Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Արևայրուք և կրծքագեղձ.breast.am

Ամռան օրերին բոլորն են ձգտում հանգստանալ, և հանգիստը հաճախ (հատկապես կանանց համար) ասոցացվում է ծովի և արևայրուքի (загар) հետ: Ծանոթանանք արևայրուքի առավելություններին ու թերություններին:

Բոլորս դեռ վաղ տարիքից գիտենք, որ արևային լոգանքներն (солнечные ванны) օգտակար են օրգանիզմի համար: Արևի լույսն ու ջերմությունն ազդեցություն են ունենում էնդոկրին համակարգի վրա (վահանագեղձ, հիպոֆիզ, ձվարաններ և այլն), ինչպես նաև կարգավորում են նյութափոխանակությունը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Արևի լույսից մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Հատկանշական է, որ այդ վիտամինի 90%-ը մեր օրգանիզմը ստանում է արևի ճառագայթներից, և միայն 10%-ն է փոխանցվում սննդի միջոցով: Վիտամին D-ի օգտակարության մասին կարելի է երկար խոսել: Պարզվել է, որ այն օգտակար է նաև կրծքագեղձի համար: Ստենֆորդի համալսարանի գիտնականները գտնում են, որ արևային լոգանքներն իջեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Սրա պատճառն այն է, որ արևային լոգանքների ընթացքում մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Ապացուցված չէ, բայց կարծիք կա, որ հենց դրա պատճառով գյուղաբնակ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է ավելի քիչ դեպքերում, քան այն կանանց մոտ, ովքեր աշխատում են գրասենյակային պայմաններում: Վիտամին D-ի հակաուռուցքային նշանակության մասին վկայում են բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ: Ներկայումս փորձեր են կատարվում կրծքագեղձի քաղցկեղի բուժման ստանդարտ ուղեցույցների մեջ մտցնել նաև վիտամին D-ի բարձր չափաբաժնով կիրառումը: Սպիտակամաշկներին 1 ժամ տևողությամբ արևայրուքը բավական է վիտամին D-ի անհրաժեշտ քանակը ստանալու համար, իսկ սևամորթների դեպքում՝ 5-6 անգամ ավելի երկար ժամանակ է պահանջվում: Վիտամին D-ն սինթեզվում է խոլեստերինից, իսկ օրգանիզմի վրա իր ազդեցությունն է թողնում մոտ 3000 գենի միջոցով, որոնց աշխատանքը կախված է վիտամին D-ից: Գրականությունում կան որոշ տվյալներ, ըստ որոնց վիտամին D-ն իջեցնում է շագանակագեղձի, ոսկրային ուռուցքների և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը: Վիտամին D-ն առաջանում է B դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ուլտրամանուշակագույն ճառագայթների այս տեսակը բավական քիչ է պարունակվում արևի լույսի մեջ, եթե ամպամած եղանակ է: Այնպես, որ վիտամին D-ն սինթեզվում է արևային օրերին: Այսուհանդերձ, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:

Առաջին վտանգն արևայրուքից, իհարկե, մաշկի այրվածքներն են: Այրվածքները ոչ միայն ցավոտ են, այլև վտանգավոր: Ապացուցված է, որ արևային լոգանքների չարաշահումը բարձրացնում է մաշկի քաղցկեղի ռիսկը: Այն վտանգավոր է նախևառաջ սպիտակամաշկ կանանց համար, ովքեր ունեն բազմաթիվ խալեր ու, հատկապես, եթե այդ խալերը վերջին շրջանում փոխել են իրենց գույնը կամ ձևը: Արևի ճառագայթներից մաստոպատիա չի կարող առաջանալ, բայց արևի տաքությունը խթանում է էնդոկրին համակարգը, ինչը կարող է հանգեցնել հորմոնալ շեղումների, որի հետևանքով կարող է առաջանալ ցավ կրծքագեղձում: Չի բացառվում կիստաների առաջացումն ու մեծացումը, ինչպես նաև ֆիբրոադենոմաների մեծացումը: Կրծքագեղձի մաշկն ավելի զգայուն է դառնում, եթե կինը նախկինում ստացել է ճառագայթային բուժում: Արևն անցանկալի է քիմիաթերապիա ստացողների համար, քանի որ որոշ դեղամիջոցներ կարող են ուժեղացնել արևի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա: Կարելի է արևայրուք ընդունել քիմիաթերապիա ստանալուց միայն 1,5-2 ամիս անց: Բայց սա չի նշանակում, որ պետք է փակվել տանը: Անցանկալի է կեսօրվա արևի ընդունումը, իսկ առավոտյան ծովային լողը կամ ծառի ստվերի տակ գիրք կարդալը ողջունելի են: Արևի տակ գտնվելիս լայն գլխարկի առկայությունը և արևապաշտպանիչ քսուքի (30 SPF կամ բարձր) կիրառումը խիստ ցանկալի են: Արևայրուք ընդունել կարելի է նաև հով տեղում. դանդաղ է, բայց անվտանգ: Պտուկի մաշկը ավելի բարակ և զգայուն է, քան կրծքի մաշկը, ուստի այն ավելի շատ է հակված այրվելու: Ցանկալի է արևայրուք ստանալ լողազգեստով կամ գոնե ծածկել միայն պտուկները: Եթե կրծքի վրա կան խալեր, պետք է ընտրել այնպիսի լողազգեստ, որը կծածկի դրանք: Նոր վիրահատված կանայք պետք է խուսափեն հաճախակի արևայրուքներից. դա կարող է վատ ազդեցություն թողնել սպիերի վրա: Հղի և կերակրող մայրերի համար արևայրուքը խրախուսելի չէ. եթե վնասվեն պտուկները, ապա հետագայում կարող է դժվարանալ կերակրման ընթացքը: Արևայրուքի համար նախընտրելի և անվտանգ ժամերն են՝ 11-ից 12-ը և 16-ից հետո: Արևայրուքի օրերին խրախուսվում է հեղուկի շատ օգտագործումը:

Հաճախ կանայք օգտվում են արևաբուժարանների (солярий) ծառայություններից: Նախքան արևաբուժարանից օգտվելը պետք է վստահ լինել բարձրորակ սարքավորումների և մասնագետների հարցում: Կարևոր է իմանալ ճառագայթների ճիշտ չափաբաժինը: Ոմանք օգտագործում են միայն A դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներով սարք, որտեղ արևայրուքը կարճատև է, իսկ վիտամին D չի արտադրվում: Ոմանք էլ օգտագործում են միայն B դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներ արտադրող սարքեր: Արևաբուժարան հաճախելն ունի իր սահմանափակումները, և որոշ կանանց առողջական խնդիրների պատճառով հակացուցված է արևաբուժարան այցելել:

Նախքան ծովային հանգիստը կազմակերպելը կամ արևաբուժարանից օգտվելը պետք է խորհրդակցել ուռուցքաբան-մամոլոգի հետ:

Նյութի աղբյուրը` breast.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook