Saturday, April 20, 2024
Նորություններ

«Արդեն ժամանակն է»․ միջոցառում Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում

Առողջապահության նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի (ՏԱԿ) նախաձեռնությամբ՝ Հյուսիսային պողոտայում այսօր կայացել է միջոցառում՝ նվիրված Տուբերկուլոզի (ՏԲ) դեմ պայքարի համաշխարհային օրվան:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի (ՏԱԿ) տնօրեն Լուսինե Քոչարյանը, ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը ներկայացրել են  տուբերկուլոզի (ՏԲ) հայտնաբերման և բուժման կարևորությունը, Հայաստանում ՏԲ-ի դեմ պայքարում գրանցված հաջողությունները և մարտահրավերները, ինչպես նաև վերջին շրջանում մեր երկրում իրականացված հետազոտություններն ու արդյունքները:
Փոխնախարարը նշել է, որ այս տարի միջոցառումներն ընթանում են «Արդեն ժամանակն է» կարգախոսով, ինչը շեշտադրում է տուբերկուլոզի համաճարակը կանգնեցնելու գործում արագ գործելու կարևորությունը:
«2000 թվականից ի վեր, համատեղ գործադրված ջանքերի շնորհիվ, հաջողվել է աշխարհում փրկել 54 մլն կյանք և նվազեցնել տուբերկուլոզից մահացությունը 42%-ով», – ընդգծել է Լենա Նանուշյանը:
«Մեզ հաջողվել է տուբերկուլոզի դեմ պայքարում ներդնել ԱՀԿ կողմից առաջարկվող հիվանդակենտրոն մոտեցում, 2007 թվականի համեմատ ավելին քան 2 անգամ նվազեցնել հիվանդացությունը և 3 անգամ նվազեցնել մահացության ցուցանիշը: Տուբերկուլոզի ոլորտի ֆինանսավորման մեխանիզմի փոփոխության շնորհիվ հնարավոր է դարձել նաև խնայել առավել թանկարժեք համարվող ստացիոնար բուժմանն ուղղված ծախսերը և դրանք ուղղել հիվանդի համար առավել հասանելի համարվող առաջնային օղակ», – ներկայացրել է ՏԱԿ տնօրեն Լուսինե Քոչարյանը, հավելելով, որ տուբերկուլոզի դեմ պայքարում միշտ պետք է հիշել, թե որքան կարևոր է յուրաքանչյուրի իրազեկ լինելը ժամանակին հիվանդությունը կանխելու և բուժման ընթացքում հետևողական լինելու համար:
Միջոցառման ժամանակ Երևանի բնակիչները հնարավորություն են ունեցել անվճար  հետազոտվելու տուբերկուլոզի նկատմամբ՝ շարժական ֆլուորոգրաֆիկ սարքի միջոցով։ Առաջիկա շաբաթվա ընթացքում շարժական սարքի միջոցով  հետազոտություններ կիրականացվեն է նաև մարզերում։
Հիշեցնենք, որ Հայաստանում տուբերկուլոզային ծառայությունը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook