Wednesday, April 24, 2024
ՀայտարարություններՆորություններԺամանցSEO

Աստված խոսում է հայերեն

Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնն է

 «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»․Այս տողերը հայտնի են մեզ՝ հայերիս դեռևս մեր մանուկ հասակից, երբ նոր-նոր ենք գրաճանաչ դառնում։

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է սրբացված այն անձանց տոնը, ովքեր դարձան գլխավոր նախաձեռնողը մեր ինքնության գլխավոր վկաներից մեկի՝ հայոց այբուբենի ստեղծման։

 Սակայն այս ամենը չէր կատարվում նպաստավոր ու հարմար պայմաններում։ Սուրբ Սահակ Պարթև Հայրապետն ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցն անցան մի շարք դժվարությունների և փորձությունների միջով։ Սակայն նրանց նպատակն արդար էր, և որ կարևորն է՝ նրան գործն՝ աստվածահաճո։

Ինչպես գիտենք, 301 թվականից մինչև 5-րդ դար Հայ Եկեղեցին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել:

Վանքերում և եկեղեցիներում կանոնավոր արարողություններ էին կատարվում, ընթերցվում էր Աստվածաշունչը, սակայն ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր այդ ամենը, քանի որ հայերեն գրերի բացակայության պայմաններում եկեղեցական լեզուն ասորերենն էր կամ հունարենը: Ուստի և Աստծու խոսքը շատերի սրտերին չէր հասնում:

 Այս պայմաններում էր, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստանձնեց հայոց գրերի ստեղծման սուրբ գործը, որն իրականանում էր Սորբ Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ ու աջակցությամբ։

 Գրերի ստեղծման պատմության մեջ տեսնում ենք, թե ինչպես Սուրբ Մաշտոցը, ոչ այն է երազով՝ քնի մեջ, ոչ այն է տեսիլքով՝ արթմնի, տեսավ, թե ինչպես մի ձեռք տառեր է գրում ու տառերը պահպանում են իրենց ձևը, ինչպես ձյան վրա: Աղոթքից վեր կենալով, Մաշտոց վարդապետը գրի առավ մեր նշագրերը: 

 Անցել են դարեր այս օրից, սակայն հայ գրերը մինչ այսօր որևէ փոփոխության չեն ենթարկվել, քանի որ դրանցում առկա է աստվածային կնիքը։ Դրանք կատարյալ են, ինչպես Աստծո ձեռքով ստեղծված ամեն ինչ։

 Այս մեծագույն իրադարձությամբ՝ գրերի ստեղծմամբ էլ սկսվեց  մի ժամանակաշրջան, որ այժմ անվանում ենք Ոսկեդար։ Գրերի ստեղծումից անմիջապես հետո սկսվեց Աստվածաշնչի թարգմանությունը՝ հայ եկեղեցու հայացման գործընթացը։

 30 տարի շարունակ սուրբ թարգմանիչները թարգմանում էին Սուրբ Գիրքը՝ էլ ավելի կատարյալ դարձնելով։ 

 Աստված խոսում էր հայերեն: Սուրբ Սահակ Պարթևն ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին ու Հովսեփ Պաղունացին, Կորյունը, Ղևոնդ Վանանդեցին և մյուսներն իրենց հոգու ամբողջ ջերմությունը ներդրեցին, իրենց հոգին նվիրեցին Աստվածաշնչի թարգմանության սրբազան գործին: Նրանց անկրկնելի թարգմանության շնորհիվ Աստվածաշնչի հայերեն օրինակը բոլոր ազգերի կողմից համարվեց թարգմանությունների թագուհի:

 Սկսեցին բացվել դպրոցներ ու կրթօջախներ, սկիզբ դրվեց հայ դպրությանը: 

 Այսօր՝ սուրբ թարգմաինչների հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է մեզ համար արժևորելու մեր ստացած դարավոր ժառանգությունը։ Արդյո՞ք գնահատում ենք այն, ինչ փոխանցվել է սերնդեսերունդ։ Արդյո՞ք գիտակցում ենք դրա արժեքը և արդյո՞ք այսօր մենք էլ՝ որպես հայ և որպես քրիստոնյա կրողն ենք այս ժառանգության։

 Խորհե՛նք այս մասին և ինքներս մեզ տանք մի հարց՝ ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր սերունդներին։

 /qahana.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook