետի դեպքերի առկայությունն էլ ավելի են բարձրացնում այս հիվանդության զարգացման հավանականությունը։

Միզուղիների վարակներ

Հաճախացած միզազատության ամենատարածված պատճառներից մեկը միզապարկի բորբոքումն է՝ ցիստիտը։ Գերմանացի ուրոլոգների մասնագիտացված ընկերակցության տվյալներով՝ կանանց գրեթե 80 տոկոսը կյանքում առնվազն մեկ անգամ բախվում են այս տհաճ խնդրին։ Եթե կան կասկածներ, որ հաճախամիզությունը կարող է որևէ կապ ունենալ միզուղիների վարակների հետ, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու հնարավորինս շուտ սկսել բուժումը, քանի որ հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել երիկամների բորբոքման։

Միզուղիների վարակների մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են միզելու մշտական ցանկությունը, այրոցով ուղեկցվող միզարձակումը, որովայնի ծակող ցավերը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը և ընդհանուր ինքնազգացողության վատթարացումը, ուստի նման ախտանշանների առկայությունը ևս չի կարելի անտեսել։

Միզապարկի գերզգայունություն

Մասնագետների խոսքով՝ օրվա ընթացքում 10 անգամ կամ ավելի հաճախ միզելու անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել միզապարկի գերզգայունությամբ կամ օրգանի մկանների անկանոն սպազմներով։ Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ խնդրի պատճառը հնարավոր կլինի պարզել միայն բուժզննման արդյունքում, իսկ առանց պատճառը պարզելու բուժումը հնարավոր չի լինի սկսել։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook