Tuesday, April 23, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխաներին վիրուսներից պաշտպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել սննդին

Ի՞նչ անել սեզոնային վիրուսների  ժամանակ. ջերմիջեցնողներ, հազը կանխող դեղեր, հակաբիոտիկներ ու տնային մեթոդներ, վիտամիններ ու հավելումներ՝ մի շարք կանոններ ու բազմաթիվ  «չի կարելիներ»։ Քանի՞ օր կարող են տևել հարբուխն ու վիրուսը։ Երեխայի սնունդն ու լողանալը՝ հիվանդ ժամանակ…

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը ծնողներին խորհուրդ  տվեց, որպես սուր շնչառական  վիրուսների (ՍՇՎ) դեմ պայքարի կանխարգելիչ միջոց, հետևել երեխայի սննդին, ինչպես նաև՝ նրան հեռու պահել ծխախոտի ծխից, որը մեծացնում է բարդությունների վտանգը՝ շնչառական վարակների դեպքում:

«Կարևոր և խիստ անհրաժեշտ է,  որ ծնողները երեխային հագցնեն եղանակին համապատասխան, իսկ սուր շնչառական  վիրուսների զարգացման դեպքում խորհուրդ եմ տալիս  վերահսկել ջերմաստիճանը և շատ հեղուկ տալ խմելու: Տագնապալի ախտանշան է ջերմաստիճանի բարձրացման միտումը, դժվարացած շնչառությունը, թուլությունը կամ ընդհակառակը՝ չափից դուրս գրգռվածությունը»,- ասաց նա:

Մասնագետը նաև նշեց՝  կարևոր է, որ  յուրաքանչյուր երեխա ունենա իր մանկաբույժը, որի հետ բոլոր անհրաժեշտ դեպքերում կապի մեջ կլինեն, ինչի շնորհիվ կկարողանան հսկել իրավիճակը և տեղին ու ճիշտ բուժում իրականացնել:

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցներին՝  մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը խորհուրդ  տվեց  օճառով լվանալ ձեռքերը՝ հաճախ և մանրակրկիտ, վարել առողջ ապրելակերպ, բավականաչափ քնել, օգտագործել սննդարար մթերքներ և պահպանել ֆիզիկական ակտիվությունը:

Սեզոնային սուր շնչառական վիրուսների հետևանքներին, կանխարգելմանը, մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն կարող եք  ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook