Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Երակների վարիկոզ լայնացում

Անոթային համակարգը մեր օրգանիզմի կարևորագույն օղակն է, որի ֆունկցիայի խաթարումները կարող են բերել ամենատարբեր հիվանդությունների ու հիվանդագին վիճակների զարգացման: Չէ՞ որ անոթային համակարգը բոլոր օրգան-համակարգերի սնուցման միջոցն է, և բնականաբար ամենաթեթև խանագրումն իր դրսևորումը կարող է գտնել և մյուս օրգանների աշխատանքի վրա:

Տարբերում են երկու տիպի երակային համակարգ` խորանիստ և մակերեսային, որոնք ապահովում են արյան հոսքը: Մակերեսային երակային համակարգի ձևափոխումը, լայնացումը կոչվում է վարիկոզ լայնացում: Երակի պատերը կորցնում են իրենց  էլաստիկությունը և չեն կարողանում ապահովել արյան արտահոսքն անհրաժեշտ քանակով: Երակների լայնացման դեպքերը, որպես կանոն, ժառանգական բնույթ են կրում և 4 անգամ ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ: Կանանց մոտ հանդիպելու հավանականությունը բացատրվում է կնոջ օրգանիզմում հորմոնալ ֆոնի տեղաշարժերի հաճախադեպությամբ:

Ապացուցվել է, որ այն դեպքում, երբ մարդու օրգանիզմում կա որևէ տեսակի ու պատճառի հորմոնալ տեղաշարժ, անպայման տուժում է նաև անոթային համակարգը: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ներզատիչ գեղձերի՝ վահանաձև գեղձի,մակերիկաների, ենթաստամոքսային գեղձի հիվանդություն ունեցողներն անպայման ունեն նաև անոթային խնդիրներ:

Չնայած այս հիվանդությունը նկարագրում էին դեռևս հին աշխարհի բժիշկները, սակայն այն համարվում է նաև քաղաքակրթության զարգացման ախտահարում:

Հիվանդության նախնական շրջանում ստորին վերջույթների վրա նկատվում են աստղիկների նմանվող մազանոթային բծեր: Ժամանակի ընթացքում, հատկապես երբ հիվանդներն ուշադրություն չեն սահմանում նոր ձևավորվող հիվանդության նկատմամբ, աստղիկները տարածքային առումով մեծանում են, ընդգծվում են մազանոթները:

Առավել տևական բարձիթողի վիճակը հանգեցնում է հիվանդության զարգացման՝ 2-րդ, 3-րդ փուլերում:

Վրիկոզ լայնացման դեպքում երակները դառնում են այտուցված և լավ տեսանելի։ Երակների լայնացման առաջացման մեջ էական նշանակություն ունեն առաջին հերթին՝ ի ծնե երակային պատերի թուլությունը, անոթների անոմալիաներն ու նաև մկանային շերտի էլաստիկության փոփոխությունը: Արյան շիթի հոսքը լայնացած երակներում հիմնականում դանդաղում է, ինչն էլ հաճախ տրոմբի պատճառ է հանդիսանում: Երակների լայնացման պատճառ կարող է հանդիսանալ հարթաթաթությունը:

Հիվանդության ամենատարածված պատճառը  կապակցող հյուսվածքի ժառանգական թուլությունն է, ինչպես նաև երկար ժամանակ կանգնած դիրքում աշխատելը: Հիվանդությունը կարող է առաջանալ հղիության ընթացքում, ավելորդ քաշի պատճառով։Առաջին նշաններն են ոտքերի չափազանց հոգնածությունը և ծանրության առաջացումը։ Հաճախ մաշկի տակից տեսանելի են դառնում բավականին խոշոր երակներ։ Ոտքերի մաշկը կարող է քոր գալ, առաջանում է տաքության զգացողություն, ինչպես նաև սրունքների և թաթերի այտուցվածություն։ Գիշերը կարող են անհանգստացնել ցավերը, որի պատճառով հիվանդը ստիպված արթնանում է:

Կանացի սեռական հորմոնները երակային պատերի վրա թուլացնող ազդեցություն ունեն: Հղիությունը ոչ միայն նպաստող, այլև ռիսկի գործոն է: Այս առումով անոթային համակարգի ամենատարբեր բարդություններից խուսափելու համար կարևոր է ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը:

Այդ թվում հղիության ընթացքում արյան հոսքը կարգավորող կոմպրեսիոն տրիկոտաժի կրումը, որը նպաստում է արյան նորմալ հոսքին:

Նույնքան կարևոր է նախա և հետծննդաբերական շրջանում անոթային համակարգին պատշաճ ուշադրությունը:

Երակային համակարգին ոչ պատշաճ ուշադրությունը կարող է հանգեցնել նաև թոմբոէմբոլիկ բարդությունների, որոնք ծննդկանի համար կարող են ճակատագրական լինել: Նույնքան վտանգավոր են փոքր կոնքի հատվածում վարիկոզ լայնացման դեպքերը:

Երակների վարիկոզ լայնացումը 3 հիմնական բարդությունների պատճառ է դառնում` թրոմբոզ, խոց և արյունահոսություն: Լայնացած, իրենց առաձգականությունը կորցրած երակները ժամանակի ընթացքում կարող են և պատռվել՝ առաջացնելով ամենատարբեր վտանգավորության բարդություններ: Նշված երեք հիվանդագին վիճակները մեծագույն բարդություն են հիվանդի կյանքում: Ազդում են կյանքի որակի վրա: Դժվար բուժելի են: Հետևաբար կարևոր է հիվանդությունը վաղ փուլերում ախտորոշելն ու բուժական միջոցառումներ ձեռնարկելը:

 

Պակաս կարևոր խնդիր չէ նաև անհարմարավետության զգացումը, քանի որ հիվանդը դժվարանում է ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, շուտ է հոգնում: Խնդիր է նաև  կոսմետիկ անհարմարավետությունը, չէ՞ որ հիվանդների մեծամասնությունը կանայք են: Ինչքան շուտ հիվանդները բժշկի հսկողության տակ անցնեն, այնքան մեծ կլինի նշված բարդությունների կանխարգելման արդյունավետությունը:

Երբ արդեն պարզ է հիվանդի անոթային համակարգի ընդհանուր վիճակը, իրականացվում է բուժական միջոցառումների ցանկը: Անկախ նրանից, թե որքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այն բուժելու և կառավարելու մի քանի հիմանկան տարբերակներ կան: Այն դեպքերում, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլում, երբ դեռ չկան տեսանելի զարգացոմներ, պարզապես նշվում են նախնական գանգատներ, հնարավոր է կանխարգելել դրա զարգացումը կոմպրեսիոն թերապիայի, ինչպես նաև որոշ դեղամիջոցների օգնությամբ: Մեծ նշանակություն ունի նաև կենսակերպը՝ վնասակար սովորությունների՝ ալկոհոլի ու ծխախոտի չարաշահումը հանգեցնում են հիվանդության վաղ և արագ զարգացման: Հատկապես բուժման ընթացքում կարևորվում է առողջ սննդակարգն ու ապրելակերպը:

Որպես կանոն, դեղորայքային և վիրաբուժական միջամտությունները զուգակցվում են, քանի որ նախքան մակերեսային փոփոխված երակների հեռացումը և հետո անց է կացվում համալիր դեղորայքային բուժում:

Գոյություն ունի վիրաբուժության մի քանի եղանակ՝ լազերային, ինչպես նաև՝ դասական բաց վիրահատություններ: Դրանց ընտրությունը պայմանավորված է հիվանդության աստիճանով ու անհատական ցուցումներով:

Կարևոր է հիշել, որ անոթային համակարգի վիրահատությունը դեռևս հիվանդության ավարտուն բուժում չէ: Այն արմատական եղանակ է պայքարելու բավական բարդ ու նուրբ հիվանդության դեմ: Միևնույն ժամանակ սկիզբն է տևական ճանապրհի, որը մեկ օրում չի սկսվել: Այս հարցում մեծագույն նշանակություն ունեն ճիշտ սննդակարգը, առողջ ապրելակերպի սկզբունքների խստիվ պահպանումը, հարակից հիվանդությունների բուժումն ու հսկողությունը:

http://healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook