Friday, March 29, 2024
ՀայտարարություններՆորություններ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Երևանում հուլիսի 4-ից 6-ը կկայանա Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը, որի նախապատրաստական աշխատանքների սկիզբ հայտարարվել էր 2018 թվականը: Այդ մասին օրերս կայացած գիտական խորհրդի նիստի ժամանակ ասել է համագումարի նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: 

«Դեռ անցյալ տարի կազմավորվեց համագումարի կազմկոմիտեն, հստակեցվեց համագումարի ծրագիրը, ստեղծվեց կայք, և այն արդեն հասանելի է։ Հասցրեցինք համագումարի մասին տեղեկացնել մասնագետներին ու բժիշկներին ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև իրենց գործունեությունը արտերկրում ծավալող գործընկերներին ու հայրենակիցներին։ Պետք է ասեմ, որ սերտ համագործակցում ենք ՀԲՄԿ նախագահ Վիգեն Սեպիլյանի և վերջերս ԱՄՆ տեղափոխված բժիշկ Գևորգ Յաղջյանի հետ, ով համագումարի համանախագահն է »,- ասել է Ա. Չարչյանը։

Ըստ Ա. Չարչյանի, համագումարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությունը: Համագումարը կլուսաբանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթության և հարակից այլ բժշկական ոլորտներում արդի խնդիրները և առաջխաղացումները։

download

«Հաշվի առնելով Հայաստանում իրականացված միջազգային բժշկական համագումարների հաջողությունները՝ Հայաստանի առողջապահության նախարարության և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) բարձր հովանու ներքո 2019 թվականին կայանալիք համագումարը կանդրադառնա մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին: Հիմնական բանախոսները և քննարկման մասնակիցները կկենտրոնանան համապատասխան թեմաների ավելի լայն շրջանակի վրա՝ ներառելով Հայաստան-Սփյուռք-Արցախ արդյունավետ համագործակցությունը և վերջիններիս առողջապահությանն առնչվող արդի խնդիրները։

Հուլիսի 3-ին կկազմակերպվեն սաթելիտային սիմպոզիումներ` միջազգային համագործակցության միջև կամուրջներ հիմնելու, ինչպես նաև առանց գրանցման վճարի հրավիրված մարզային բժիշկներին փոխանցելու ոլորտի նորագույն մոտեցումները: Հետաքրքիր սոցիալական ծրագիր կառաջարկվի համագումարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին»,- նշել է Ա. Չարչյանը:

Համագումարի գիտական կոմիտեի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում նույնպես շեշտեց, որ համագումարի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, և այն բարեհաջող ավարտին կհասցվի։

«Արդեն կազմավորված է համագումարի նախնական գիտական ծրագիրը և գործնականում հստակեցված է հիմնական բանախոսների (պլենար դասախոսությունների) կազմը։ Անշուշտ ծրագրում, շտկումների ու հստակեցումների կարիք դեռ կլինի։ Նշեմ նաև, որ գործում է համագումարի պաշտոնական կայք-էջը` http://www.5imca.am:

Կարևորը, որ կարողանանք ապահովել բարձր գիտական մակարդակ, որպեսզի ներկայացվող զեկույցները նպաստեն հայ բժշկագիտական մտքի զարգացմանը և դրա գործնական կիրառման ապահովմանը։ Ինչպես նաև կարևորում ենք օգտակարության մակարդակի շարունակական բարելավումը»,- նշել է Ա. Սողոյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook