Friday, March 29, 2024
Նորություններ

Աստանայում Թորոսյանը խոսել է առաջնային բուժօգնության խնդիրների ու դրանց լուծումների մասին

ՀՀ կառավարությունը եկող տարի կավելացնի ընդհանուր առողջապահական բյուջեն, ներառյալ` ԱԱՊ-ին ուղղվող ֆինանսավորումը:  Նախատեսվում է 2018թ. համեմատ ԱԱՊ-ին բյուջետային հատկացումների աճ 27 տոկոսով: Հատուկ ուշադրություն կդարձվի առողջապահական աշխատուժի զարգացմանը, վերապատրաստմանը և պահպանմանը հատկապես առողջության առաջնային պահպանման ոլորտում: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը` Աստանայում կայացած առաջնային բուժօգնության երկրորդ միջազգային համաժողովին:

«Մենք նպատակադրված ենք ժամանակակից տեխնոլոգիաները ներդնել առողջության պահպանման առաջնային օղակում, նաև էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության մեջ: Մենք նաև առաջնահերթ ենք համարում առողջապահական աշխատուժի ռեգիստրի ներդրումը և իրականացումը` ունենալու համապարփակ տվյալներ առողջապահական աշխատուժի բաշխման և այլ հանգամանքների վերաբերյալ»,-շեշտել է նախարարի պաշտոնակատարը:

Թորոսյանի դիտարկմամբ` ներկա մոտեցումների վերանայումը կարող է խթանել համակարգի  պրոակտիվությունը և ուղղվել բնակչության առողջապահական մարտահրավերների լուծմանը: Համապատասխանաբար, 2010-ից ի վեր Հայաստանում ԱԱՊ ոլորտի համար կիրառվում է կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մոդելը, ինչը թույլ է տալիս աշխատողներին լրացուցիչ ֆինանսավորում ստանալ հատուկ ցուցանիշերի թիրախներին հասնելու դեպքում, ինչը կբարելավի ամենատարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, կնվազեցնի անհարկի հոսպիտալացումների մակարդակը և կբարձրացնի ԱԱՊ բուժաշխատողների և հիվանդների միջև շփումների քանակը և որակը :

«Հիմնական խոչընդոտներից մեկը, որին բախվում ենք, այն է, որ առողջության առաջնային պահպանման ծառայություններն, ապագա կարիքներին համապատասխան, պետք է կարողանան ապահովել նաև քրոնիկ հիվանդությունների արդյունավետ կառավարումը: Անհրաժեշտ է առավել լայն մոտեցում մշակել ԱԱՊ-ի համար, որն ընդգրկի առողջապահական ծառայությունների ավելի լայն շրջանակ, ինչը կարող է արդյունավետ կերպով ապահովվել համայնքային մակարդակում` հիվանդանոցների պատերից դուրս: ԱԱՊ-ի ռազմավարությունը պետք է կենտրոնանա ոչ միայն ընտանեկան բժիշկների հիմնական թիմի վրա: ԱԱՊ ծառայությունները պետք է լինեն մատչելի, արդար, որակյալ, համապարփակ, պացիենտակենտրոն, արդյունավետ, ընդունելի, հասանելի, շարունակական և ինտեգրացված ծառայություններով` անհատի ողջ կյանքի ընթացքում»,-նշվել է ելույթում:

Ամփոփ ներկայացնելով առողջության առաջնային պահպանման ոլորտում վերջին տարիներին կատարված աշխատանքներին ու փոփոխությունները` Թորոսյանը մանրամասնել է, որ վերապատրաստվել է 1676 ընտանեկան բժիշկ և 1804 ընտանեկան բուժքույր, և այժմ երկրի քաղաքային բնակչության մոտ 85%-ին և գյուղական բնակչության գրեթե 100%-ին մատուցվում են ԱԱՊ ծառայություններ վերապատրաստված ընտանեկան բժիշկների և բուժքույրերի կողմից:

Ներդրվել է Երևանից մարզեր մասնագետների ուղեգրումը խրախուսող նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիրը, որի շրջանակներում պետպատվերով ուսման վարձի փոխհատուցման ճանապարհով կրթում և վերապատրաստում ենք  մասնագետների, ովքեր  մասնագիտանալուց հետո կաշխատեն մարզերում նաև որպես ընտանեկան բժիշկներ:

Այս տարիների ընթացքում 173 գյուղական ամբուլատորիա է վերանորոգվել կամ կառուցվել և ապահովվել բժշկական սարքավորումներով, գույքով ու պարագաներով: Այժմ գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման բարձրորակ ծառայությունները մատչելի են դարձել ավելի քան 630 հազար մարդու համար: 2006 թվականից ի վեր ավելացել են անվճար պոլիկլինիկական ծառայությունները,  պետական պատվերի շրջանակում վերացել կամ զգալիորեն կրճատվել են ոչ պաշտոնական վճարումները: Գրանցվել է ԱԱՊ այցելությունների աճ:

«Մեր կարևորագույն բարեփոխումները, համաձայն Կայուն զարգացման նպատակների 3 կետի, կհանգեցնեն համընդհանուր առողջապահական ծածկույթի և մատչելի, բարձրորակ, արդյունավետ և կանխարգելիչ առողջության առաջնային պահպանման ապահովմանը»,-ընդգծել է Թորոսյանը:
Արսեն Թորոսյանի ելույթն ամբողջությամբ` այստեղ:

 

 

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook