Saturday, April 20, 2024
Նորություններ

Առողջապահական ոլորտը որակավորված կառավարիչներ կունենա

«Մենեջմենթ Միքս»-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետը Կրթության եւ գիտության նախարարության կողմից ստացել է կրթական ծրագիրն իրականացնելու համապատասխան լիցենզիա՝ Կառավարման մագիստրոս որակավորմամբ:

«Կրթությունը եւ առողջապահությունն այն գերկարեւոր ոլորտներից են, որոնք Հայաստանում զարգացման մեծ ներուժ ու բարեփոխումների անհրաժեշտություն ունեն: Այս առումով, մեկնարկող ծրագիրը միակն է եւ առաջին անգամ է իրագործվում մեր երկրում: Ծրագրի մասնակիցները պարզապես ուսանողներ չեն, այլ ընկերությունների տնօրեններ եւ ղեկավար անձիք (Executives), որոնց կշնորհվի բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան (MBA). մինչ այս ԵՊԲՀ-ում կար միայն հանրային առողջության մագիստրոսի որակավորումը»,- նշել է Րաֆֆի Սեմերջյանը՝ հավելելով, որ ծրագիրը դեռեւս լինելու է հայերեն լեզվով, իսկ հետագայում կդասավանդվի նաեւ անգլերենով՝ նախատեսված արտասահմանյան լսարանի համար։

Նրա փոխանցմամբ՝ ծրագրի տեւողությունը մեկ տարի է, ընդ որում՝ մասնակիցները հնարավորություն կունենան համատեղել MBA կրթությունն աշխատանքի հետ: Մասնավորապես, հիմնական ուսումնական գործընթացը կկազմակերպվի շաբաթական 2 անգամ՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ ժամը 14:00-ից հետո:

«Բնականաբար, մեծ ուշադրություն ենք դարձնում դասախոսական անձնակազմի ընտրությանը. ծրագրի մասնակիցներին կդասավանդեն ինչպես տեղացի, այնպես էլ  արտասահմանից հրավիրված դասախոսներ, որոնց ընտրության հարցում ներկայացված են որակական բարձր պահանջներ: Դասախոսների գերակշիռ մասը հրավիրված է արտերկրից՝ բոլորը արեւմտյան առաջատար համալսարանների MBA աստիճան ունեցող մասնագետներ են եւ ունեն տարիների փորձ կառավարման ոլորտում»,- նշել է մեր զրուցակիցը:

Ծրագրին կարող են մասնակցել ինչպես բժիշկներ, այնպես էլ ոչ բժիշկներ՝ տարբեր մասնագիտությունների տեր անձիք: Դիմորդների շարքում կարող են լինել առնվազն բակալավրի աստիճան եւ 3 տարվա կառավարչական փորձ ունեցող անձիք՝ հայերենի գերազանց իմացությամբ:

Դիմումներն ընդունվում են մինչեւ օգոստոսի 25-ը՝ ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է այստեղ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook