Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ՝ ԱՌՈՂՋ ՕՐԳԱՆԻԶՄ

Հետազոտությունները պարզել են, որ բուսակերությունը առողջարար է, սակայն շատ կարևոր է, որ բուսակերներն ընտրեն բազմատեսակ սնունդ, քանի որ չկա այնպիսի միատեսակ սնունդ, որը կապահովի օրգանիզմը բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերով:

Կան սննդանյութեր, որոնք խիստ կարևոր են օրգանիզմի համար

Ահա դրանցից 8-ը

ԿԱԼՑԻՈՒՄ

Այն օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը: Կալցիում ամենաշատ պարունակվում է կաթի ու կաթնամթերքի մեջ, իսկ մուգ կանաչ բանջարեղենները, ինչպես օրինակ շաղգամը, կաղամբը, բրոկոլին հանդիսանում են կալցիումի ստացման բուսական աղբյուր: Կալցիումով հարստացված այլ մթերքները, օրինակ՝ հյութերը, շիլաները, սոյայի կաթը, այլընտրանքային տարբերակներ են:

ՎԻՏԱՄԻՆ D

Այս վիտամինը կարևոր դեր է խաղում ոսկրային առողջության, իմունային համակարգի գործունեության և բորբոքային պրոցեսների հարցում: Այն ավելացվում է կաթի, որոշ սոյայի և բրնձի կաթի, մարգարինների և պատրաստի շիլաների մեջ: Եթե առօրյա սննդի մեջ քիչ է վիտամին D-ի պարունակությունը և դուք նաև քիչ եք լինում արևի տակ, ուրեմն դուք հավելյալ վիտամին D-ի կարիք ունեք:

ՎԻՏԱՄԻՆ B-12

Այն նպաստում է արյան կարմիր գնդիկների արտադրմանը և կանխում անեմիան: Ցանկացած դիետա պահպանելու ժամանակ կարևոր է ընդգրկել ձու և կաթնամթերք Ձեր ճաշացանկում, այլապես հարկ կլինի վիտամինային հավելումներ ընդունել:

ՍՊԻՏԱԿՈՒՑ

Սպիտակուցներն առողջ մաշկի, ոսկրերի, մկանների և օրգանների գրավականն են: Ձուն ու կաթնամթերքը սպիտակուցների ստացման լավ աղբյուր են, սակայն բավարար սպիտակուց կարելի է ստանալ նաև բուսական սննդամթերքից՝ օգտագործելով դրանք օրվա ընթացքում մեծ և բազմազան քանակությամբ, օրինակ՝ կարող եք ուտել ընդեղեն, ձավարեղեն, սերմեր, ոսպ և այլն:

ՕՄԵԳԱ 3 ՃԱՐՊԱՅԻՆ ԹԹՈՒՆԵՐ

Ձուկն ու ձուն օմեգա-3-ի ստացման իդեալական աղբյուր են և նպաստում են սրտի առողջությանը: Կարող եք փոխարինել բուսական ծագում ունեցող օմեգա-3-ով, որը պարունակվում է սոյայի յուղի, ընկույզի, կտավատի մեջ: Եթե նախընտրում եք օգտագործել միայն բուսական ծագման օմեգա-3, ապա դիտարկեք հավելյալ օմեգա-3 ընդունելու հավանականությունը, քանի որ օրգանիզմը ոչ միշտ է լիարժեք կերպով յուրացնում այս սննդանյութի բուսական ծագում ունեցող տարբերակը:

ԵՐԿԱԹ

Երկաթն արյան կարմիր բջիջների կարևորագույն բաղադրիչն է: Չորացրած լոբին, ոլոռը, ոսպը, ամբողջական հացահատիկը, մուգ կանաչ բանջարեղենը, չորացրած մրգերը պարունակում են զգալի քանակությամբ երկաթ: Քանի որ բուսական ծագման երկաթը հեշտ չի յուրացվում, բուսակերների համար այս սննդամթերքների ընդունումը ցանկալի է լինի կրկնակի անգամ շատ, քան ոչ բուսակերների դեպքում:

ՑԻՆԿ

Ցինկը շատ ֆերմենտների էական բաղադրիչ է և դեր է խաղում բջիջների բաժանման ու սպիտակուցների ձեւավորման մեջ: Ինչպես և երկաթը, այն նույնպես բուսական սննդամթերքից այնքան հեշտ չի ներծծվում, որքան կենդանական ծագման սննդից: Եթե օգտագործում եք կաթնամթերք, ապա պանիրը կարող է հրաշալի տարբերակ լինել, այլապես նախապատվություն տվեք ձավարեղենին, սոյա պարունակող մթերքներին, ընդեղենին և ցորենին:

ՅՈԴ

Յոդը վահանաձև գեղձի հորմոնների բաղադրիչ է, որը կանոնավորում է նյութափոխանակությունը, հիմնական օրգանների աճն ու աշխատանքը: Դիետաները, որոնք հիմնված են բուսակերության վրա, կարող են հանգեցնել յոդի քանակի իջեցման: Այնուամենայնիվ, թեյի գդալի ընդամենը 1/4ը-ի չափով յոդացված աղի օգտագործումը յոդի մատակարարման բավարար քանակ է:

Անկախ այն բանից, դուք բուսակեր եք, թե ոչ, միշտ կարելի է սնվել համեղ և առողջարար:

Նյութի աղբյուրը՝ http://astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook