Wednesday, April 24, 2024
ՀայտարարություններՆորություններ

Առողջության համընդհանուր ապահովագրության դեպքում անհնար է բացառել հերթագրումը, բայց ֆինանսական պատճառներ չպետք է լինեն. Սամվել Խարազյան

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման դեպքում հերթը բացառել չի կարելի, հատկապես ներդրման առաջին տարիներին, սակայն համակարգը պետք է հանգեցնի նրան, որ ֆինանսական պատճառներով հերթագրում չլինի: Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարարության առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին այն մասին, որ ամեն անգամ տարեվերջին Հայաստանի շատ բուժհաստատություններում պետպատվերը վերջանում է, իսկ մարդիկ բողոքում են, որ իրենց հերթագրում են հաջորդ տարվա համար։

Նա նշեց, որ համակարգի ներդրման առաջին տարիներին պացիենտների մեծ հոսք է կանխատեսվում, քանի որ մարդկանց մոտ կուտակվել են բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում՝ բուժման համար գումարի անբավարարության պատճառով, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձեն լուծել դրանք։

Նրա խոսքով, 2019 թվականին անցկացված հարցումները ցույց են տվել, որ ֆինանսական պատճառներով բնակչության միջինը 17 տոկոսը չի դիմում բժիշկների, բնակչության եւս 54 տոկոսը ինքնաբուժությամբ է զբաղվում, եւ դրա հիմքում նույնպես կարող է ֆինանսական գործոնը լինել։ «Այս ցուցանիշները մենք դրել ենք մեր ակտուարական հաշվարկների հիմքում, որպեսզի դիմողների թվի կանխատեսվող աճի դեպքում ֆինանսական պատճառներով հերթագրում չունենանք»,- ասաց նա։

Սամվել Խարազյանը պարզաբանեց, որ բժշկական ծառայություններ ստանալու համար հերթեր կարող են գոյանալ երկու պատճառով՝ զուտ ֆիզիկական եւ ֆինանսական։ Ֆիզիկական պատճառներն առաջանում են այն ժամանակ, երբ մեծ թվով պացիենտներ ցանկանում են կոնկրետ բժշկական հաստատություն կամ կոնկրետ բժշկի մոտ գնալ: Այս դեպքում, ինչպես պարզաբանեց փորձագետը, հերթագրվելը պացիենտի ընտրությունը կլինի։ Առողջապահական էլեկտրոնային համակարգին հասանելի կլինեն բոլոր բուժհաստատությունների հնարավորությունների մասին բոլոր տվյալները, եւ մարդն ինքը կընտրի, թե ում դիմել։ «Համակարգի իրականացման տեսանկյունից մեզ համար կարեւոր է, որ ֆինանսական պատճառներով հերթագրում չլինի»,- եւս մեկ անգամ ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրությունը նախատեսվում է ներդնել աստիճանաբար՝ 2023-ից մինչեւ 2027 թվականը, ապահովագրական փաթեթի չափը եւ ապահովագրական վճարները վերջնականապես կսահմանվեն 2023 թվականին՝ 2022 թվականի արդյունքների վերլուծության հիման վրա։

Ինչպե՞ս է ներդրվելու առողջության համապարփակ ապահովագրությունը. Պարզաբանում է փորձագետը

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook