Բոլոր պետական սոցիալական ծառայությունները մեկ հարթակում. գործարկվել է socservice.am-ը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է հարթակ, որտեղ ներառել է բոլոր պետական սոցիալական ծառայությունները: Նոր գործարկված socservice.am կայքում այցելուները կարող են գտնել սոցիալական ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկություն, առցանց նամակ գրել, դիմում ներկայացնել և այլն: Սոցիալական ապահովություն, աշխատանք և զբաղվածություն, բժշկասոցիալական փորձաքննություն, սոցիալական աջակցություն. այս բոլոր ուղղություններով ծառայությունների հետ կապված ամբողջ տեղեկությունը, մանրամասները հնարավոր է ստանալ մեկ պատուհանի սկզբունքով, մեկ տեղից:
«Ներկայում յուրաքանչյուր կառույց, օրինակ` բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության ծառայությունն ու մյուսներն առանձին իրենց պաշտոնական կայքերն ունեն: Մեր քաղաքացիները յուրաքանչյուր ծառայության հետ կապված մանրամասներին ծանոթանալու, առցանց դիմում գրելու կամ այլ գործողությունների համար այցելում են կոնկրետ այդ ծառայության կայք: Հիմա այդ բոլորը միավորվել են մեկ տեղում: Մեկ կայք այցելելով՝ քաղաքացին կարող է ամբողջական տեղեկություն ստանալ բոլոր պետական ծառայությունների մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:
«Մեկ պատուհանի մոտեցումը հեշտացնում է քաղաքացիներին տրամադրվող ծառայություններից օգտվելու գործընթացը: Այսինքն՝ առանց գերատեսչությունից գերատեսչություն գնալու, հնարավոր է մեկ հարթակից ծանոթանալ ծառայություններին, դիմել օգտվել, ստանալ աջակցություն»,-ասաց նախարարի խոսնակը:
Հարթակում առանձին ներկայացված է «Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին» բաժինը, որտեղ կան մանրամասներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքներին ու պատերազմի հետևանքով վիրավորում ստացած, զոհված, գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող օժանդակության մասին: Հանգամանալից ներկայացված է նաև «Արցախցիներին և նրանց հյուրընկալողներին» բաժինը՝ ներառելով ՀՀ կառավարության աջակցման ծրագրերը:
«Աշխատանք փնտրողին», «Գործատուներին», «Ծրագրեր», «Թափուր աշխատատեղեր» ուղղությունները կարելի է գտնել «Աշխատանք և զբաղվածություն» բաժնում: Միասնական սոցիալական ծառայությունում թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններն էլ ներկայացված են «Աշխատանք մեզ մոտ» բաժնում, որտեղ արդեն թափուր աշխատատեղի մասին մի քանի հարյուր հայտարարություններ տեղադրված են:
Աննա Գզիրյան