Tuesday, April 16, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Գործոններ, որոնք նպաստում են իմունային համակարգի թուլացմանը.tert.am

Այս  մասին հաղորդում է tert.am-ը:Ներկայում համարվում է, որ հիվանդությունների գրեթե 90 %-ի առաջացումը պայմանավորված է թույլ իմունային համակարգով, քանի որ բարձր իմունիտետի դեպքում մարդը կարող է հեշտությամբ հաղթահարել հիվանդությունները: Սակայն բանն այն է, որ կան գործոններ, որոնք թուլացնում են իմունային համակարգը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 գործոն, որոնք նպաստում են իմունային համակարգի թուլացմանը:

1. Վատ սննդակարգ

Խիստ դիետաները նույնքան վտանգավոր են, որքան չափից շատ ուտելը: Սննդարար նյութերի քրոնիկական դեֆիցիտի դեպքում խանգարվում են պաշտպանիչ հյուսվածքները, իսկ իմունային բջիջների մի մասը գտնվում է հենց մաշկում ու լորձաթաղանթներում: Սա նշանակում է որ նման խանգարումների դեպքում տուժում է նաև իմունային համակարգը, ինչը հանգեցնում է տարբեր հիվանդությունների առաջացման:

2. Սթրեսներ

Մասնագետները նշում են, որ առանց սթրեսի ապրել հնարավոր չէ, այլապես չի լինի նաև իմունիտետը, քանի որ սթրեսը «մարզում» է օրգանիզմը: Սակայն երկարատև քրոնիկական սթերսի ժամանակ մեծ քանակությամբ սթրեսի հորմոններ՝ գլյուկոկորտիկոստերոիդներ են առաջանում, որոնք հյուծում են իմունային համակարգը:

Նյարդային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում կարող է առաջանալ քրոնիկական հոգնածության համախտանիշ ու իմունային դիսֆունկցիա, ինչը կդրսևորվի ցրվածությամբ, նյարդայինությամբ ու գերհոգնածությամբ: Ժամանակին քայլեր ձեռնարկելու դեպքում կարելի է ազատվել այս խնդրից, սակայն անտեսելու դեպքում վաղ թե ուշ կխանգարվի նաև ներզատական ու իմունային համակարգերի աշխատանքը:

3. Վատ սովորություններ

Ալկոհոլի չարաշահման դեպքում մարդու իմունային համակարգը խիստ թուլանում է, ուստի հիվանդությունները հաճախ ընթանում են առանց ախտանշանների և հայտնաբերվում են այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում: Իմունիտետի վրա բացասաբար է ազդում նաև նիկոտինը: Իմունային համակարգի մակարդակով այն խնդիրներ չի առաջացնում, սակայն հայտնաբերվել են տեղային վնասվածքներ, ուստի այս սովորությունից նույնպես հարկավոր է հրաժարվել:

4. Դեղամիջոցների ընդունում

Առանց բժկի նշանակման կամ սխալ ընտրված դեղամիջոցների ընդունումը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել: Հատկապես վտանգավոր են գլյուկոկորտիկոստերոիդները, հակաբիոտիկները, հակասնկային դեղամիջոցները, հակադեպրեսանտները և սուլֆանիլամիդները: Բացի այդ, գոյություն ունեն մի խումբ դեղամիջոցներ (իմունոսուպրեսանտներ), որոնք նախատեսված են իմունիտետի թուլացման համար և նշանակվում են օրգանների փոխպատվաստման կամ աուտոիմունային հիվանդությունների դեպքում:

5. Ալերգեններ

Ալերգիան առաջանում է իմունային համակարգի աշխատանքի խանգարման դեպքում: Ցանկացած ալերգեն գործում է որպես հակածին: Եթե այն հայտնվում է առողջ մարդու օրգանիզմում, ապա իմունային համակարգը նորմալ հումորալ արձագանք է տալիս, սակայն եթե հայտնվում է ալերգիաներից տառապող մարդու օրգանիզմում, ապա պատասխանն էլ աղավաղված է լինում: Ընդ որում՝ ախտաբանությունը կարող է դրսևորվել տարբեր համակարգերի միջոցով, ուստի հիվանդը պետք է դիմի ինչպես ալերգոլոգ-իմունոլոգին, այնպես էլ մեկ այլ մասնագետին՝ կախված խնդրի տեսակից:

6. Վարակներ

Հիվանդությունները «մարզում ու կոփում» են իմունային համակարգը, ուստի օրգանիզմին պետք են գոնե չնչին վարակներ, այլապես իմունային համակարգը թուլացած կլինի: Սակայն միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ ցանկացած վարակիչ գործընթաց հյուծում է իմունային համակարգը, ուստի հաճախ հիվանդանալու և երկար ժամանակ չբուժվելու դեպքում մարդը պետք է դիմի բժշկին:

7. Գերծանրաբեռնվածություն

Ֆիզիկական վարժությունները շատ օգտակար են օրգանիզմի համար, սակայն խիստ ծանրաբեռնվածությունը կարող է հյուծել իմունային համակարգը:

8. Ճարպակալում

Չնայած, որ ավելորդ քաշը վնասակար է առողջության համար, դրա բացասական ազդեցությունն իմունային համակարգի վրա ապացուցված չէ: Սակայն հարկ է հիշել, որ ճարպակալումը վկայում է ոչ միայն մարսողական համակարգի խանգարման ու վատ սննդակարգի մասին: Բանն այն է, որ ճարպային բջիջները կարող է արտադրել մի նյութ, որը նպաստում է բորբոքումների առաջացմանը: Սա է պատճառը, որ հաճախ ճարպակալումն ուղեկցվում է իմունային համակարգի խանգարումների հետ կապված բորբոքային գործընթացներով: Ընդ որում՝ այս խնդրից հնարավոր չի լինի ազատվել դիետաների միջոցով, ուստի հարկավոր է դիմել իմունոլոգի օգնությանը:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook