Wednesday, April 24, 2024
ՀայտարարություններՆորություններ

Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ

Այս սեպտեմբերից մարզային բոլոր եւ երեւանյան տասնյակ դպրոցների աշակերտների շրջանում կսկսի իրականացվել ակնային խնդիրների վաղաժամ հայտնաբերման սքրինինգային ծրագիր: Առաջիկայում նման նախաձեռնություն կիրականացվի նաեւ մարզերի բոլոր մանկապարտեզներում` նպատակ ունենալով ժամանակին բացահայտել երեխաների մոտ առկա ակնաբուժական խնդիրները եւ համապատասխան բուժման ուղեգրման միջոցով կանխել հետագա բարդությունները:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի մանրամասները քննարկվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի հանդիպման ժամանակ: Վերջինս փոխանցել է, որ ժամանակակից միջոցներով իրականացվելիք կանխարգելման հետազոտությունների արդյունքները կամբողջացվեն` ստանալու ակնաբուժական խնդիրների տարածվածության ընդհանուր պատկերը: Քննարկվել են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ Ավետիս էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորությունները, ինչը կնպաստի մանկական ակնաբուժական խնդիրների լուծմանը՝ հեշտացնելով երեխաների առողջական վիճակին վերաբերող տեղեկատվության փոխանցումը ծնողների եւ բուժանձնակազմի միջեւ եւ հետագա բուժումը:
Նախարար Թորոսյանը մեծապես կարեւորել է հիմնադրամի կողմից ավելի քան 25 տարի Հայաստանում բժշկական բարեգործական լայնածավալ ծրագրերի իրականացումն ու ընդգծել իր պատրաստակամությունը հետագա գործակցության նոր եզրեր գտնելու ու առկա ծրագրերին նոր որակ հաղորդելու առումով:
Նունե Եղիազարյանը մանրամասնել է նաեւ, որ սեպտեմբերի վերջին Շիրակում տեղի կունենա մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը: Առաջիկայում նախատեսվում է նաեւ եռօրյա միջազգային համաժողով:
Քննարկվել են նաեւ Կուրության կանխարգելման ազգային ծրագրի հետագա ընթացքին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ հետագա քննարկումների եւ հանդիպումների միջոցով համատեղ ծրագրերը կլինեն ուշադրության կենտրոնում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook