Thursday, March 28, 2024
Նորություններ

ԳԱՎԻ–ն ՀՀ ԱՆ–ին տրամադրել է 178 000 դոլար պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը ներդնելու համար

ԳԱՎԻ-ի հետ 2017-2018 թվականների համագործակցության շրջանակներում ներդրումը կապված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման ներդրման հետ: «Ազատություն»  ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց  ՀՀ Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ի՞նչ նպատակով է ԳԱՎԻ-ի կողմից Հայաստանի Առողջապահության նախարարությանը այս տարի վճարվել 178 000 դոլար:

«Նախատեսվում են դասընթացներ, հանրային իրազեկումներ: Արդեն կա հաստատված ծրագիր: Թեեւ իրազեկումն ու դասընթացները չեն  մեկնարկել, այս պահին ՀՀ Ֆինանսների նախարարության ծրագրի վերջնական բյուջեի հաստատման փուլն է: Դրանից հետո միայն կսկսի ծախսային մեկնարկը», – նշեց փոխնախարարը:

Սամվել Մարգարյանը հայտնեց, որ ծրագիրը լինելու է թափանցիկ, եւ քաղաքացիները հնարավորություն են ունենալու ինտերակտիվ կերպով հետեւելու յուրաքանչյուր պայմանագրի և ՀՀ կառավարության բյուջեից ծախսվող գումարի:

Հիշեցնենք, որ Մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը դեկտեմբերին կներդրվի Հայաստանում:  Նշվում է, որ Մարդու պապիլոմավիրուսի շիճուկն ապահովում է 100 տոկոս պաշտպանվածություն ինվազիվ քաղցկեղից։ Մինչդեռ, կան մասնագետներ, որոնք վերապահումով են վերաբերվում այդ պատվաստմանը, նշելով, որ դրա արդյունավետությունն առայժմ ապացուցված չէ։

Նյութի աղբյուրը՝ news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook