Wednesday, April 24, 2024
Նորություններ

Բուհերի ընդունելության առաջին փուլի հայտերը ԳԹԿ-ն կընդունի դեկտեմբերի 15-25-ը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը:
Ավարտական քննություններ
Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը տնօրենը պետք է ուղարկի Գնահատման և թեստավորման կենտրոնի info@atc.am էլեկտրոնային հասցեին՝ դեկտեմբերի 15-30-ը։
Միասնական քննություններ
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին:
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուստարվա շրջանավարտները, հանրակրթական դպրոցների և ՄԿՈՒ հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև  օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը կցվում է:
Պահանջվող փաստաթղթեր
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`
3 x 4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի  900018003401  հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Բուհերի ընդունելության  առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook