Tuesday, April 23, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Դեպրեսիայի ֆիզիկական դրսևորումները

Դեպրեսիան կամ ընկճախտը ներկայում շատ տարածված խնդիր է, որից տառապում է շուրջ 350 միլիոն մարդ: Այս հիվանդության հոգեհուզական ախտանշանները շատերին են հայտնի: Դրանց շարքին են դասվում տխրությունը, անտարբերությունը, հուսլքության ու միայնության զգացումը և այլն, սակայն քչերը գիտեն, որ դեպրեսիան ունենում է նաև բազմաթիվ ֆիզիկական դրսևորումներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել դեպրեսիայով:

1.      Քաշի նվազում կամ ավելացում

Դեպրեսիան ազդում է մարդու ախորժակը կարգավորող հորմոնների մակարդակի վրա, ինչի հետևանքով նա կարող է սովորականից շատ կամ քիչ ուտել: Բացի այդ, այս հիվանդությանը հատուկ են նաև քնի հետ կապված խնդիրները, ինչը բացասաբար է ազդում քաղցի և հագեցվածության զգացումի համար պատասխանատու հորմոնների վրա:

Սակայն հարկ է հիշել, որ քաշի անբացատրելի կորուստը կամ ավելացումը կարող է պայմանավորված լինել առողջական տարբեր խնդիրներով, ուստի այս ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:

2.      Ցավ

Երբ մարդը հույզերն ու զգացմունքները երկար ժամանակ իր մեջ է պահում, դրանք վաղ թե ուշ դրսևորվում են ցավի տեսքով: Նման դեպքերում հաճախ նկատվում են մկանային ցավեր ու գլխացավեր: Բացի այդ, դեպրեսիայից տառապող մարդիկ հաճախ գանգատվում են մեջքի ցավերից, ինչը պայմանավորված է նրանով, որ ընկճված մարդիկ հաճախ մեջքն ուղիղ չեն պահում և կորացնում են:

3.      Մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ

Գոյություն ունի նաև ակնհայտ կապ մարսողական համակարգի աշխատանքի խանգարումների և դեպրեսիայի միջև: Դեպրեսիայից տառապողների մոտ հաճախ են նկատվում այնպիսի խնդիրներ, ինչպիսին են փորափքանքը, փորկապությունն ու գրգռված աղու համախտանիշը: Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ դեպրեսիաներն ու տագնապային խանգարումները հաճախ կապված են լինում խոցային կոլիտի հետ:

4.      Քնի խանգարումներ

Դեպրեսիան կարող է դառնալ քնի հետ կապված տարբեր խնդիրների առաջացման պատճառ: Դրանց շարքին են դասվում անքնությունը, քնկոտություն և այլ խանգարումները: Փաստացի՝ քնի խանգարումները դասվում են դեպրեսիայի հիմնական ախտանշանների շարքին և հանդիպում են ընկճախտից տառապողների 97%-ի մոտ:

5.      Միգրեն

Միգրենն ու գլխացավերը նույնպես կարող են պայմանավորված լինել դեպրեսիայով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպրեսիայի դեպքում առավել հաճախ նկատվում է աուրայով միգրեն: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի առաջացման հավանականությունը շատ ավելի բարձր է հաճախակի գլխացավերից ու միգրեններից տառապող միջին տարիքի կանանց մոտ:

6.      Մաշկային խնդիրներ

Դեպրեսիան կարող է նպաստել սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի բարձրացմանը, իսկ այս հորմոնն, իր հերթին, կարող է դառնալ մաշկային խնդիրների (էկզեմա, պսորիազ, ակնե և այլն) առաջացման պատճառ կամ էլ ավելի վատացնել մաշկի վիճակն արդեն իսկ առկա խնդիրների դեպքում:

7.      Կրծքի ցավեր

Նման ցավերը սրտի հետ կապված խնդիրների ամենատարածված ախտանշանն են, սակայն քչերը գիտեն, որ դրանք կարող են պայմանավորված լինել նաև դեպրեսիայով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպրեսիան կարող է զգալիորեն բարձրացնել սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը, ուստի նման ցավերը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

8.      Բերանի խոռոչի հետ կապված խնդիրներ

Ընկճախտը կարող է բացասաբար ազդել նաև բերանի խոռոչի առողջության վրա: Ընդ որում՝ սա առաջին հերթին պայմանավորված է բերանի խոռոչի հիգիենային չհետևելով, ինչը հատուկ է դեպրեսիայից տառապող մարդկանց:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook