Thursday, April 18, 2024
Նորություններ

ԵՊԲՀ ոսկե մեդալ՝ անվանի հոգեբույժ Ադել Թադևոսյանին

Մեր երկրում սթրեսաբանության հիմնադրման և զարգացման, գիտամանկավարժական երկարամյա և անմնացորդ գործունեության համար անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանն այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ԵՊԲՀ ոսկե մեդալի:

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը` ներկայացնելով հոգեբույժի մասնագիտական գործունեությունը նշեց, որ պատվաբեր պարգևը հանձնվում է մի մարդու, ով հանդիսանալով ԵՊԲՀ շրջանավարտ մեծ ներդրում ունի Հայաստանում սթրեսաբանության զարգացման գործում։

Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեությունն անմիջական կապ ունի խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման հետ:

Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության 50-ից ավելի տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը: Նրա ամբողջ գիտական, մանկավարժական գործունեությունն ուղղված է եղել «Սթրեսաբանության» գծով կլինիական օրդինատորների վերապատրաստմանը: Մանկավարժական գործունեության 40 տարվա փորձ ունեցող մասնագետը ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալել նաև այլ կրթական հաստատություններում։ 2003թ. Թադևոսյանը Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել է նաև սթրեսաբանության ամբիոն: Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեության մեջ շրջադարձային են Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող տարիները: Արհավիրքից ընդամենը չորս ամիս անց 1989թ. նրա ջանքերով Հայաստանում հիմնադրել է հոգեկան առողջության «Սթրես» կենտրոնը:

Ղեկավարելով այս կառույցն ավելի քան տասը տարի, նրա շնորհիվ ապահովվել է Հայաստանում հոգեբուժական մասնագիտացած ծառայության զարգացումը: Մասնագետն առաջիններից մեկն էր, որ խոսեց հոգեկան տրավմայի և մի շարք հիվանդությունների զարգացման գործում դրա ունեցած պաթոլոգիական դերի մասին:

 

Նաև առաջինն է բարձրաձայնել ուսանողների համար «Ստրեսաբանություն» ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին: Ժամանակի ընթացքում «Սթրես» կենտրոնը վերածվեց գիտագործնական հաստատության: Հետերկրաշարժյան տարիներին ՄԱԿ-ի կողմից ստեղծվեց «Աղետների բժշկությունը» ծրագիրը: Ադա Թադևոսյանը իր թիմակիցների հետ հեղինակեցին հատուկ ձեռնարկ, ինչպես նաև փրկարարների համար անցկացրեց վերապատրաստման դասընթացներ ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Հետագայում այս աշխատանքի համար է նա Բուդապեշտում 1996թ. պարգևատրվում հուշամեդալով: «Ստրեսաբանության» հիմնադիր, պրոֆեսոր, մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների, ինչպես նաև ուսանողների համար «Սթրեսաբանության» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանը կրթության և մարդու կենսագործունեության անվտանգության խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով: Թադևոսյանը Հայկական հոգեբուժական ասոցացիայի, Հոգեբույժների համաշժարհային ասոցացիայի, Տրավմատիկ սթրեսի ասոցիացիայի անդամ է:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ում հուլիսի 7-ին կմեկնարկի «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված է անվանի հոգեբույժի 80-ամյա հոբելյանին: Այսօր էլ Ադա Թադևոսյանը իր գործըկերների հետ շարունակում է օգնել կյանքի տարբեր իրավիճակներում ծանր հոգեբանական ցնցումներ ստացած մարդկանց: Իր ստեղծագործական հետազոտությունները հեղինակը կներկայացնի նաև նոր լույս տեսած մենագրության մեջ, որի շնորհանդեսը նույնպես տեղի կունենա գիտաժողովի շրջանակում:

http://www.ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook