Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բոտուլիզմ

 

f9bc7a998906ab4a62f3e22cf7d723c5-366x205Թունավորումը տեղի է ունենում անորակ սննդամթերքից կամ սխալ պատրաստված պահածոներից։  Թունավորումը զարգանում է մանրէային թույնի ներծծման հետևանքով։ Եթե սննդամթերքը միայն սպորներ է պարունակում, ապա հիվանդության աշտանիշները հայտնվում են այն դեպքում, երբ նրանք վերածվում են ցուպիկների, որոնք թույներ են արտադրում։ Տոքսինները ջերմակայուն չեն և տաքացնելիս արագ քայքայվում են։ Սպորները եռացման պայմաններում կենսունակ են մինչև 5 ժամ։ Տարբերում են բոտուլիզմի ցուպիկների իմունաբանական 6 տիպ։ Ամենամեծ նշանակությունն ունեն A, B և E տիպերը։ Որևէ հակածնային ձևի նկատմամբ եղած հակատոքսինը չի պաշտպանում մյուս տիպերի թույների ազդեցությունից։

Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի ժամից մինչև 2-5 օր (միջին հաշվով կազմում է 12-24 ժամ)։

Անցնելով մարսողական ուղի, բոտուլոտոքսինը ներծծվում է ստամոքսի և աղիքների լորձաթաղանթով ու արյան ճանապարհով տարածվում ամբողջ օրգանիզմում։ Թույները ներգործում են ացետիլխոլինի առաջացման վրա, որի հետևանքով առաջ է գալիս տարբեր մկանախմբերի պարալիզ։

Կլինիկան։ Վարակված սննդամթերքի ընդունումից մի քանի ժամ անց սկսվում է վատ ինքնազգացում, սրտխառնոց, փսխում, լուծ։ Սակայն բոտուլիզմի ժամանակ նշված երևույթների առաջացումը պարտադիր չէ։ Հաճախ վաղ ախտանիշներ են թուլությունը, գլխապտույտը, գլխացավը, բերանի չորությունը։ Բերանի լորձաթաղանթները չոր են և վառ գույնի, լեզուն ծածկված է սպիտակավուն փառով։ Կուլ տալը դժվարացած է (դիսֆագիա)։ Սովորաբար գիտակցությունը պահպանված է լինում, բբերը՝ լայնացած, ռեակցիան դեպի լույսը՝ թույլ։ Նկատվում է տեսողության հարմարման (ակկոմադացիայի) խանգարում, երբեմն պտոզ, երկտեսություն (դիպլոպիա)։ Որոշ հիվանդներ գանգատվում են լսողության թուլացումից։ Հաճախ նկատվում է փափուկ քիմքի պարալիզ, խոսակցությունն ընդունում է քթային երանգ, կլման փորձի ժամանակ հեղուկը քթից դուրս է թափվում։ Ջերմությունը, որպես կանոն, գտնվում է նորմալ թվերի վրա։ Ծանր դեպքերում զարգանում է շնչական մկանների անբավարարություն (զգայնությունը խախտված չէ): Նշվում է հաճախասրտություն, զարկերակային ճնշման իջեցում, սրտի տոների խլություն։ Մահը տեղի է ունենում շնչառության պարալիզից և սրտադադարից։ Բարդություններն են թոքաբորբերը, տոքսիկ միոկարդիտը, միոզիտները, նևրիտները։ Ախտորոշումը հետադարձորեն հաստատվում է սննդի մնացորդներում, ստամոքսի, աղիքների պարունակության մեջ, արյան շիճուկում բոտուլոտոքսինի կամ ցուպիկների հայտնաբերումով։

Բուժումը։ Ստամոքսի լվացում նատրիումի հիդրոկարբոնատի 2%-անոց լուծույթով, այնուհետև ներմուծվում է ակտիվացրած ածուխ, աղային լուծողական։ Կատարվում է սիֆոնային հոգնա։ Բուժման հիմնական մեթոդը հակաթունային հակաբոտուլինային շիճուկի ներարկումն է։ A տիպի շիճուկը ներարկում են 5.000-10.000 ՄԱ 8 տիպը՝ 3.000-7.000 ՄՄ, իսկ C տիպը՝ 10.000 ՄՄ դեղաչափով։ Շիճուկները ներարկում են միջմկանային ճանապարհով։ Զգայնության որոշման նպատակով մինչև շիճուկի ներարկումը անհրաժեշտ է նախօրոք կատարել միջմաշկային փորձ՝ 1:100 նոսրացրած շիճուկով։ Ներարկում են գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, նատրիումի քլորիդիիզոտոնիկ լուծույթ, նշանակում են միզամուղներ։ Ծանր դեպքերում կատարվում է արյան բացթողում՝ արյան միաժամանակյա փոխներարկումով, պլազմա, պլազմայի փոխարինողներ։ Սրտի աշխատանքի թուլության դեպքում՝ սրտային գլիկոզիդներ։ Վերին շնչական ուղիների փակման հետևանքով շնչահեղձության երևույթների հարաճման դեպքում կատարվում է տրախեոստոմիա։ Շնչական մկանների պարալիզի դեպքում՝ թոքերի արհեստական օդափոխություն։

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook