Ատամների խնամքը հղիության ընթացքում
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել առողջությանը, քանի որ հղիության ժամանակ ձեռք բերված խնդիրները կարող են բացասաբար ազդել երեխայի առողջության վրա:
Խորհուրդ է տրվում ստուգել առողջական վիճակը նախքան հղիանալը և հատկապես ուշադրություն դարձնել ատամներին և բերանի խոռոչին: Անգամ եթե ատամների հետ կապված խնդիրներ չեք ունեցել, այնուամենայնիվ հղիության առաջին շաբաթների ընթացքում անպայման պետք է այցելել ատամնաբույժին:
Բերանի խոռոչում բազմացող մանրէները լուրջ սպառնալիք են կնոջ օրգանիզմի համար: Բացի այդ, զարգացող պտուղը սկսում է մոր օրգանիզմից վերցնել կալցիումի պաշարները, ինչն էլ հանգեցնում է կարիեսի առաջացման: Կինն իր և փոքրիկի առողջությունը մեծ վտանգի տակ է դնում, եթե համապատասխան միջոցներ չի ձեռնարկում ատամները բուժելու համար: Նախ և առաջ անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի հիգիենային՝ օրը երկու անգամ մաքրել ատամները, կատարել բերանի ողողումներ, հատուկ փայտիկների միջոցով հեռացնել կերակրի մնացորդները ատամների վրայից:
Ի դեպ, հղիության ընթացքում պետք է հրաժարվել ատամները սպիտակեցնելու մտքից:
Նյութի աղբյուր՝ hospitals.am