Wednesday, April 24, 2024
ՀայտարարություններՆորություններ

Բնակչությունը պետք է պատրաստ լինի հնարավոր օդային տագնապի ազդանշանին. ինչ է պետք անել

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻՆ պաշտոնյան մեկնաբանել է` ինչ է օդային տագնապի ազդանշանը։ Եթե 2-3 րոպեանոց ազդանշանն ընդհատվող չէ, դա նշանակում է «ուշադրություն բոլորին»։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ բնակչությանը նախապատրաստում է հնարավոր օդային տագնապի դեպքում անհրաժեշտ գործողություններին։ ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` միաժամանակ հավելելով, որ ներկա պահին նման վտանգ չկա։

«Կարծում եմ, որ այսօրվա դրությամբ դրա անհրաժեշտությունը չկա, վտանգ չկա։ Պաշտպանության նախարարությունը, եթե անհրաժեշտություն լինի, միանգամից կտեղեկացնի մեզ բնակչությանն ազդարարելու համար։ Կարծում եմ` այս պահին ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա։

Էդան Սնգրյանը համոզմունք հայտնեց, որ Արցախյան ազատամարտ ու Քառօրյա պատերազմ ապրած հանրությունը տեղյակ է` ինչպես վարվել նման դեպքերում։

Քաղաքացիական պաշտպանության վարչության պետը հիշեցնում է, որ տագնապի ազդանշանի դեպքում անհրաժեշտ է արագ հագնվել, հագցնել երեխաներին ու դուրս գալ տնից` հնարավոր ամենակարճ ճանապարհով ուղևորվելով դեպի ամենամոտ գտնվող պաշտպանական կառույցը։

Սնգրյանը հիշեցնում է նաև, որ տնից դուրս գալիս պետք է չմոռանալ անջատել էլեկտրական սարքավորումները, գազը, ջուրը։

«Երևան քաղաքում մենք ունենք մեծ առևտրի կենտրոններ, որոնք ունեն մի քանի հարկանի ավտոկայանատեղիներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ծառայել որպես պաշտպանական կառույց»,– ասաց Սնգրյանը։

Արտադրական տարածքներում գտնվելու դեպքում, նրա խոսքով, պետք է նախ անվտանգ ռեժիմի բերել արտադրական սարքավորումները, ապա գնալ պաշտպանական կառույց։

Անհրաժեշտության դեպքում «Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվելու է հեռախոսային SMS հաղորդագրությունների միջոցով։

Միաժամանակ ազդանշանը հայտարարվելու է նաև զանգվածային լրատվության միջոցներով` հեռուսատատեսությամբ ու ռադիոյով, ինչպես նաև շչակներով`2-3 րոպե տևողությամբ ընդհատվող ձայնային ազդանշաններով։

Եթե 2-3 րոպեանոց ազդանշանն ընդհատվող չէ, դա նշանակում է «ուշադրություն բոլորին» և Քաղաքացիական պաշտպանության վարչության պետի խոսքով, այդ ուշադրության կոչից հետո տեղեկատվության բոլոր միջոցներով հանրությանը կներկայացվի խիստ կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն։

«Դրանից հետո կտրվի տեղեկություն և այն մասին, թե ինչ է սպառնում, և այն մասին, թե ինչ է պետք անել տվյալ տարածքում կամ տվյալ իրավիճակում գտնվելիս»,– ասաց նա։

Read more: https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook