Saturday, April 20, 2024
Նորություններ

Արտաշատում բացվել է տեսչական մարմնի տարածքային կենտրոնը

«Բոլորիդ շնորհավորում եմ կենտրոնի բացման կապակցությամբ։ Նոր, գեղեցիկ այս շենքում ակնկալում ենք, որ նոր մտածողություն և նոր մոտեցումներ կլինեն։ Հույս ունեմ, որ աշխատակիցները վեր կկանգնեն շարքային ստուգողի գաղափարախոսությունից»,- Առողջապահական տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներին ասել է Լևոն Ալթունյանը։ Նախարարը հավելել է, որ տեսչական մարմնի  գործունեության արդյունավետությունը չափվելու է չկրկնվող  թերությունների քանակով,   և ոչ թե գանձված տուգանքների չափով:

Լևոն Ալթունյանը շրջել է Առողջապահական տեսչական մարմնի նորաբաց հարմարավետ Հարավային տարածքային կենտրոնում: տարածքում: Կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ նա ծանոթացել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեության ոլորտներով։

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների մարմնի ղեկավար Հայկ Այվազյանը նշել է, որ  մշակված ռազմավարությունն արդեն իսկ նոր մոտեցումներ է պարտադրում և գործունեության բավական բարձր նշաձող է վերցված։ Թիմը տեսականորեն  պատրաստ է, տեխնիկապես ևս ապահովված է։

«Շուտով ուղղահայաց կապերը կվերածվեն հորիզոնականի։ Դա նշանակում է, որ կենտրոնական տեսչական մարմնի վարչությունների պետերն ուղղակիորեն կաշխատեն ձեզ հետ։ Դուք հիմնականում առաջնորդվելու եք այդ մասնագետների  կողմից ներկայացված մեթոդաբանությամբ ու պլաններով։ Ինքներդ էլ ցանկացած հարցով կարող եք ուղղակիորեն դիմել նրանց։ Իսկ վարչարարական ու կարգապահական հարցերի և անհրաժեշտ պայմանների ապահովումը կստանձնի  տարածքային կենտրոնի ղեկավարը»,-ասել է նախարարը։

Կարևորելով տեսչական մարմինների գործառույթները` այժմ  բարձրավում է նրանց կարգավիճակը։  Այս պահին Ազգային ժողովում է գտնվում գործող 14 օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների փաթեթը։  Այդ փոփոխությունները առողջապահական տեսչական մարմնին անկաշկանդ և լիարժեք գործունեություն ծավալելու հնարավորություն կտան։

Նախարարությունները կանոնակարգում են հիվանդ-բժիշկ  փոխհարաբերությունները, բժշկական ծառայությունների մատուցման, դեղերի արտադրության և շրջանառության,  հիգիենիկ և հակահամաճարակային նորմերը, սահմանում աշխատատեղերում աշխատողների առողջության և անվտանգության ապահովման պահանջները, իսկ տեսչական մարմինը` վերահսկում դրանց ապահովումը։

«Ձեր աշխատանքի արդյունքում բնակչությունը պետք է բավարարված լինի բոլոր այս ոլորտների գործունեությունից»,-պատգամել է նախարար Լևոն Ալթունյանը։

Նշենք, որ 2017 թվականի ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ ձևավորված առողջապահական տեսչական մարմինն իր գործունեությունը ծավալում է   կառուցվածքային 9 ստորաբաժանումների, տարածքային 5 կենտրոնների և սահմանային բժշկա-սանիտարական 7 հսկիչ կետերի միջոցով:

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook