Thursday, April 25, 2024
Նորություններ

Եթե մի մանկապարտեզում 5 երեխայի մոտ դիզենտերիայի հարուցիչ է նկատվել, դա չի նշանակում, որ այնտեղ բռնկում կա. ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի ԺՊ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Զարդարյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ թեև ամռան այս ամիսներին աղիքային հիվանդություններով մարդկանց հոսքը հիվանդանոց մեծացել է, սակայն դրանում որևէ արտառոց բան չկա:

«Ամռան ամիսներին աղիքային հիվանդությունների հոսքը մեծանում է, որի մի մասի մոտ հայտնաբերվում է «դիզենտերիա» կոչվող հիվանդությունը, և դրանում որևէ արտակարգ բան չկա»,-ասաց նա:

Կոնկրետ «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատությունից, ըստ բժշկի, 6 երեխա է հիվանդանոց բերվել, նրանցից 4-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա), որն արտահայտվել է լուծով, ջերմության բարձրացմամբ: «Բոլորն առողջացել են, մի մասը գնացել է տուն, մի մասը բուժումը ստանում է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Գուլիվեր» մանկապարտեզում երեխաների մոտ դիզենտերիայի դեպք է գրանցվել, հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Միաժամանակ Էդուարդ Զարդարյանը նշեց, որ եթե նույնիսկ մի մանկապարտեզում 5 երեխայի մոտ այդ հարուցիչը նկատվում է, չի կարելի ասել, որ մանկապարտեզում դիզենտերիայի մեծ բռնկում կա: «Այս երեխաները 4-5 տարեկան են, ուտում են  անլվա միրգ, ձեռքերը չեն լվանում, դա պետք չէ կապել որևէ բռնկման հետ: Մենք տարբեր մանկապարտեզներից ամեն օր հիվանդներ ենք ընդունում: Ընդամենը պետք է զգոն լինել, երեխաների սնունդը համապատասխանեցնել շոգ եղանակին, երեխաները ձեռքերը հաճախակի լվանալ»,-ասաց նա:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ միայն 2017թ. հիվանդացում դիզենտերիայով ունեցել են 263 հիվանդ, որոնք բարեհաջող առողջացել են և գնացել տուն:

«Այսօրվա դրությամբ ունենք 86 դեպք, ինքներդ դատեք: Թեև առաջիկայում դեռ ամռան ամիսներ են և բավական թվով հիվանդներ, կարծում եմ, կլինեն»,-ասաց նա:

Նյութի աղբյուրը՝ Tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook