Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ե՞րբ և ինչո՞ւ է առաջանում սրտխառնոց

Այս տհաճ երևույթը ծանոթ է յուրաքանչյուրին: Սրտխառնոցց անհանգստության ու անհամարության անսովոր զգացում է ստամոքսի շրջանում: Երբ մեքենայով տարածություն անցնելուց ու թռիչքի ժամանակ է սրտխառնոց առաջանում, դա մի բան է: Այլ բան է, երբ այն անընդհատ է կամ թեկուզ էպիզոդիկ, սակայն` պարբերաբար (օրինակ` ամեն առավոտյան): Դա արդեն օրգանիզմում կատարվող լուրջ խնդիրների մասին կարող է վկայել:

Ներկայում մեծ թվով հիվանդություններ կան, որոնք ուղեկցվում են սրտխառնոցի զգացումով: Դրանք են` խոլեցիստիտը, գաստրիտը, լեղաքարային հիվանդությունը, աղիքային վարակները: Եվ սրանք հիվանդությունների մի փոքր մասն են միայն: Ամեն առավոտ սրտխառնոցի զգացումը կարող է լյարդի ու մարսողական համակարգի խնդրի հետևանքով առաջանալ, նաև` սիրտ-անոթային ու ներզատիչ համակարգերում առաջացած խանգարման հետևանքով: Առավոտյան սրտխառնոցի պատճառ կարող են լինել նաև հելմիտները (ճիճվային հիվանդություններ): Պատճառները բազում են, ուստի ինքնուրույն ախտորոշել հիվանդությունը խիստ դժվար է, եթե չասենք` անհնար: Ճշգրիտ ախտորոշման համար պետք է հետազոտություններ կատարվեն, արյան ընդհանուր ու կենսաբանական քննություն: Պետք է որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն անցնել, գաստրոսկոպիա կատարել:

   Հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ բժիշկը կախտորոշի ու համապատասխան բուժում կնշանակի: Եթե սրտխառնոց է առաջանում հաց ուտելուց հետո, ապա պատճառները հասկանալու համար, նախ, պետք է վերլուծել սննդային սովորություններն ու փոխել ընդհանուր կենսակերպը: Սթրեսներ, վիտամիններով ու միկրոտարրերով աղքատիկ սնունդ, սակավաշարժություն. այս ամենն ուղեկցում է գրեթե յուրաքանչյուր քաղաքաբնակի:

 Ուտելուց հետո առաջացած սրտխառնոցն ազդարարում է, որ ժամանակն է վերանայել օրվա ռեժիմը: Կարելի է սննդակազմը փոփոխել, ներառել մրգեր ու բանջարեղեն, փորձել հրաժարվել ծանր ու յուղոտ սննդից: Նվազեցրեք աղի ու համեմունքի քանակը: Սթրեսը վերացնելու փորձված միջոց է լողը: Շաբաթական ընդամենը 2 պարապմունքը կօգնի բարելավելու ինքնազգացողությունը: Երկու շաբաթից ո՛չ միայն ուտելուց հետո սրտխառնոցը կվերանա, այլև գլխացավը կնվազի և քունը կկարգավորվի:

Եթե նոր դեղ եք օգտագործում ու ամեն անգամ հաց ուտելուց հետո սրտխառնոց է առաջանում, ապա պետք է մասնագետի դիմել` այլ դեղ ընտրելու համար: Եթե սրտխառնոց է առաջանում ուտելուց մի քանի ժամ հետո, ապա հնարավոր է, որ թունավորում է: Ու սրտխառնոցի դեպքում պետք է ինքներդ ձեզ օգնեք փսխում առաջ բերելու: Դրա համար պետք է 1-2 բաժակ ջուր խմել փոքր կումերով, ապա` ակտիվացված ածուխ և պառկել: Իսկ եթե սրտխառնոցը դրանից հետո էլ շարունակվում է, ապա շտապօգնություն կանչեք:

Տևական սրտխառնոցը կարող է վկայել նախաինֆարկտային վիճակի մասին: Եթե սրտխառնոցից բացի նաև շնչահեղձ եք լինում, մաշկը գունատվում է, սիրտը ցավում է կամ էլ ցավը ձեռքի վրա է տարածվում, ապա իսկույն պետք է շտապօգնություն կանչել: Առավոտյան ուժեղ սրտխառնոցը, որը թուլանում է օրվա ընթացքում և ուղեկցվում է գլխացավով, հոգնածությամբ ու այտուցներով, խոսում է արյան բարձր ճնշման մասին: Անպայման դիմեք սրտաբանի: Հնարավոր է` հարկ լինի դեղաբույսեր ընդունել, որոնք կօգնեն կարգավորելու ճնշումը:

 Անընդմեջ սրտխառնոցը, անկախ սնունդ ընդունելուց, որն ուղեկցվում է ստամոքսի աջակողմյան ցավով ու բարձր ջերմությամբ, վտանգավոր ահազանգ է: Հնարավոր է, որ բորբոքված է կույրաղիքը: Անհրաժեշտ է շտապօգնություն կանչել:

Անընդհատ սրտխառնոցը նորմալ չէ ու վտանգավոր է: Եթե սրտխառնոց է առաջանում դաշտանից առաջ, դա վկայում է, որ ամսվա որոշակի օրերին ոսկրածուծի հեղուկի մեջ փոփոխվում է սերոտոնինի քանակը: Այդ ավելցուկն էլ սրտխառնոց է առաջացնում: Սրտխառնոց այդ տեսակը ճիշտ է, վտանգավոր չէ, բայց կարելի է թեթևացնել վիճակը: Դրա համար մարսողական համակարգը չպետք է ծանրաբեռնել, հրաժարվեք ծխախոտից ու ալկոհոլից, շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում: Իսկ եթե մարզասրահ եք հաճախում, ապա դաշտանից առաջ հրաժարվեք դրանից, փոխարենը` զբոսնեք: Դաշտանի խանգարման դեպքում սրտխառնոցն ավելի ուժեղ կարող է լինել: Անպայման դիմեք մասնագետի: Գրագետ բուժման դեպքում կարելի է ազատվել ո՛չ միայն տհաճ զգացողությունից, այլև` հիվանդությունից:

Եթե սրտխառնոց է առաջանում երեկոյան: Հաճախ երեկոյան ժամերին սրտխառնոց են ունենում լեղուղիների հիվանդությունների դեպքում: Ու կրկին հիշեք. ինքնուրույն ախտորոշել, առավել ևս` բուժվել, չարժե: Դիմեք գաստրոէնտերոլոգին, նա հետազոտությունից հետո դեղորայքային բուժում կնշանակի: Ինքներդ պարզապես կարող եք փոփոխել սննդակազմը, ոչ մեծ քանակությամբ ճարպեր կարող եք ընդունել ու միմիայն շոգեխաշած կամ փռում պատրաստած սնունդ օգտագործել: Ժամանակակից մարդը սովոր է ուշ քնել: Աշխատավայրում թերսնվելուց հետո, տուն գալով, ընթրիքին ուտում է ավելի, քան պետք է: Հետևանքը լինում է այն, որ աշխատանքից հոգնած`քնում է լիքը ստամոքսով, չմարսված սննդով: Բնականաբար, այս դեպքում սրտխառնոցը զարմանալի չէ: Փորձեք ընթրել քնելուց 2-3 ժամ առաջ ու նախընտրությունը տալ սպիտակուցային սննդին, ցանկալի է` չտապակած, եփած-խաշած բանջարեղեն: Ուրեմն, եթե սրտխառնոց ունեք, ապա դիմեք մասնագետի: Ուժեղ ու անընդհատ սրտխառնոցի դեպքում` շտապօգնություն հրավիրեք: Ոչ անընդհատ, սակայն անհանգստացնող սրտխառնոցի դեպքում դիմեք բժշկին: Գնահատելով ձեր բոլոր գանգատները, նա համապատասխան բժշկի մոտ կուղարկի ձեզ: Հետևեք ձեր կենսակերպին. առողջ սնունդ, հանգիստ քուն, մաքուր օդ, սրանք սրտխառնոցի դեմ պայքարում առաջին օգնականներն են: Սրտխառնոցի նոպայի ժամանակ բացեք լուսամուտն ու խորը շնչեք: Տհաճ զգացումները կարելի է վերացնել նաև ձեռքի տակ գտնվող միջոցներով, օրինակ, թաշկինակի վրա կատվախոտի թուրմի կաթիլներ կաթեցրեք ու շնչեք: Կամ էլ` կերեք, խմեք թթու ինչ-որ բան:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook