Thursday, March 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Արցախում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները :

Այսօր` հուլիսի 19-ին, Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում շարունակվել են նախօրեին մեկնարկած ՀՀ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների` անոթային վիրաբույժի, վնասվածքաբանի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ուռոլոգի և առիթմոլոգների կողմից «Բաց դռների օրեր»-ի շրջանակներում քաղաքացիների` անվճար հիմունքներով իրականացվող ընդունելությունը, խորհրդատվությունը, անհրաժեշտության դեպքում` նաև վիրահատական միջամտությունները:

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ավագ օրթոպեդ Գագիկ Բդոյանն ասել է, որ իրենց այցի ընթացքում հետազոտել են խնդրահարույց ախտորոշումներ ունեցող հիվանդների:

 

«Այս ընթացքում հետազոտել ենք շուրջ 30 հիվանդի: Այսօր կվիրահատենք 77 տարեկան կնոջ, ով ունի ազդրի կոտրվածք: Շատ հաճախ հանդիպող վնասվածք է: Նմանատիպ վիրահատություններ Արցախում կատարվում են մեծ ծավալով: Այսօրվա վիրահատության ժամանակ կկիրառվեն որակով և ձևով նոր իմպլանտներ: Հիվանդանոցի անեսթեզոլոգիական և ռեանիմացիոն ծառայությունները, ինչպես նաև օրթոպեդիայի բաժանմունքը լիովին բավարարում են վիրահատություններն անցկացնելու համար»,- նշել է Գ. Բդոյանը:

 

 

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ի վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Դավթյանն էլ ընդգծել է համագործակցությունը երկու բժշկական կենտրոնների միջև` նշելով, որ 10 տարուց ավել է, ինչ հատկապես օրթոպեդիկ վնասվածքաբաններն ամեն տարի այցելում են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»:

 

«Համատեղ վիրահատությունների ընթացքում ձգտում ենք օգտագործել նորամուծությունները: Ինչ վերաբերում է այսօրվա վիրահատությանը, ապա հարկ է նշել, որ այն լինելու է փոքր կոտրվածքով, առանց արյան կորստի: Հաշվի առնելով տարիքը և ֆիքսացիոն հատկությունները` հիվանդը վաղը կքայլի: Հուսով ենք` մեթոդը կներդրվի և կկիրառվի բոլոր տարեցների համար, ովքեր ունեն նմանատիպ վիրահատության անհրաժեշտություն»,- ավելացրել է Կ. Դավթյանը:

 

Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար Մերուժան Սաղաթելյանը նշել է, որ այս այցելությունը միտված է որոշ բարդ դեպքերի քննարկմանը և հնարավոր միջոցների պայմաններում տեղում բարդ գործողություններ կատարելուն:

 

 

 

«Դրանց մեջ մտնում են անատոմիական, տեխնիկական միջամտությունները: Կլինիկական վիճակի առումով բարձր ռիսկի հիվանդների պարագայում պահանջվում է ամբողջ թիմի ընդգրկվածություն, ինչպես նաև որոշակի նյութատեխնիկական լայն բազա: Այս ընթացքում հետազոտել ենք 12-15 հիվանդի»,- ասել է Մ. Սաղաթելյանը:

 

 

Նշենք, որ օրվա ողջ ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի համապատասխան բժիշկները Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում կշարունակեն անվճար հիմունքներով իրականացվող ընդունելությունը, խորհրդատվությունը, անհրաժեշտության դեպքում` նաև վիրահատական միջամտությունները:

http://www.erebunimed.com/arm/news.more/318

Leave a Reply

x Close

Like Us On Facebook