Saturday, April 20, 2024
Նորություններ

Երեխաների սրտի վիրահատությունն անվճար է. տարեկան կատարվում է մինչեւ 210 վիրահատություն

ՀՀ առողջապահության նախարարության՝ օրեր առաջ հրապարակած տեղեկատվությունը վկայում է, որ ընթացիկ տարվա տասը ամսում սրտի վիրահատության է ենթարկվել 0-18 տարեկան 161 երեխա: Անցյալ ամբողջ տարում` 2015 թվականին, այդ թիվը կազմել է 206: Նախորդ տարիների վերաբերյալ հստակ ցուցանիշներ գերատեսչությունում դժվարացան նշել, բայց վստահեցրին, որ աճման միտում չկա:

Մասնագետները հավաստիացնում են, որ առկա պատկերն օրինաչափ է եւ տագնապելու առիթ չի տալիս: «Վերջին տարիներին, մեր վիճակագրությամբ, վիրահատվում է մոտավորապես 180-200, երբեմն մինչեւ 210 երեխա: Ես չէի ասի, որ դրանք ճչացող, չափազանց մեծ թվեր են, այլ մեր ազգաբնակչությանը հարիր, ամբողջ աշխարհի հետ տոկոսային հարաբերակցությամբ համեմատած նորմալ վիճակագրություն է»,- ասաց Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը: Այստեղ մանկական սրտի վիրաբուժության բաժանմունք ստեղծվել է 1990-ականների սկզբին` անվանի բժիշկ Հրայր Հովակիմյանի ջանքերով, որտեղ էլ մինչեւ օրս իրականացվում են Հայաստանում ապրող երեխաների սրտի վիրահատությունները:

Լիդա Մուրադյանը, անդրադառնալով բաժանմունքի գործունեության առաջին տարիներին, նկատեց, որ այն ժամանակ բավական մեծ էր սրտի խնդիրներով դիմող երեխաների թիվը: «Այդ տարիներին, փաստորեն, շատ երեխաներ կուտակվել էին, որովհետեւ մանկական սրտի վիրաբուժություն չկար: Հատուկենտ երեխաներ, այն էլ ոչ շատ բարդ վիրահատությունների անհրաժեշտության դեպքում, տեղափոխվում էին մերձբալթյան երկրներ, հիմնականում Վիլնյուս: Փառք Աստծո, Հրայրի գալով` մենք հիմքը դրեցինք մանկական սրտի վիրաբուժության»,- ասաց նա:

Բուժկենտրոնի տնօրենը նաեւ փաստեց, որ երեխաների սիրտը վիրահատելու կարիք առաջանում է բնածին արատների պատճառով: Միեւնույն ժամանակ նկատեց, որ այդ արատների քանակը նույնպես նվազել է: «Պետք է շարունակել ճանապարհ գտնել եւ մասնագիտական լուծումներ տալ, որ ներարգանդային կյանքում բնածին արատները ախտորոշվեն, ինչպես որ մեզ մոտ ենք ախտորոշում: Եթե հղիության ընթացքում պտղի մոտ հայտնաբերվում են բնածին արատներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են, շատ հաճախ մեր բժիշկներն առաջարկում են ընդհատել հղիությունը, որովհետեւ անգամ երեք-չորս վիրահատությունից հետո տվյալ արատը կարող է լիարժեք չվերանալ»,- շարունակեց տիկին Մուրադյանը:

Մինչեւ 18 տարեկան երեխաների սրտի վիրահատությունները պետք է իրականացվեն պետական պատվերով: Այսինքն` հիվանդի փոխարեն բուժհաստատությանը պետք է վճարի պետությունը: Վերջին տարիներին, սակայն, հաճախ է բժշկական այս կամ այն ծառայության վերաբերյալ հայտարարվում, որ իրականում պետական բյուջեն չի կարողանում փոխհատուցել տվյալ ծառայության ռեալ արժեքը, ուստի դա ստիպված են լինում լրացնել հիվանդի հարազատները: Լիդա Մուրադյանը վստահեցրեց, որ սրտի հետ կապված վիրահատական միջամտությունների դեպքում նման խնդիր չկա. «Ի սկզբանե վճարի հարցը պետության մենաշնորհն է եղել, եւ ես չեմ հիշում, որ երբեւիցե մենք երեխաների սրտի վիրաբուժության հետ կապված ֆինանսական խնդիր ունենանք: Մենք ստանում ենք լիարժեք փոխհատուցում»:

Տվյալ դեպքում երեխաների սրտի վիրահատությունը, կախված արատների տիպից եւ այն բանից, թե արդյոք կա՞ արհեստական սրտի անհրաժեշտություն, ունենում են բարդության տարբեր աստիճան: Ըստ այդմ, պետության կողմից վիրաբուժական միջամտության դիմաց փոխհատուցվող գումարը կազմում է 800 հազարից մինչեւ 2.5 միլիոն դրամ:

««Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 0-ից մինչեւ 100 տարեկան որեւէ մեկին երբեք չի ասում` վիրահատության համար այս բանը գնեք, բերեք, որովհետեւ մենք չունենք: «Նորք-Մարաշը» իր ստեղծման օրվանից մինչեւ այս պահը հիվանդից չի պահանջել որեւէ էժանագին կամ թանկարժեք դեղ, ներարկիչ եւ այլն: Դա բացառվում է: Մենք մեր հարցերը պետության հետ ենք լուծում, եւ նրանք շատ ընդառաջում են, լսում են ու գնահատում են մեր ծառայությունը»,- հայտարարեց կենտրոնի ղեկավարը:

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը մեր զրույցում ասաց, որ առհասարակ սրտանոթային հիվանդությունների առումով առկա է ցուցանիշների բարելավում: «Ինչպես ամբողջ եվրոպական տարածաշրջանում, այնպես էլ մեզ մոտ վերջին երկու տարում ցուցանիշների կայունացում է գրանցվել եւ մի փոքր էլ բարելավում»,- ընդգծեց նա:

Ասաց, որ պատճառը կանխարգելիչ միջոցառումների ակտիվացումն է, առողջ ապրելակերպի քարոզչությունը, կանխարգելիչ հետազոտությունները եւ այլն: Դրան, ըստ վարչության պետի, գումարվում է ներարգանդային կյանքում պտղի հետազոտման պրակտիկան: Ծաղիկ Վարդանյանը նաեւ նկատեց, որ 0-7 տարեկան երեխաների դեպքում բժշկական օգնությունն այսպես թե այնպես անվճար է, իսկ ինչ վերաբերում է սրտի վիրաբուժական միջամտություններին, ապա դա, ըստ կարգի, անվճար է, եթե երեխան գտնվում է դիսպանսեր հսկողության տակ:

«Որպես կանոն՝ չի լինում, որ մինչեւ երեխայի 7 տարեկանն այդ արատները չդրսեւորվեն: Բայց եթե անգամ դրանք դրսեւորվում են ենթադրենք 8 տարեկանում, նա արդեն վերցվում է դիսպանսեր հսկողության տակ: Նախարարի հրամանով հաստատված չափորոշիչով մենք ասում ենք հետեւյալը. սա առաջնահերթություն է եւ մանուկների առողջության հետ է կապված»,- նշեց նախարարության վարչության պետը:

Նյութի աղբյուր՝  http://www.armtimes.com/hy/article/99362

Leave a Reply

x Close

Like Us On Facebook