Friday, April 19, 2024
Նորություններ

Բնակչության քանակն ավելացնելու համար պետք է փոխել մոտեցումը անպտղության բուժման ֆինանսավորմանը․ ամերիկացի փորձագետ

Անպտղությունը լուրջ խնդիր է Հայաստանի նման փոքր երկրի համար։ Չնայած անպտղության տարածումն այստեղ նույնն է, ինչ օրինակ ԱՄՆ-ում, բայց Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը զգալիորեն բարդանում է միգրանցիայի պատճառով։ Դրա համար էլ երկրի կառավարությունը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնի այն զույգերին, որոնք ապրում են այստեղ ու ուզում են երեխա ունենալ։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել վերարտադրողական բժշկության հարցերով մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Քալիֆորնիա, ԱՄՆ)։

Նրա խոսքով՝ վերարտադրողական բժշկությունը բոլոր երկրներում տարբեր կերպ է կիրառվում ու ֆինանսավորվում ու առաջինը, որպես կանոն, մեծամասամբ կախված է երկրորդից՝ եթե անպտղության բուժումն ու օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը վճարվում է ապահովագրական ընկերությունների կամ պետբյուջեի կողմից, զույգերի համար հասանելի է դառնում ծառայությունների լայն սպեկտր։ Իսկ եթե նրանք ստիպված լինեն վճարել սեփական գրպանից, նրանք պարզապես չեն կարողանա իրենց թույլ տալ ծառայությունների մեծ մասը։

Փորձագետը նշել է, որ որոշ երկրներում, օրինակ Իսրայելում ու Ճապոնիայում, պետությունը, հասկանալով ծնելիության ու բնակչության քանակի պահպանման ու ավելացման կարեւորությունը, ստանձնում է անպտղության բուժման ու օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիայի ֆինանսավորումը։ Եթե Հայաստանի համար այդ խնդիրը նույնքան կարեւոր է՝ ուրեմն այստեղ նույնպես պետք է մտածել միջոց ՝ երիտասարդ զույգերի ուսերից անպտղության բուժման կամ էլ ԱՄԲ-ի(արտամարմնային բեղմնավորման) նման վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գործածման ֆինանսական բեռը հանելու համար՝ կամ պետական ֆինանսավորման կամ էլ ապահովագրության միջոցով։

«Ես կցանկանայի, որ Հայաստանում նույնպես կառավարությունը լրջորեն զբաղվեր բնակչության քանակի ավելացման հարցով։ Իհարկե Հայաստանը չի կարելի համեմատել Ճապոնիայի կամ Իսրայելի հետ, այստեղ խնդիրներն ուրիշ են, որոնք չկան այդ երկրներում։ Բայց ինձ ուրախացնում է, որ այս թեման այստեղ գոնե քննարկում են, ու ես հույս ունեմ , որ ամեն ինչ միայն խոսակցություններով չի ավարտվի, կլինեն որոշակի ծրագրեր, որոնք որոշակի գործողությունների կհանգեցնեն»,- ասել է փորձագետը։

Նշենք, որ վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Հայաստան- սփյուռք հերթական ֆորումի բացման ժամանակ, հայտնել է, որ մինչեւ 2040 թ․ Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել 4 մլն մարդու։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook