Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով. հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը

Աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով, ուսագոտուց կտրված աջ ձեռքով Թալինից Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 31-ամյա Ժորա Թորոսյանը:
#Համալսարանական_հիվանդանոցի մասնագետների թիմային, համակարգված աշխատանքի շնորհիվ կատարվել է շուրջ 7 ու կես ժամ տևողությամբ վիրահատություն և հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը: ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի #պլաստիկ_վիրաբուժության և #միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ներկայացնելով կատարված բացառիկ վիրահատության մանրամասները ընդգծեց, որ նման դեպքերում, ավելորդ քաշքշուքներից խուսափելու համար, շատ կարևոր է մասնագետների աշխատանքի ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև հիվանդի տեղափոխումը, ինչը այս դեպքում մարզային գործընկերներին հաջողվել էր: Այսպիսով, ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, վնասվածքաբանների և միկրովիրաբույժների համատեղ աշխատանքը, արագ որոշումներ կայացնելու կարողությունը տվեց իր արդյունքը: Անհրաժեշտ վերակենդանացման աշխատանքներից հետո, ավելորդ ժամանակ չկորցնելու համար վիրահատող բժիշկների մի թիմը սկսել է աշխատել անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու: Երկուսուկես ժամ հետո վերակագնվել է պացիենտի արյան շրջանառությունը, որից հետո միայն բժիշկները ձեռքը վերականգնելու համատեղ որոշում են կայացրել: Վնասվածքաբանների կողմից ժամանակին կատարված ոսկորների ամրացմանը հաջորդել է անոթավորման և պոկված վերջույթի ռեպլանտացիայի (վերականգնման) բարդագույն վիրահատությունը: 

41038994_1708832599225140_938786246388350976_n
«Նման իրավիճակները շատ բարդ հարցի լուծում են պահանջվում: Անհրաժեշտ է կատարել ճիշտ հաշվարկ, գնահատել ռիսկը, որպեսզի իմանաս լավ արդյունքի հավանականությունը գերազանցում է վատին, թե ոչ»,-նշեց Արտավազդ Սահակյանը:
Բժշկի խոսքով՝ տուժածի մոտ նման լուրջ վնասվածքը առաջացնում է սթրես, շոկային վիճակ, հանգեցնում արյան մեծ կորստի, սակայն շնորհիվ Ժորա Խաչատրյանի բժիշկներին վստահելուն, լավատեսությանն ու հավատին հաջողվեց հասնել դրական արդյունքի:
Այժմ ծանր վնասվածք ստացած երիտասարդը գտնվում է համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը համապատասխանում է իր ստացած վնասվածքի հետվիրահատական ընթացքին: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը վստահեցնում է, որ հետագայում վերականգնված վերջույթը հաստատ կծառայի հիվանդին, նա կկարողանա գրել, զգալ ձեռքը: Նա ընդգծում է, որ ոչ մի վիրաբույժ չի կարող անել նման բարդ վիրահատություններ, եթե իր թիկունքին չլինեն հրաշալի անեսթեզիոլոգներ, շատ արագ որոշումներ կայացնող մասնագետներ: «Սա մեզ համար սովորական աշխատանք է»,- նկատում է բժիշկը: Վերջույթի վերականգման շրջանը կտևի 8 ամսից մինչև մեկ ու կես տարի: Հմուտ մասնագետը խորհուրդ է տալիս բոլորին զգույշ լինել նման երբեմն անդառնալի դարձող վնասվածքներից խուսափելու համար: Բոլոր հիվանդներին մաղթում է առողջություն: Նրա մեծ ցանկությունն է, որպեսզի բնակչությունը հավատ և հարգանք ունենա բժշկի հանդեպ, քանի որ բժիշկների աշխատանքը ծանր է:
Artavazd Sahakyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook