Saturday, April 20, 2024
Նորություններ

Առողջապահության նախարարը ծանոթացել է Գեղարքունիքի առողջապահական խնդիրներին

Մարզի հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կունենան շտապօգնության նոր ավտոմեքենաներ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Այցի առաջին կանգառը ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող Սևանի հոգեբուժական հիվանդանոցն էր: Նախարարը և մարզպետը շրջայց կատարեցին հիվանդանոցի ողջ տարածքով, եղան հիվանդասենյակներում, ծանոթացան կենցաղային և բուժական պայմաններին, զրույց ունեցան բուժանձնակազմի հետ:
Սևանի ԲԿ նորակառույց մասնաշենքում նախարարը և մարզպետը դիտարկեցին պետական աջակցությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Ինչպես ներկայացրեց շինարարության պատասխանատուն՝ շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին, որից հետո արդի չափորոշիչներին համապատասխան ԲԿ-ն քաղաքացիներին կսկսի մատուցել բարձրորակ բուժսպասարկում: Այստեղ նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Իշխան Սաղաթելյանը համատեղ քննարկեցին բուժհաստատության վերազինման, մասնագետների համալրման հետ կապված խնդիրները:
Սևանի ԲԿ-ի հիվանդանոցային մասնաշենքում առողջապահության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը ծանոթացան առկա պայմաններին, իսկ բուժանձնակազմի հետ քննարկեցին ընթացիկ և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ: Հիվանդանոցային մասնաշենքում Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ առաջիկայում մարզի հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպություններին շտապօգնության և ռեանիմացիոն նոր ավտոմեքենաներ կտրամադրվեն: «2-ական շտապօգնության ավտոմեքեններ կտրամադրվի Սևանի, Գավառի ԲԿ-ներին և Վարդենիսի հիվանդանոցին, 3-ը՝ Մարտունու ԲԿ-ին և 1-ը՝ ճամբարակի ԱԿ-ին: Վերոնշյալ առողջապահական հաստատությունները կստանան նաև 1-ական ռեանիմացիոն ավտոմեքենաներ»,- նշեց առողջապահության նախարարը:
Գեղարքունիքի մարզպետարանում Արսեն Թորոսյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցան մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ: Մարզի առողջապահական համակարգի գործունեության, ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Հիմնախնդիրների մեջ վարչության պետն առանձնացրեց բուժհաստատությունների տեխնիկական ու կադրային հագեցվածությունը և օրենսդրական փոփոխություններին առնչվող հիմնահարցեր: Որոշակի հարցեր առաջ քաշեցին նաև բուժհաստատությունների տնօրենները, որոնց շուրջ նախարարը հանդես եկավ պարզաբանումներով:
«Մարզային առողջապահությունը և հատկապես առաջնային օղակը լինելու է իմ ուշադրության կենտրոնում: Մենք ծրագրում ենք բուժական բժշկությունից անցնելու կանխարգելիչ բժշկությանը: Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում թեև շատ կուտակված խնդիրներ կան, սակայն դրականն այն է, որ մարզային իշխանությունները հստակ պատկերացում ունեն դրանց մասին և պատրաստակամ են՝ խնդիրներին լուծում տալու համար: Գավառի ԲԿ-ն իր տեխնիկական ու կադրային հագեցվածությամբ դրական տպավորություն թողեց»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Այցի շուրջ իր տպավորությունները ներկայացրեց նաև մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
«Նախարարի այցն անչափ կարևոր էր, քանի որ համակարգում մի շարք խնդիրներ պահանջում են համատեղ և հրատապ լուծում: Դրանց մի մասը կապված է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ, մի մասն էլ պահանջում է օպերատիվ լուծում: Շատ կարևորում եմ շտապօգնության մեքենաների տրամադրումը մարզի բոլոր հիվանդանոցներին: Ուրախալի է նաև այն փաստը, որ սեպտեմբեր ամսին մենք կբացենք արդի չափորոշիչներին համապատասխանող Սևանի բժշկական կենտրոնը, իսկ Մարտունու ԲԿ-ի շենքի շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկա ամիսների ընթացքում: Իմ գնահատմամբ՝ մարզի առողջապահական համակարգի վիճակը վատ չէ, մնում է կարգավորել որոշակի խնդիրներ և առաջ շարժվել»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Այցի ավարտին առողջապահության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը եղան Մարտունու ԲԿ-ում և դիտարկեցին այն շինհրապարակը, որտեղ պետք է կառուցվի Մարտունու բժշկական կենտրոնի շենքը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook