Wednesday, April 24, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Երեխաների մոտ մենինգիտի առաջացման պատճառները, հիմնական ախտանշաններն ու բարդությունները

Մենինգիտը դասվում այն հիվանդությունների շարքին, որոնց մասին անգամ լսելը խուճապ է առաջացնում բոլոր ծնողների շրջանում: Մինչ օրս շատերը կարծում են, որ այս հիվանդությունը գրեթե «դատավճիռ» է երեխայի համար, քանի որ անգամ այն բուժելու դեպքում մեծ է հաշմանդամության հավանականությունը:

Այնուամենայնիվ՝ սա այն հիվանդությունն է, որը հնարավոր է և պետք է բուժել, իսկ բուժման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է լինում ժամանակին ցուցաբերված բուժօգնությունից: Սա է պատճառը, որ հարկավոր է կարողանալ տարբերել մենինգիտի ախտանշաններն ու խուսափել դրա առաջացումից:

Ինչ է մենինգիտը և որոնք են դրա առաջացման պատճառները

Մենինգիտը հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում են գլխուղեղի և ողնուղեղի թաղանթները: Հիվանդության առաջացման պատճառներն ու հարուցիչները կարող են տարբեր լինել՝ բակտերիաներ, վիրուսներ կամ սնկեր:

Այս հիվանդությունը զարգանում է, երբ հարուցիչը հայտնվում են գանգի ներսում և ախտահարում գլխուղեղի թաղնթը: Այն հաճախ ձևավորվում է որպես բարդացում այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են հայմորիտը կամ թարախային ականջաբորբը, սակայն մենինգիտի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև գանգուղեղային վնասվածքը:

Մենինգիտի ախտանշանները երեխաների մոտ

Չնայած, որ մենինգիտն ունենում է տարբեր տեսակներ ու հարուցիչները, այնուամենայնիվ դրա բոլոր տեսակների ախտանշանները, որպես կանոն, նման են լինում: Սա շատ վտանգավոր հիվանդությունը է՝ հատկապես երեխաների համար, իսկ դրա բարեհաջող բուժումը կախված է ժամանակին հացսված բուժօգնությունից: Սա է պատճառը, որ հարկավոր է ուշադիր լինել և սովորել տարբերել հիվանդության ախտանշաններ:

Մենինգիտի ախտանշաններն են.

·         Տենդը. մենինգիտի ախտանշաններից մեկը կտրուկ սկսված տենդն է, որի դեպքում երեխան սկսում է դողալ ու մրսել: Հիվանդի մարմնի ջերմաստիճանը շատ արագ բարձրանում է և այն իջեցնելը շատ դժվար է լինում: Սակայն այս ախտանշանը կարող է վկայել նաև մի շարք այլ հիվանդությունների մասին, ուստի հարկավոր է ուշադրություն դարձնել երեխայի վիճակին և այլ ախտանշանների առկայությանը:

·         Ուժգին գլխացավը. մենինգիտի դեպքում գլխացավը հաճախ անտանելի է լինում: Ընդ որում՝ հաճախ ցավը տարածվում է նաև պարանոցի հատվածում, սակայն սարսափելի գլխացավի պատճառով նա կարող է չնկատել դա: Նորածինների մոտ բոնորոշ ախտանշան կարող է լինել նաև ուռուցիկությունը գաղտտունի հատվածում:

·         Պատկերի երկակիությունը. մենինգիտի դեպքում հիվանդը դժվարանում է կենտրոնացնել հայացքը, ինչի հետևանքով առաջանում է պատկերի երկակիություն:

·         Որովայնի ցավերը, սրտխառնոցն ու փսխումը. այս հիվանդությունը բնորոշվում է նաև ախորժակի կորստով, ինչը մասամբ պայմանավորված է լինում մշտական սրտխառնոցով: Ընդ որում՝ սրտխառնոցը կարող է ուղեկցվել որովայնի ցավերով ու փսխումով:

·         Լույսի հանդեպ գերզգայունությունը. հիվանդության ախտանշաներից մեկը լույսի հանդեպ գերզգայունությունն է, որի հետևանքով նկատվում է արցունքահոսություն, ինչպես նաև ուժեղանում են սրտխառնոցն ու գլխացավը:

·         Ծոծրակի մկանների ռիգիդությունը. մենինգիտին բնորոշ ախտանշաններից մեկն է հիվանդի դիրքը. նա հաճախ պառկած է լինում կողքի վրա՝ գլուխը ետ տարած և ոտքերը ծալած: Ընդ որում՝ նա ոչ մի կերպ չի կարողանում ուղղել պարանոցը:

·         Ծալված ոտքերը. անգամ եթե ստացվում է մենինգիտից տառապող երեխայի գլուծը մոտեցնել կրծքին, նա անմիջապես ծալում է ոտքերը, որոնք ուղղելն այդ դիրքում անհնար է լինում: Այս երևույթն անվանվում է Բրուձինսկու վերին ախտանիշ: Բացի այդ, մենինգիտի դեպքում կարող է ի հայտ գալ նաև Կերնիգի ախտանիշ, որի ժամանակ հիվանդը չի կարողանում ուղղել ոտքը, եթե այն ծալված է (90°):

·         Մաշկային ցանը, որը չի գունատվում. այս հիվանդության դեպքում կարող է առաջանալ նաև մաշկային ցան, որը կարելի է տարբերել հասարակ ցանից մի պարզ թեստի օգնությամբ: Հարկավոր է վերցնել թափանցիկ ապակուց պատրաստված բաժակ, մոտեցնել այն ցանով ախտահարված մաշկին և մի փոքր սեղմել, որպեսզի մաշկը գունատվի: Եթե մաշկի հետ մեկտեղ գունատվում է նաև ցանը, ապա անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ հակառակ դեպքում հարկավոր է շտապ դիմել մասնագետին:

Ինչ բարդություններ կարող են առաջանալ երեխայի մոտ մենինգիտի դեպքում

Մենինգիտի դեպքում երեխային անհապաղ բուժօգնություն է հարկավոր, այլապես կարող են զարգանալ մի շարք վտանգավոր բարդություններ: Առավել տարածված ու տհաճ բարդությունների շարքին են դասվում.

·         հաճախակի ու անտանելի գլխացավերը,
·         ֆիզիկական ու մտավոր զարգացման վառ արտահայտված խանգարումները,
·         հոգեկան զարգացման խանգարումները,
·         էպիլեպսիան,
·         տեսողության ու լսողության կորուստը,
·         մկանային ջղաձգումները,
·         լյարդային անբավարարությունը,
·         գլխուղեղի այտուցը:
Այնուամենայնիվ՝ նշված բոլոր բարդությունները սովորաբար ի հայտ են գալիս ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում, ուստի դրանցից կարելի է խուսափել՝ պարզապես ուշադիր լինելով և ախտանշանների դեպքում ժամանակին մասնագետին դիմելով:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook