Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Երեխային խաղալիք նվիրելիս ինչին պետք է ուշադրություն դարձնել. panorama.am

Առաջիկա տոներին երեխաների առավել սպասված նվերներից են խաղալիքները: Գույնից, ձևից, բովանդակությունից, տեսքից առավել կարևոր են դրանց անվտանգությունը, բաղադրությունը, նույնիսկ արձակած ձայներն ու հոտերը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցնում է՝ սխալ ընտրված վատորակ խաղալիքը կարող է երեխայի մի քանի հիվանդությունների պատճառ դառնալ՝ ալերգիա, մաշկային հիվանդություններ, նյարդային համակարգի խանգարումներ, վարքային խնդիրներ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, նույնիսկ քաղցկեղ: Կազմակերպության մասնագետները բուկլետ են պատրաստել, որտեղ հիշեցնում է. «Մեր ուշադրությունը մեր երեխաների անվտանգության երաշխիքն է»:

Կազմակերպության նախագահը խորհուրդ է տալիս խաղալիք գնելիս ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի:

«Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, որ ապրանքը լինի սերտիֆիկացված: Սերտիֆիկատի առկայությունը նշանակում է ստուգված խաղալիք»,- ասաց ՀԿ նախագահը:

Նա ցավ հայտնեց, որ սերտիֆիկատի առկայությունը չի երաշխավորում անվտանգ խաղալիք, բայց այնուհանդերձ, եթե սերտիֆիկատ կա, նշանակում է եթե նույնիսկ ամբողջությամբ ստուգված չէ, ապա գոնե մի քանի ստուգում իրականացվել է: Խաղալիքների շուկայում իրականացրած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայաստանյան շուկայում խաղալիքները հիմնականում սերտիֆիկացված չեն: Իսկ սերտիֆիկատի առկայության պարագայում էլ այն անվտանգության երաշխքի չէ:

Հաջորդ կարևոր հանգամանքը մակնշման առկայությունն է: «Պետք է խաղալիքի կամ դրա տուփի վրա լինի մակնշում, որտեղ տեսանելի կերպով նշված լինի բաղադրության վերաբերյալ տեղեկատվություն»,-նշեց Պիպոյանը:

Նրա խոսքով, պետք է պարտադիր հետևել, թե որ տարիքի համար է նախատեսված խաղալիքը: «Բացի այդ պետք է ինքնուրույն գնահատել դրա վիզուալ ազդեցությունները, այսինքն տվյալ խաղալիքը երեխայի մոտ ի՞նչ կարող է զարգացնել, ճաշա՞կ, թե՞ ագրեսիա, կամ եթե ձայն հանող մեքենա է, պետք է հասկանալ դրա հնարավոր ազդեցությունը: Խաղալիքը պետք է չունենա տարօրինակ հոտ: Դա խոսում է խաղալիքի բաղադրության մեջ վտանգավոր նյութերի առկայության մասին, բացի այդ, այն որպես հոտ էլ կարող է վատ ազդեցություն ունենալ»,-ասաց ՀԿ նախագահը:

Անդրադառնալով տարածված կարծիքին, որ չինական արտադրության խաղալիքները վատ որակ ունեն, Պիպոյանը նշեց, որ դա միանշանակ չէ: Կան չինական և բարձրորակ, և ցածրորակ խաղալիքներ, նույնը կարելի է ասել ցանկացած երկրի արտադրության ապրանքի մասին: «Որևէ երկրով ապրանքի որակն ու անվտանգությունը պայմանավորել չի կարելի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Greenpeace միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպությունը Մաքսային միության անդամ երկրներից գնած խաղալիքներն ուսումնասիրության է ենթարկել: Հայաստանից կազմակերպության մասնագետները գնել են չինական արտադրության փոքրիկ մեքենա, ֆտալատի անվտանգության նորման գերազանցված է եղել 190 անգամ:

«Ապացուցված բան է, որ ֆտալատները կարող են էնդոկրին համակարգի խախտումներ առաջացնել, հանգեցնել դիաբետի, ճարպակալման, անպտղության ու նույնիսկ քաղցկեղի: Դրանց նկատմամբ առավել զգայուն են հատկապես փոքրիկները»,-նշել էին միջազգային կազմակերպության մասնագետները՝ ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկելով արգելել են ֆտալատների օգտագործումը խաղալիքների մեջ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook