Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ավշային համակարգի հիվանդություններ

Ավշային համակարգ, ավշային անոթների և հանգույցների ամբողջություն, որով տեղի է ունենում ավշի շրջանառությունն օրգանիզմում։ Կազմված է ավշային մազանոթներից, որոնք առաջացնում են ավշային անոթների (դրանց հյուսակների, ավշային հանգույցների, ցողունների և ծորանների) ավշամազանոթային ցանց։ Ավշային համակարգն ապահովում է օրգանիզմի հեղուկաքաշման (դրենաժ), արյունաստեղծման, պաշտպանական և այլ ֆունկցիաներ ու մտնում է սիրտանոթային համակարգի կազմի մեջ։

Ավշային համակարգի հիվանդությունները լինում են բնածին և ձեռքբերովի։ Բնածին հիվանդությունների (հազվադեպ են հանդիպում) դեպքում մարմնի որևէ մասի կամ օրգանի ավշային անոթները լրիվ բացակայում են կամ շատ քիչ են։ Նկատվում են անատոմիական և ֆունկցիոնալ զգալի խանգարումներ, որոնք արդեն երիտասարդ տարիքում հանգեցնում են աշխատունակության կորստի։ Ավշային անոթների զարգացման արատները հայտնաբերվում են պատահաբար, կամ երբ առաջանում է սկզբում չափավոր կամ սահմանափակ այտուց, որը հետագայում դառնում է ավելի արտահայտված։ Ավշի արտահոսքի տևական դժվարացումը հանգեցնում է ավշականգի և փղախտի։

Ավշականգ և փղախտ

Ավշականգի և ձեռքբերովի (2-րդային) փղախտի պատճառ կարող են լինել ոչ միայն զարգացման արատները, այլև ձեռքբերովի հիվանդությունները՝ բորբոքումը (մասնավորապես կարմիր քամուն բնորոշ), ուռուցքները, սնուցողական խոցերը, երակների հանգուցավոր լայնացումը և այլն։ Ձեռքբերովի փղախտը կանխելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել նշված հիվանդությունները։

Ավշային հանգույցների բորբոքում

Ավշային հանգույցների և ավշային անոթների պատի բորբոքումները (ավշաանոթաբորբ) կարող են առաջանալ օրգանիզմում բորբոքային, այդ թվում՝ թարախային օջախի (թարախակույտ, ֆլեգմոն, տուբերկուլոզ) առկայության դեպքում։ Ավշաանոթաբորբի ախտանշան է մաշկի վրա կարմիր զոլերի առաջացումը, որոնք համապատասխանում են մաշկի ավշային անոթների (ավշային հանգույցներ գնացող) դասավորությանը։

Ավշային անոթների վնասվածքներ

 Երբեմն լինում են կրծքի և որովայնի խոռոչների խոշոր ավշային ծորանների վնասվածքներ, որոնք առաջանում են կրծքավանդակի փակ (ողերի, կողերի, անրակի կոտրվածքներ) կամ բաց (հրազենով կամ դանակով կրծքի, որովայնի, պարանոցի վիրավորումներ) վնասվածքների հետևանքով։ Ավշային ծորանների վնասվածքի դեպքում ավիշն արտահոսում է վերքից, և հիվանդը կորցնում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, աղեր, վիտամիններ ու կենսականորեն անհրաժեշտ այլ նյութեր։ ժամանակին բուժում (միայն վիրահատական) չստանալու դեպքում հիվանդը կարող է մահանալ առաջադիմող հյուծումից (չնայած բավարար սնվելուն)։ Ավշային համակարգի այլ հիվանդությունների բուժումը պայմանավորված է դրանց բնույթով։ Որոշ դեպքերում (բժշկի ցուցումով) ավշային անոթների վրա կատարվում են միկրովիրահատություններ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook