Thursday, March 28, 2024
Նորություններ

Երեխաների զարգացման խնդիրները՝ միջազգային համաժողովի թեմա

Վերջին ժամանակներում զարգացման խանգարումների տարածվածությունն աճում է՝ պայմանավորված կանանց շրջանում վերարտադրողական խնդիրների առկայությամբ, ցածր և ծայրահեղ ցածր քաշով ծնված երեխաների ապրելիության բարելավմամբ, արդեն իսկ վաղ հասակում վարքագծային և սոցիալիզացման խնդիրներ առաջ գալով (օրինակ՝ աուտիզմ): Պատահական չէ, որ 2016թ. Համաշխարհային բանկի և ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի տնօրեններ Ջիմ Յոնգ Կիմը և Էնտոնի Լեյքը համատեղ հայտարարության մեջ կոչ են արել ազգային կառավարություններին և միջազգային կառավարություններին ավելացնել ներդրումները ոլորտում՝ որպես մարդկության կայուն զարգացման գրավական:

Այսօրինակ հարցեր են քննարկվել օրերս Մինսկում կայացած տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր երեխաների զարգացման և վաղ միջամտության հարցերին:

Երեխաների զարգացումն արդիական առողջապահական խնդիր է ամբողջ աշխարհում: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, վաղ մանկական հասակում երեխաների 10-16% ունենում են ֆունկցիոնալ սահմանափակումներ: Դրանց որոշակի  մասն անցնում է ինքնաբերաբար և պահանջում է գլխավորապես ճիշտ խորհրդատվություն երեխայի խնամքի մասին: Այլ խանգարումներն ի վիճակի են էապես անդրադառնալ երեխայի առողջության, զարգացման վրա, հետագայում առաջացնել կրթության սահմանափակումներ և սոցիալական բնույթի խնդիրներ, ներառյալ կայուն հաշմանդամություն:

Համաժողովին ներկայացվել են համաշխարհային միտումները, գիտության նվաճումները, տարբեր երկրների խնդիրներն ու դրանց լուծման փորձը՝ սկսած Պորտուգալիայից մինչև Թուրքմենստան: Հայաստանյան զեկույցում ներկայացվել է, որ առողջապահության ոլորտում երեխաների զարգացմանն առնչվող ծրագրերը մի շարք գործընկերների աջակցությամբ ներդրվել են 90-անների կեսերից սկսած: Առաջնային օղակում ԱՄՆ հանրահայտ Մեյո կլինիկայի մասնագետների մասնակցությամբ ներդրվել է զարգացման սկրինինգը՝ ըստ Այրտոնի: Առավել մասնագիտացված օգնություն տրամադրվում է Արաբկիր ԲՀ–ի ԱրԲեՍ կլինիկայում, Հանրապետական մանկական վերակագնողական կենտրոնում, Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնում և այլուր:

Կարևորագույն նվաճում է 2005թ. սկսված և փուլ առ փուլ տարածված նեոնատալ սկինինգների ներդրումը՝ բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, տեսողության, բնածին հոդախախտի ուղղությանբ, ինչի արդյունքում հարյուրավոր երեխաներ խուսափել են լիակատար հաշմանդամության զարգացումից:

Զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, վերականգնողական ծառայությունների մատչելիության նպատակով Մալաթիա-Սեբաստիա  համայնքում ներդրվել է համայնքահեն նորարարական, ինտեգրացված (առողջապահական-կրթական-սոցիալական) մոդել, որը ներառում է համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան, թիվ 92 ներառական մանկապարտեզը, ուր ստեղծվել են պայմաններ հաշմանդամության թեթև, միջին և ծանր ձևերով երեխաների ներառման համար:

Համեմատականը այլ երկրների տվյալների հետ ցույց է տալիս հետևյալը՝ այն, ինչ  Հայաստանում սկսվել է 90-ականների վերջին, նույնիսկ մի շարք  արևելաեվրոպական երկրներում ներդրվել է վերջին տարիների ընթացքում միայն: Պատահական չէ, որ հայաստանյան մասնագետները մշակում և ներդnում են ծրագրեր միջինասիական երկրներում: Այդուհանդերձ, Հայաստանում կան նաև մի շարք լուրջ խնդիրներ, որոնցից առավել արդիականը ռեսուրսների խիստ սակավությունն է, դրանից բխող  ծառայությունների հասանելիությունը, իսկ մի շարք մարզերում դրանց բացակայությունը:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի, Բելառուսի կառավարության և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ջանքերով: Կազմակերպիչների հրավերով համաժողովին մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի երեխաների առողջության բաժնի պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» ԲՀ–ի  Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Երեխաների զարգացման ծրագրերը համակարգող Սերգեյ Սարգսյանը, ինչպես նաև ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ Ալվարդ Պողոսյանը և Մայա Սիմոնյանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող, տվյալ ոլորտում մեծ ավանդ ունեցող Նաիրա Ավետիսյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook