Friday, April 19, 2024
Նորություններ

Երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը կապահովվի 100 տոկոսով

ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով: Որոշման կատարման արդյունքում պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2017-2019թթ. շաքարային դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը կապահովվի անխափան և 100 տոկոսով։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեցտարի աճում է։ ՀՀ-ում 2016թ. մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող հիվանդների տարեկան աճը կազմել է 8, իսկ 18-22 տարեկաններինը՝ 14,4 տոկոս:

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին պետությունը ներկայումս ապահովում է ինսուլինային անալոգով՝ լիզպրոյով, որը զգալի առավելություններ ունի մարդկային ինսուլինի նկատմամբ: Այն կարելի է ներարկել ոչ միայն ուտելուց առաջ, այլև ուտելուց անմիջապես հետո՝ ընդունած սննդին համապատասխան։

Տիպ 1 շաքարային դիաբետ ունեցողները ինսուլին լիզպրոյի հետ միաժամանակ այժմ ապահովվում են միջին ազդեցության ինսուլինով, որը ներարկվում է օրը 2 անգամ։

ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշման համաձայն այսուհետև միջին ազդեցության ինսուլինը կփոխարինվի երկարատև ազդեցության ինսուլինային անալոգ գլարգինով։

Այն կբարձրացնի բուժման արդյունավետությունը, ինչպես նաև զգալիորեն կկանխարգելի դիաբետի հետագա բարդությունները։

Ինսուլինային անալոգ գլարգինն ունի 24 ժամից ավելի ազդեցության տևողություն, հետևաբար ներարկվում է օրը մեկ անգամ։ Կարևոր է, որ ինսուլին գլարգինն ազդեցության առավելագույն պիկ չունի, որի շնորհիվ կտրուկ կրճատվում են դիաբետի սուր բարդություն հանդիսացող հիպոգլիկեմիանների հաճախականությունը։

Նշենք, որ համաշխարհային ժամանակակից ուղեցույցներում (ISPAD, ADA, EASD) որպես տիպ 1 շաքարային դիաբետի բուժման լավագույն ինսուլինային բուժման սխեմա նշվում է գերկարճատև և երկարատև ազդեցության ինսուլինային անալոգների համակցումը։

Նոր դեղի կիրառման արդյունքում կբարձրանա դիաբետով հիվանդ երեխաների ու երիտասարդների բժշկական օգնության որակը,  կբարելավվի  նրանց առողջական վիճակը և կյանքի որակը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook