Wednesday, April 24, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Առողջ արևայրուք. ինչպես ճիշտ արևային լոգանք ընդունել և խուսափել առողջական խնդիրների զարգացումից

Արևային այրվածքը համարվում է մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկի զարգացմանը նպաստող գլխավոր գործոններից մեկը։ Բացի այդ, այն կարող է դառնալ նաև մաշկի վաղաժամ ծերացման ու պիգմենտային հետքերի առաջացման պատճառ։ Այս մասին «Известия» թերթի հետ զրույցում ասել է թերապևտ Տատյանա Նեումոլոտովան։

«Արևային այրվածքը մելանոմայի զարգացմանը նպաստող գլխավոր գործոնն է, և եթե կյանքի ընթացքում եղել է հինգ և ավելի լուրջ այրվածք, ապա այդ հավանականությունը մեծանում է 50%-ով», -նշել է թերապևտը՝ ընդգծելով, որ այրվածք է համարվում անգամ մաշկի կարմրությունը։
Մասնագետի խոսքով՝ առանց պաշտպանության պատշաճ մակարդակի արևի ճառագայթները կարող են ախտահարել մաշկի անգամ ամենախորը շերտերը։

«Հենց դրանք են քայքայում կոլագենի մանրաթելերը, հանգեցնում վաղաժամ ծերացման ու պիգմենտային հետքերի առաջացման», – հավելել է Նեումոլոտովան։
Արևի ճառագայթներից առավելագույն օգուտ ստանալու և առողջ արևայրուք ունենալու համար մասնագետը խորհուրդ է տվել անպայման SPF-ի բարձր մակարդակով արևապաշտպան քսուքներ կիրառել և արևային լոգանք ընդունել առավոտյան 7:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում կամ երեկոյան 17:00-19:00-ն։ Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ առաջին օրերին հարկավոր է արևի տակ գտնվել առավելագույնը 5-10 րոպե՝ օրեցօր 10 րոպեով ավելացնելով այդ ժամանակահատվածն ու ի վերջո հասցնելով մեկ ժամի։

Սակայն չի կարելի մոռանալ նաև, որ որոշ դեպքերում արևային լոգանքը կարող է հակացուցումներ ու սահմանափակումներ ունենալ, ուստի հարկավոր է հաշվի առնել օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները։

«Բաց գույնի մաշկ, բնածին հետքեր կամ մեծ քանակությամբ խալեր ունեցողներին, ինչպես նաև հղիներին խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անցկացնել արևի ճառագայթների տակ», – շեշտել է մասնագետը՝ հավելելով, որ օնկոլոգիական կամ ինֆեկցիոն հիվանդությունների կամ մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում արևայրուքն առհասարակ հակացուցված է։
Նյութը ՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook