Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Գիշերային հերթափոխով աշխատանքը բարձրացնում է ճարպակալման ու շաքարախտի հավանականությունը

Գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց դժվար է ազատվել ավելորդ քաշից։ Ավելին, նրանք  շաքարախտի եւ ճարպակալման զարգացման ռիսկային գոտում են, զգուշացնում են Թեխասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները։

Նրանց խոսքով՝ գիշերային հերթափոխով աշխատանքը խախտում է նյութափոխանակությունը։ Մարդու օրգանիզմում սպիտակուց գոյություն ունի, որը ճարպից վերցնում է էներգիան ու տարածում ներքին պահեստարաններում։ Այդ NFIL3 սպիտակուցը գիշեր-ցերեկ շրջափուլի (ցիրկադային ռիթմ) աշխատանքի վրա է հենված։

Ըստ գիտնականների՝ աղեստամոքսային համակարգում ապրող մանրէները NFIL3 ցիրկադային շրջափուլը կարգավորող սպիտակուցներ են արտազատում։ Իր հերթին NFIL3-ը վերահսկում է նյութափոխանակության ցիրկադային տատանումները, որոնք կարգավորում են աղիների մակերեսի  բջիջներում ճարպի կլանումն ու արտազատումը։

Գիտնականները հատուկ առանձնացրել են նախապես քաշի հետ խնդիր չունեցող ութ մկների։ Կենդանիներին 10 շաբաթ շարունակ միայն յուղոտ սնունդ են տվել կամ պահպանել նրանց նորմալ սննդակարգը։ Խախտել են նաեւ մկների շրջափուլը՝ գիշերը նրանք արթուն էին, իսկ ցերեկը քնում էին։ Զուգահեռաբար վերլուծել են  NFIL3 սպիտակուցի մակարդակը։ Պարզվել է՝ նորմալ ռեժիմի վերականգնման դեպքում սպիտակուցն ավելի ակտիվորեն է արտազատվել, այսինքն՝ նյութափոխանակությունն ավելի կայուն է դարձել։ Այդ պատճառով նորմալ ռիթմի ժամանակ կենդանիները քաշ չեն հավաքել՝ ի տարբերություն ցիրկադային ռիթմերի խախտման շրջափուլի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook