Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բրադիկարդիա. կլինիկական դրսևորում և բուժում

Բրադիկարդիան սրտի ռիթմի խանգարման ախտանիշն է, որի դեպքում սրտի կծկումների հաճախականությունը չափահաս մարդու մոտ րոպեում 55 հարվածից պակաս է, իսկ երեխաների մոտ` 50-55-ից:

Բրադիկարդիան, որպես այդպիսին, հիվանդություն չի համարվում, բայց այդ վիճակում կտրուկ նվազում է օրգանների մատակարարումը թթվածնով, համապատասխանաբար, խանգարվում են գործառույթները: Ախտանիշը կարող է ի հայտ գալ բացարձակապես առողջ մարդկանց մոտ (օրինակ, քնած ժամանակ, մարզիկների մոտ հանգստանալիս, պինդ օձիքով հագուստ կրելիս, պինդ փողկապ կապելիս): Չափավոր բրադիկարդիան սովորաբար արյան շրջանառության խանգարում չի առաջացնում:

Բրադիկարդիայի տեսակներն ու փուլերը

Սինուսային բրադիկարդիան առաջանում է նախասրտում տեղակայված սինուսային հանգույցի գործառույթի խանգարման դեպքում: Նման վիճակն առողջ մարդկանց մոտ հաճախ զարգանում է պարասիմպատիկ նյարդային համակարգի տոնուսի բարձրացման ֆոնի վրա: Այդ դեպքում բրադիկարդիան բուժում չի պահանջում: Եթե սինուսային բրադիկարդիան առաջանում է սինուսային հանգույցի բջիջների ոչնչացման հետևանքով, օրինակ, սրտամկանի ինֆարկտի դեպքում, ապա բուժումը կազմակերպվում է ատրոպինի պատրաստուկներով:

Ազդակի անցանելիության խանգարման (սինոաուրիկուլյար կամ ատրիովենտրիկուլյար անցանելություն) հետևանքով առաջացած սրտի բրադիկարդիան, հաճախ զարգանում է սրտամկանի օրգանական ախտահարման կամ թափառող նյարդի տոնուսի բարձրացման ֆոնի վրա:

Կլինիկական դրսևորումը

Բրադիկարդիան հաճախ դրսևորվում է թուլությամբ, գլխապտույտով, աչքերի դեմ մթնելով: Մարդը կարող է կորցնել գիտակցությունը, նրա մոտ արտահայտված են լինում պարասիմպատիկ դրսևորումներ` քրտնարտադրություն, սառը քրտինք: Երբեմն բրադիկարդիան ընթանում է առանց ախտանշանների և հայտնաբերվում է ուղեկցող հիվանդությունների դեպքում:

Ցանկացած դեպքում, երբ սրտի կծկումների հաճախականության նվազում է գրանցվում, անհրաժեշտ է գտնել պատճառը:  Քանի որ բրադիկարդիան կարող է հետագայում բարդանալ Մորգան-Էդամս-Սթոքսի նոպաներով (գիտակցության հանկարծակի կորուստ` ջղակծկումներով զուգակցված), սրտի հանկարծակի կանգով, հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, սրտի քրոնիկական անբավարարությամբ:

Երեխաների մոտ բրադիկարդիայի դրսևորումը չի տարբերվում չափահաս մարդուց: Երեխաների մոտ այս այն կարող է ունենալ հետևյալ պատճառները. նյարդային կամ էնդոկրին համակարգի հիվանդություն, ներգանգային ճնշման բարձրացում, որը հաճախ լինում է ծննդաբերության ժամանակ վնասվածք ստացած երեխաների մոտ, օրգանիզմի գերմրսածություն, ուժեղ ազդեցության դեղորայքի ընդունում, նիկոտինից կամ արճիճից թունավորում, սրտի բնածին արատ, սրտամկանի օրգանական ախտահարում, դեռահասների մոտ` ներքին օրգանների արագ զարգացում, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, հիպոթիրեոզ, պերինատալ հիպոքսիա:

Խորհուրդներ հիվանդության բուժման վերաբերյալ

Բրադիկարդիայի բուժման սկզբունքային մոտեցումներ գոյություն չունեն:

Եթե սրտի կծկումների հաճախականությունը 60 հարվածից ցած չի իջնում և պացիենտն այլ հիվանդություններ չունի, ապա բրադիկարդիան շտկման կարիք չունի:

եթե բրադիկարդիան հիմնական հիվանդության պատճառով է, ապա առաջին հերթին պետք է բուժել այդ հիվանդությունը:

Բրադիկարդիայի դեղորայքային բուժումը պետք է նշանակի մասնագետը, քանի որ երբեմն դեղպատրաստուկների կողմնակի ազդեցությունը կարող է բարձրացնել բրադիկարդիայի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա:

Բրադիկարդիայի ծանր ձևը, երբ պացիենտի կյանքին վտանգ է սպառնում, բուժվում է վիրահատական միջամտությամբ: Էլեկտրասրտախթանիչի տեղադրման ցուցում է սրտի կծկումների րոպեում 40 զարկից պակաս հաճախականությունը և սրտի կանգը` 2 րոպեից ավելի:

Հարկ է հիշել, որ սրտի գործառույթի ցանկացած խանգարում չի կարելի անուշադրության մատնել: Բրադիկարդիայի թեկուզ աննշան դրսևորման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

http://armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook