Friday, March 29, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներԳեղեցկություն և խնամք

Առօրյայում և կենցաղում շատ են սխալները. Մաշկաբան-կոսմետոլոգի խորհուրդները՝ այս սեզոնին մաշկը խնամելու համար

Յուրաքանչյուր սեզոնի մաշկը պահանջում է հատուկ խնամք, որոնք էլ ունեն իրենց առանձնահատկությունները: Խոսելով այս սեզոնին հատուկ խնամքի կանոններից՝ բժիշկը նշեց. «Ամռանն օդի բարձր ջերմաստիճանն ու ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթները բացասական են անդրադառնում օրգանիզմի եւ մաշկի վրա՝ բերելով ջրազրկման, քրտնարտադության եւ ճարպարտադրության ակտիվացման, մաշկի ծակոտկիների լայնացման, խցանման, մաշկի հիպերպիգմենտացիայի եւ արեւային այրոցների:

Մաշկի խնամքի եւ օրգանիզմի համար կարեւոր որոշակի երեւույթների վրա ուշադրություն դարձնելով՝ կարելի է խուսափել նման բացասական երեւույթներից»: Մաշկի ճիշտ խնամքի մասին Անի Սիսակյանն առանձնաբար խոսեց.

Մաշկի խնամքի կարեւոր կետերից են.

Դեմքի մաքրումը, այն պետք է լվանալ դեմքի լվացման համար նախատեսված հատուկ միջոցներով, որոնք ընտրում են՝ կախված մաշկի տեսակից (ճարպոտ, չոր եւ զգայուն): Դեմքը պետք է լվանալ օրը երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան՝ վերջնական տուն վերադառնալուց հետո, ընդ որում՝ նախապես ձեռքերը հարկավոր է լավ լվանալ: Ամռանն ընտրում են թեթեւ լվացվող միջոցներ. ճարպոտ մաշկի համար նախատեսված գելերը կարելի է փոխարինել համապատասխան մուսերով կամ փրփուրներով: Չոր եւ տարիքային մաշկի համար կարելի է օգտագործել էմուլսիա: Լվանալուց հետո բավական է անձեռոցիկը մակերեսորեն դեմքին հպել (սրբիչի օգտագործումը ցանկալի չէ): Հարկավոր է օգտագործել խոնավեցնող կրեմներ կամ շիճուկներ օրը երկու անգամ: Եթե մաշկը ճարպոտ է, կարելի է միայն երեկոյան այն օգտագործել: Խոնավեցնող միջոցների պարունակության մեջ պետք է լինի վիտամին C եւ E: Պարտադիր է տանից դուրս գալուց կես ժամ առաջ քսել արեւապաշտպան քսուկ: Իսկ եթե գնում եք ծովափ կամ երկար ժամանակ պետք է ենթարկվեք արեւի ճառագայթների ազդեցությանը, ապա պետք է ընտրել արեւապաշտպան քսուկ SPF 50-ով, եթե ոչ՝ բավական է SPF-30-ով քսուկը: Ամռանը ցանկալի չէ օգտագործել սնուցող կրեմներ: Դրանք կարելի է փոխարինել դիմակներով, իսկ կիրառվող տոնիկները սպիրտ չպետք է պարունակեն: Զգայուն մաշկ ունեցող մարդիկ, որոնք հակում ունեն կուպերոզի, բացի խոնավեցնող եւ արեւապաշտպան միջոցներից, պետք է օգտագործեն նաեւ անոթի պատերն ամրացնող, կարմրությունը նվազեցնող միջոցներ: Ամռանն ընտրված խնամքի միջոցների պարունակության մեջ չպետք է լինի ռետինոլ, այն բարձրացնում է զգայունությունը արեւի ճառագայթների հանդեպ: Այս սեզոնին դեկորատիվ կոսմետիկայից կարելի է օգտագործել թեթեւ դիմափոշի՝ ճարպոտ մաշկի դեպքում: Ցանկալի չէ կիրառել տոնային կրեմ: Շրթներկը պետք է ընտրել SPF գործոնով, քանի որ շուրթերը նույնպես ենթարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը եւ այն եւս հարկավոր է պաշտպանել»: Անդրադառնալով մաշկի խնամքի հետ կապված առօրյայում թույլ տված ամենամեծ սխալներին՝ կոսմետոլոգը նկատեց. «Առօրյայում եւ կենցաղում շատ են սխալները, որոնք հետեւանք են չիմացության եւ բացթողումների: Պետք է հիշել՝ դեմքին հակացուցված է որեւիցե սպիրտային լուծույթ օգտագործել թե կոսմետիկ, թե բուժիչ նպատակով: Ինչպես նաեւ հակացուցված է դեմքի ամենօրյա լվանալը սովորական կամ մանկական օճառով»: Բժիշկը խորհուրդ տվեց, որ կենցաղային պարագաներ ընտրելիս (սպասք լվացող հեղուկ, շամպույն, մարմնի եւ ձեռքերի հեղուկ օճառ) ուշադրություն դարձնել պարունակության կոմպոնենտներին: «Շատ ագրեսիվ կոմպոնենտներ կան, բայց եթե պարունակության մեջ առկա է Sodium Lauryl Sulfate, այլ ոչ թե Sodium Laureth Sulfate, ապա դա չպետք է գնել՝ անկախ ֆիրմային անվանումից: Դա հզոր քայքայիչ ազդեցություն ունի մաշկի վրա եւ ժամանակի ընթացքում կարող է առաջացնել ալերգիկ երեւույթներ կամ էկզեմա»,- ընդգծեց նա:

Ի դեպ՝ ամռանը 20 րոպեից ավելի եւ շատ տաք ջրով լողանալ խորհուրդ չի տրվում: «Ամռանը սխալ է արեւային ակնոցներ չկիրառելը, քանի որ աչքերի խնամքի միջոցները չեն պարունակում արեւապաշտպան SPF գործոն եւ պետք է մեծ մակերես ունեցող ակնոցով պաշտպանել աչքերը: Հատկապես ծովափում պետք է կրել ամառային գլխարկներ (Шляпа)»,- նշեց բժիշկը:

Մաշկաբան-կոսմետոլոգը կարեւորեց. «Անկախ սեզոնից եւ հետեւողական ճիշտ խնամքից՝ մաշկի վրա իր բացասական ազդեցությունը կարող է թողնել ոչ կայուն նյարդային համակարգը, ոչ լիարժեք քունը, D վիտամինի դեֆիցիտը եւ այլ օրգան-համակարգերի հետ կապված խնդիրները: Հատկապես ամռանը կարեւոր է նաեւ առատ հեղուկների օգտագործումը եւ թեթեւ, բայց բալանսավորված սննդային ռացիոնի կիրառումը»: Զրույցի վերջում Անի Սիսակյանը նշեց. «Մաշկի խնամքի հետ կապված սխալները կարող են հանգեցնել մաշկի պաշտպանական ֆունկցիայի ընկճմանը, մաշկի չորությանը, ջրազրկմանը, ալերգիկ երեւույթների, էկզեմայի եւ այլն»:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook