Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ վիտամինների չարաշահման դեպքում

Վիտամինային դեղամիջոցները շատ տարածված են, սակայն քչերը գիտեն, թե երբ և ինչպես է հարկավոր դրանք օգտագործել:

Մասնագետները հաճախ են վիտամիններ նշանակում՝ անկախ օրգանիզմում դրանց մակարդակից ու մարդու սննդակարգից, մինչդեռ բրիտանացի գիտնականները նշում են, որ շատերին պոլիվիտամիններ պետք չեն, իսկ որոշ դեպքերում դրանք նույնիսկ վնասակար են: Մասնագետները նշում են, որ առողջ սննդակարգի դեպքում մարդը հավելյալ վիտամինների կարիք չի ունենում:

Հաճախ նշվում է, որ մեծ քանակությամբ վիտամիններն օգտակար են, սակայն դա բնավ այդպես չէ: Մասնագետներն առանձնացրել են 9 վիտամին ու հանքանյութ, որոնց չարաահումը կարող է վտանգավոր լինել: Այս ցանկում են հայտնվել E և B6 վիտամինները, բետա-կարոտինը, ցինկը, պղինձը, նիկելը, սիլիցիումը, բորը և սելենը, ուստի խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել դեղամիջոցներում դրանց չափաքանակին: Այդ տարրերի օրական թույլատրելի չափաբաժինը հետևյալն է.

·        Վիտամին B6՝ 10 մգ,

·        Վիտամին E՝ 727 մգ,

·        Բետա-կարոտին՝ 7 մգ,

·        Պղինձ՝ 5 մգ,

·        Ցինկ՝ 25 մգ,

·        Սելեն՝ 0.2 մգ

·        Սիլիցիում՝ 1500 մգ,

·        Նիկել՝ 0.16 մգ,

·        Բոր՝ 5.93 մգ:

Երբ են անհրաժեշտ վիտամիններ

·        Մասնագետները կարծում են, որ վիտամինների և հանքանյութերի հավելյալ ընդունումն օգտակար է մինչև հղիության 12-րդ շաբաթում գտնվող կանանց և հղիությունը պլանավորող կանանց: Նրանք պետք է օրական 0.4 մգ ֆոլաթթու ընդունեն, քանի որ դա կնվազեցնի նորածնի մոտ ողնուղեղի բնածին արատների առաջացման հավանականությունը:

·        Բացի այդ, շատ դեպքերում դաշտանի ժամանակ մեծ քանակությամբ արյուն կորցնող կանանց բժիշկները երկաթով դեղամիջոցներ են նշանակում: Սակայն այդ դեղամիջոցները կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ:

·        6 ամսականից մինչև երկու տարեկան երեխաների համար շատ օգտակար են A, C և D վիտամիններով կաթիլները:

·        Բժշկի նշանակման դեպքում հղիներն ու որոշ տարեցները կարող են ընդունել նաև օրական 10 մկգ վիտամին D:

Որ դեպքերում են վիտամինները վտանգավոր լինում

Կա երկու իրավիճակ, որոնց դեպքում վիտամինները կարող են վտանգավոր լինել.

·        Հղիները չպետք է ընդունեն վիտամին A (ռետինոլ) առանց բժշկի նշանակման, քանի որ գոյություն ունի կապ ռետինոլի մեծ քանակության ու երեխայի մոտ բնածին արատների զարգացման միջև: Հղիներին նաև խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդ, քանի որ այդ մթերքը ռետինոլի հարուստ աղբուր է:

·        Նաև հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի օրական 10 միլիգրամից ավել վիտամին B ընդունել, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նյարդերի աշխատանքի վրա:

Վտանգավոր վիտամիններ ու հանքանյութեր

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 վիտամին ու հանքանյութ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել:

Վիտամին В6

Այս վիտամինի չարաշահման հիմնական հետևանքը նյարդերի ախտահարումն է: Նման բարդություններ սովորաբար առաջանում են թույլատրելի չափաբաժինը գերազանցելու և/կամ վիտամինը երկար ժամանակ ընդունելու հետևանքով: Որպես կանոն՝ նյարդերն ախտահարվում են վիտամինի ընդունումը դադարեցնելուց հետո: Ընդ որում՝ որոշ դեպքերում խնդիրն անբուժելի է լինում:

Սովորաբար վիտամին B6-ի հետևանքով առաջացած նյարդերի ախտահարման առաջին ախտանշանները քայլվածքի խանգարումն ու ոտնաթաթի թմրածությունն է լինում, որից հետո խանգարվում է ձեռքերի զգայունությունն ու շարժումների կոորդինացիան և առաջանում է դող վերջույթներում: Այս խնդրին հատուկ են նաև ցավի հանդեպ զգայունության նվազումն ու բարձր ջերմությունը:

Բետա-կարոտին

Նախկինում այս տարրն անվնաս է համարվել և դրա միակ բարդությունը համարվել է մաշկի դեղնածությունը: Սակայն մասնագետները պարզել են, որ այն 18-28%-ով բարձրացնում է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը ծխողների մոտ: Առհասարակ՝ այն խթանիչ հատկություն ունի որոշ ուռուցքների համար: Ընդ որում՝ այդ տարը շարունակում է ներկայացվել, որպես քաղցկեղը կանխարգելող հիանալի միջոց: Նաև պարզվել է, որ բետա-կարոտինը բարձրացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը նախկինում ասբեստի հետ աշխատած մարդկանց մոտ, ինչպես նաև սրտամկանի կաթվածի հավանակությունը, եթե մարդը նախկինում արդեն սրտամկանի կաթված է ունեցել:

Վիտամին Е

Վիտամին E-ի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել գլխացավ, հոգնածության զգացում, աղեստամոքսային խնդիրներ, պատկերի երկակիություն ու մկանային թուլություն: Այս վիտամինը նաև կարող է խանգարել յուղում լուծվող մյուս տարրերի ազդեցությանը:

Բացի այդ, ծխողների մոտ այս վիտամինի ընդունման դեպքում բարձրանում է ներգանգային արյունազեղման հետևանքով վաղաժամ մահվան հավանականությունը: Առհասարակ՝ վիտամին E-ն կարող է նվազեցնել արյան մակարդելությունը՝ մեծացնելով գլխուղեղի կաթվածի վտանգը: Սրտի հիվանդություններից տառապողների մոտ այն էլ ավելի շատ խնդիրներ է առաջացնում, մինչդեռ մինչ օրս նշանակվում է սրտի հիվանդությունների կանխարգելման համար:

Պղինձ

Պղնձի չարաշահման հետ կապված գլխավոր կողմնակի բարդությունը մարսողական համակարագի աշխատանքի խանգարումն է: Այն նաև այլ տոքսիկ հետևանքներ է ունենում, սակայն դրանք պայմանավորված են լինում միայն մեծ չափաբաժինների ընդունմամբ:

Ցինկ

Ցինկով դեղամիջոցները հաճախ են առաջացնում որովայնի կծկումային ցավեր ու սրտխառնոց: Սովորաբար դա տեղի է ունենում դատարկ ստամոքսին կամ շատ քիչ քանակությամբ սննդի հետ ցինկ ընդունելու դեպքում: Մեծ քանակությամբ ցինկը խանգարում է պղնձի յուրացմանը՝ առաջացնելով այդ տարրի դեֆիցիտ: Այս ամենի հետևանքով արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը և առաջանում են խնդիրներ՝ կապված սրտամկանի հետ: Բացի այդ, երկաթն ու ցինկը բացասաբար են  ազդում մեկը մյուսի յուրացման վրա, ինչը կարող է հանգեցնել անեմիայի (սակավարյունություն):

Սելեն

Սելենն օժտված է բազմաթիվ տոքսիկ հատկություններով: Սելենով քրոնիկական ինտոքսիկացիայի առաջին ախտանշանը մազերի ու եղունգների ախտահարումն է, որը հաճախ ուղեկցվում է նյարդային համակարգի վրա ունեցած բացասական ազդեցությամբ ու օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական ռեակցիաներով: Բացասական ազդեցության համար հարկավոր է օրական ընդամենը 0.85 մգ սելեն ընդունել:

Բացի այդ, սելենի սուլֆիդն օժտված է քաղցկեղածին հատկությամբ, ուստի հարկավոր է ստուգել, թե ինչ ձևով է այն ներառված դեղամիջոցի մեջ: Այս տարրը նաև բացասաբար է ազդում որոշ կենդանիների վերարտադրողական համակարգի վրա, սակայն մարդկանց դեպքում դեռ հարկավոր են հավելյալ ուսումնասիրություներ:

Սիլիցիում

Մարդու համար սիլիցիումի թունավոր լինելու մասին տեղեկությունները քիչ են, սակայն կենդանիների մոտ այն հաճախ առաջացնում է աճի ուշացում և փոխում է արյան մեջ որոշ հանքանյութերի մակարդակը: Սիլիցիումի տեսակներից մեկը՝ քվարցը օժտված է քաղցկեղածին հատկություններով (շնչելիս), սակայն դա չի վերաբերում ներքին օգտագործմանը:

Նիկել

Շնչելու դեպքում նիկելն ունենում է քաղցկեղածին հատկություն: Նիկել ընդունած կենդանիների մոտ հաճախ ծնվում են մահացած կամ նվազ քաշ ունեցող ձագեր: Նաև հայտնի է, որ այս տարրը մաշկի հետ շփման դեպքում հաճախ ալերգիկ ռեակցիա է առաջացնում, սակայն սննդամթերքում ու դեղամիջոցներում դրա պարունակությունը նույնպես բավարար է ալերգիկ ռեակցիայի առաջացման համար:

Բոր

Կենդանիների վրա անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարրը բացասաբար է ազդում երկու սեռի ներկայացուցիչների վերարտադրողական համակարգի վրա՝ առաջացնելով սաղմի զարգացման արատներ: Չնայած, որ մարդկանց վրա այն նույն կերպ չի ազդել, բորի չարաշահման դեպքում գիտնականները չեն բացառում նման հետևանքները: Բանն այն է, որ մարդկանց մասնակցությամբ գիտափորձերի ժամանակ կիրառվել են ավելի փոքր չափաբաժիններ, ուստի զգուշանալն ավելորդ չի լինի:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 4 շաբաթ շարունակ օրական 10 մգ բոր ընդունելը բավական է տղամարդկանց օրգանիզմում կանանց հորմոնի մակարդակը բարձրացնելու համար:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook