Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Արտարգանդային հղիություն

Հղիությունը կնոջ վերարտադրողական գործառույթի գագաթնակետն է:

Առողջ ու անվտանգ հղիությունը ամուսնական զույգի ձեռքբերումն է, քանի որ հակառակ պարագայում, երբ հղիությունը որևէ կերպ վտանգված է կամ ռիսկային, պատասխանատվություն ունեն երկուսն էլ:

Չբուժված կամ ոչ լիարժեք բուժված սեռավարակներ, բորոքային համակարգային հիվանդություններ, գենետիկ նախատրամադրվածություն, բնապահպանական աղետներ, անառողջ սնունդ: Հազար ու մի պատճառ կա անառողջ հղիության կամ վերարտադրողական ֆունկցիայի իսպառ բացակայության համար: Սա 21-րդ դարն է՝ մարդկության նկատմամբ իր գերհզոր մարտահրավերներով:

Տարատեսակ վիճակագրական տվյալների համաձայն վերարտադրողական առողջությանն առնչվող խնդիրներն օր օրի աճ են արձանագրում:

Բավական հաճախ են հանդիպում արդեն բեղմնավորումից հետո հղիության կրման հետ կապված խնդիրները:

Արտարգանդային հղիությունը բավական հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է:

Տարբերակվում է արտարգանդային հղիության մի քանի տարատեսակ՝ կախված դրա տեղակայումից:

Մասնագետները չեն կարողանում հստակ նշել, թե ինչ պատճառով է բեղմնավորված պտղաձուն տեղակայվում ոչ թե արգանդի պատին, այլ դրանից դուրս: Սակայն մի քանի հիմնական պատճառներ: Ամենահաճախ հանդիպողներից են հորմոնալ տարատեսակ խանգարումները, չբուժված վարակային հիվանդությունները:

Արտարգանդային հղիության նախանշանները բնորոշ չեն: Դրանք կարող են լինել նաև այլ պաթոլոգիկ վիճակների արտահայտություն: Դա է պատճառը, որ բավական հաճախ կանայք այլ գանգատներով են բժշկի դիմում, իսկ արդյունքում պարզվում է արտարգանդային հղիության փաստը:

Արյունային արտադրությունը, որովայնի ստորին հատվածի տևական ու անբնական ծակոցները:

Կարևոր է փաստել, որ արտարգանդային հղիությունն ընթանում է սովորական հղիությանը բնորոշ նշաններով՝ դաշտանադադար, կրծքագեղձերիմեծացում, սրտխառնոցներ, հոտերի սուր զգացողություն և տհաճություն, հոգեբանական տարբերություններ:

Մասնագետների խոսքով անհնար է անտեսել արտարգանդային հղիության փաստը: Սա այն դեպքը չէ, երբ հնարավոր է դիմանալ ցավային համախտանիշին ու պարզապես բժշկի չայցելել: Կնոջ ինքնազգացողության վատթարացումը միայն համապատասխան հետազոտություններից հետո է պատճառաբանվում արտարգանդային հղիության փաստով:

Արտարգանդային հղիության փաստը հաստատվում է ուլտրաձայնային հետազոտությամբ: Որոշվում է տեղակայումն ու զարգացման աստիճանը: Այն դեպքում, երբ հղիության ժամկետները վաղ են, սակայն արյան քննությունն ու թեստերը հաստատում են հղիությունը, և դեռևս չի ֆիքսվում ուլտրաձայնային հետազոտությամբ, պետք է բժշկի համար նշանակալի լինեն արգանդափողերի կոշտությունն ու ընդգծվածությունը:

Արտարգանդային հղիության հայտնաբերումը ցուցում է անմիջապես հղիությունն ընդհատելու համար: Հակառակ պարագայում պտղաձուն զարգանալով կարող է վնասել, անգամ պատռել Ֆալոպյան փողը:

Պետք է հիշել, որ ինքնախտորոշումն ու առավել ևս ինքնաբուժումը խստիվ արգելվում է:

Ախտորոշումից ի վեր կարևորագույն քայլն արտարգանդային հղիության ընդհատումն է՝ լապարոսկոպիկ կամ ուղղակի վիրահատական եղանակով:

Լինում են դեպքեր, երբ հնարավոր է լինում իրականացնել օրգանպահպան վիրահատություն, իսկ երբեմն, կախված հղիության ժամկետներից, հեռացվում այն փողը, որում տեղակայվել էր պտղաձուն:

Վիրահատությունից և արտարգանդային հղիության հետևանքնրը վերապրելուց հետո յուրաքանչյուր կնոջ համար հարց է ծագում՝ արդյո՞ք հնարավոր է հաջորդ նորմալ ու ապահով հղիությունը:

Մասնագետների հավաստմամբ արտարգանդային հղիության հաջորդ փուլը ամբողջ օրգանիզմի բուժումն է: Անհրաժեշտ է հետևողականորեն պարզել նման ոչ ստանդարտ իրավիճակների պատճառները: Առկա բոլոր հիվանդությունների ու հիվանդագին վիճակների բուժումներից հետո միայն հնարավոր է մտածել ու պլանավորել հերթական հղիությունը:

Իսկ այն դեպքերը, երբ կնոջ բոլոր հղիություններն արտարգանդային տեղակայում են ունենում անընդմեջ, առավել խորը հետազոտություններ են ենթադրում: Սակայն, բարեբախտաբար նման դեպքերի վիճակագրությունը չափազանց փոքր է: Իսկ առողջ վերարտադրողական համակարգի ու գործառույթի միակ հնարավոր նախապայմանը պարբերաբար կանխարգելիչ բուժզննումներն են, առողջ ու հնարավորինս վնասներից զերծ կենսակերպը:

 

Նյութի աղբյուրը՝  healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook