Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Աստղիկ բժշկական կենտրոնում հեռացվել է 31 կգ քաշով հետորովայնամզային գիգանտ ուռուցք

Հետորովայնամզային արտաօրգանային ուռուցքները կլինիկական պրակտիկայում հանդիպում են ոչ շատ հաճախ։ Ախտորոշիչ հնարավորությունների մեծացման հետ զուգահեռ ավելանում են հետորովայնամզային արտաօրգանային ուռուցքների հայտնաբերման հավանականությունը։  ՈՒռուցքի ռադիկալ հեռացում հաջողվում է միայն 56-60% դեպքերում, ընդ որում ռեցիդիվ դիտվում է 30-45% հիվանդների մոտ։

Հետորովայնամզային դասավորությամբ արտաօրգանային ուռուցքները ունեն մեզոդերմալ,  նեյրոգեն և էմբրիոգեն ծագում, ունենում են ինչպես բարորակ (մոտ 35%), այնպես էլ չարորակ բնույթ։ Բնորոշ է երկարատև առանց էական նշանների ընթացք, որոնք ի հայտ են գալիս առավելապես չափսերի մեծացման հետ զուգահեռ, ինչպիսիք են դիսպեպտիկ երևույթներ, միզարձակման խանգարումներ, հևոց, ստորին վերջույթների այտուց և այլն։ Չարորակ բնույթի պարագայում ուշ փուլերում ի հայտ են գալիս նաև ուռուցքային ինտոքսիկացիայի երևույթներ։

Հետորովայնամզային արտաօրգանային ուռուցքները բնութագրվում են երկարատև առանց սիմպտոմների ընթացքով՝ հասնելով գիգանտ չափսերի։ Նրանց սիմպտոմատիկան արտահայտվում է ավելի շուտ՝ պայմանավորված ոչ թե ուռուցքային պրոցեսով, այլ հարևան օրգանների և անատոմիական կառուցվածքների պրոցեսի մեջ ընդգրկումով և չափսերի հետ կապված նրանց սեղմվածությամբ:

Աստղիկ ԲԿ Վիրաբուժական բաժանմունք էր դիմել 61 տարեկան տղամարդ՝ վերջին ժամանակահատվածում որովայնի չափսերի մեծացման և շնչառության դժվարացման պատճառով։ Պացիենտի մոտ հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց հետորովայնամզային արտաօրգանային գիգանտ գոյացություն աջ երիկամի ընդգրկումով։

Կատարվել է հետորովայնամզային արտաօրգանային գիգանտ գոյացություն հեռացում: Վիրահատությունն իրականացվել է բ.գ.դ., պրոֆեսոր Հ.Ա. Բարսեղյանի գլխավորությամբ: Վիրաբուժական թիմ. Վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոց. Ա.Ա. Ոսկանյան, բ.գ.թ. Հ.Վ. Հարությունյան, Լ.Ա. Միքայելյան, անեսթեզիոլոգ՝ Հ. Յու. Դաղունց, օպերքույր՝ Անի Մելքոնյան: Վիրահատությունը տևել է 5 ժամ: Տվյալ գոյացությանը բնութագրական էին մեծ չափսերը, համատեղ պինդ և փափուկ կոնսիստենցիան, այն կշռում էր 31 կգ, 82 սմ երկարությամբ:

Պաթոհիստոլոգիական հետազոտության արդյունքում վերջնական ախտորոշվել է հետորովայնամզային գիգանտ  ֆիբրոմիքսոիդ սարկոմա: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, և հիվանդը դուրս է գրվել լավացումով:

Ներկայիս նորագույն տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս հետորովայնամզային արտաօրգանային ուռուցքները հայտնաբերել ավելի վաղ շրջանում: Հիմնական բուժման մեթոդը դա վիրահատությունն է, քանի որ այս ուռուցքները գրեթե չունեն զգայնություն ճառագայթաբուժության և քիմիոթերապիայի հանդեպ։ Ռեցիդիվների դեպքում կատարվում է կրկնակի վիրահատական միջամտություն, որոնց արդյունքում 5 ամյա ապրելունակությունը բարձրանում է մինչև 50%:

Այս ծավալի վիրահատական միջամտությունները պետք է կատարվեն բազմապրոֆիլ, սարքավորումներով հագեցած, բարձր որակավորում ունեցող անձնակազմով բժշկական կենտրոններում:

Նյութի աղբյուրը՝ med.news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook