Friday, April 26, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

«Դայակ՝ պետության հաշվին»․ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կարող է դիմել

Ներկայացնում է ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Ասոյանը։

Ծրագրի էությունը 

ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը միտված է՝ օգնելու մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրիկներին, ովքեր գտնվում են երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում են վերադառնալ աշխատանքի։ Պետությունն այդ մայրերին տրամադրում է ֆինանսական աջակցություն՝ երեխայի խնամքը կազմակերպելու համար: Պետությունը ծրագրի շրջանակում պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը։ Բայց այդ գումարը չպետք է գերազանցի պետության կողմից հաստատված նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը։ Այսինքն՝ եթե դայակի աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա պետությունը վճարում է դրա կեսը՝ 50 հազար դրամը, սակայն եթե աշխատավարձը կազմում է 130 հազար դրամ, ապա պետությունը վճարում է նվազագույն աշխատավարձի չափով միայն, այսինքն՝ 55 հազար դրամ։ Ամեն ամիս գումարը փոխանցվում է ծրագրին դիմած կնոջ հաշվեհամարին։

 Ո՞վ կարող է դառնալ ծրագրի շահառու

Ծրագրի շահառու կարող է լինել երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը, ով ցանկանում է վերադառնալ աշխատանքի։ Ընդ որում՝ պետք է դիմել մինչև աշխատանքի վերադառնալը։

Ո՞վ չի կարող է դառնալ ծրագրի շահառու

Եթե կինը երեխայի խնամքի արձակուրդից արդեն վերադարձել է աշխատանքի, սակայն հասկացել է, որ իրեն, այնուամենայնիվ, դայակ է անհրաժեշտ, ապա չի կարող օգտվել ծրագրից։ Նա ծրագրին կարող է մասնակցել, եթե դարձյալ գտնվի երեխայի խնամքի արձակուրդում։

Ե՞րբ  դիմել 

Ծրագրից հնարավոր է օգտվել մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը։ Մայրը կարող է ծննդաբերության հենց հաջորդ օրն էլ դիմել ծրագրին մասնակցելու համար։ Եթե երեխայի 2 տարեկանը լրանում է 1 ամսից, ապա այդ 1 ամսվա համար ևս հնարավոր է օգտվել ծրագրից։

Ու՞ր դիմել

Պետք է այցելել ԱՍՀՆ Սոցիալական ծառայությունների մատուցման  միասնական ընդունարան  (այնտեղ, որտեղ դիմում են մայրության նպաստը (18 հազար դրամ) ստանալու համար)։ Միասնական ընդունարանի աշխատակիցները դիմողին կուղղորդեն համապատասխան մասնագետի մոտ, որտեղ էլ նրան կներկայացնեն ծրագրի մասնակցության ընթացակարգը։

Ի՞նչ ընթացակարգ է գործում

Եթե նորաթուխ մայրիկը ցանկանում է օգտվել ծրագրից, ապա պետք է Զբաղվածության պետական գործակալություն դիմի մինչև աշխատանքի վերադառնալը։ Եթե համապատասխանում է ծրագրի պահանջներին, ապա համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո (փաստաթղթերը ներկայացված են ստորև) տեղում հաշվառվում է։

Հաջորդ քայլը դայակի ընտրությունն է։ Եթե կինն արդեն ընտրել է դայակին, ապա դարձյալ ներկայանում է ԱՍՀՆ Սոցիալական ծառայության տարածքային գործակալություն (նույն վայրը, որտեղ ստացել է խորհրդատվություն), տեղեկացնում, որ ընտրել է դայակին, ինչպես նաև նշում, թե երբ է պատրաստվում վերսկսել աշխատանքը։ Աշխատանքի անցնելուց մեկ օր առաջ գործակալությունը կնքում է պայմանագիր դիմորդի հետ, որից հետո աշխատանքի անցնելու նույն օրը կինը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում դայակի հետ (կից ներկայացված է պայմանագրի օրինակը: Գրախանութից այն ևս հնարավոր է գնել)։ Պայմանագրում նշվում է դայակի աշխատավարձի չափը։

Դայակի և մոր միջև ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո դայակը պետք է ներկայանա տարածքային հարկային մարմին, որտեղ պետք է բացի հարկ վճարողի հաշվեհամար, որից էլ ամեն ամիս կգանձվի եկամտային հարկ՝ աշխատավարձի 23 տոկոսի չափով։ Յուրաքանչյուր ամիս պետք է գործակալություն ներկայացնել հարկերի վճարման անդորրագիրը։
Աշխատանքը դայակի համար համարվում է ստաժ։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը 

Մայրը ծրագրի շահառուն լինելու համար պետք է գործակալություն ներկայացնի՝

  • Անձնագիր,
  • Սոցիալական քարտ,
  • Կրթության մասին վկայական,
  • Երեխայի ծննդյան վկայականը։

Երբ պայմանագիր կնքվի գործակալության և մոր միջև, վերջինս աշխատանքի անցնելուց հետո 5-օրյա ժամկետում պետք է նաև ներկայացնի աշխատանքի մասին տեղեկանք, որտեղ կնշվի կազմակերպության անվանումը, աշխատավարձի չափը, երեխայի խնամքի արձակուրդի անցնելու ու աշխատանքի վերադառնալու ամսաթվերը (կազմակերպությունների HR մասնագետները շատ լավ գիտեն տեղեկանքի այս ձևը)։

Դայակի և մոր միջև պայամանագրի կնքումից հետո զբաղվածության գործակալություն պետք է ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • Դայակի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • Սոցիալական քարտ,
  • Կնքված պայմանագրի կրկնօրինակը։

Եթե ներկայացվում է դայակի նույնականացման քարտը, ապա գործակալությունը ՀՀ ոստիկանությունից իրավունք ունի պահանջելու  դայակի փաստացի բնակության մասին տեղեկանք, քանի որ նույնականացման քարտում բացակայում են բնակության վայրի մասին տվյալները։

Դայակը կարող է չներկայանալ գործակալություն, քանի որ նրա հետ պայմանագիրը կնքում է մայրը։ Հենց նա էլ կարող է գործակալություն ներկայացնել դայակից պահանջվող փաստաթղթերը։

 Հնարավո՞ր է՝ շահառուի ազգականը դառնա երեխայի դայակ

Այո՛, օրենքը թույլ է տալիս, սակայն նա կնոջ հետ չպետք է հաշվառված լինի միևնույն բնակության հասցեում։

Եթե ծնվել է զույգ երեխա կամ ծրագրի շահառուն ունի մինչև 2 տարեկան ևս մեկ երեխա

Եթե մայրն ունեցել է զույգ երեխա կամ ունի մինչև 2 տարեկան ևս մեկ երեխա, ապա կարող է երկու երեխաների համար էլ օգտվել ծրագրից, այսինքն՝ ունենալ 2 դայակ: Ծրագիրը փոխհատուցում է ոչ միայն դայակի աշխատավարձի 50 տոկոսը, այլ նաև տրամադրում է երեխայի մանկապարտեզի վարձի կեսը, սակայն դարձյալ նույն սկզբունքով՝ ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափն է։ Այս պարագայում էլ մայրը մանկապարտեզի հետ կնքում է պայմանագիր ու անցնում նույն ընթացակարգերը։

Ուշադրությու՛ն

Եթե շատ են մասնակցել ցանկացողները, ապա մասնակիցների շրջանում առաջնահերթությունը տրվում է՝

  1. Ավելի վաղ հաշվառված մայրերին,
  2. Ընտանիքների սոցիալական անապահովության համակարգում հաշվառված մայրերին,
  3. Մի քանի անչափահաս երեխաներ ունեցող մայրերին,
  4. 195 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող մայրերին։

Նյութը աղբյուրը՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook