Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում այսուհետ հնարավոր կլինի երեխաներին հերթագրել առցանց

Մանկապարտեզում երեխաների առցանց հերթագրումը mankapartez.yerevan.am կայքի նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխային Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ, մեր քաղաքացին ունենում է հնարավորություն գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե: Քաղաքային իշխանությունը սրանով ևս մեկ քայլ է անում՝ հեշտացնելու մեր քաղաքացիների առօրյան»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Երբ հերթագրման գործընթացը փակ էր, և դրանք տեղի էին ունենում չակերտավոր hետնաբեմում, հազարավոր քաղաքացիներ տեղեկություն չէին ունենում, թե ինչպես է կատարվում հերթագրման գործընթացը, ովքեր են այն մարդիկ, որոնք օգտվում են արտոնություններից, իրենց երեխայի հերթը երբ է հասնելու: Այս առումով քաղաքապետի կողմից կար հստակ ցուցում. գտնել ճանապարհներ՝ գործընթացն առավելագույնս թափանցիկ դարձնելու համար»,– ընդգծում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Մանկապարտեզում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել կայքում` ներկայացնելով էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոս, որին ուղարկվելու է գրանցումը հաստատող կարճ հաղորդագրություն: Օգտագործելով Ձեր գաղտնաբառը՝ կարող եք արդեն որպես օգտատեր սկսել հերթագրումը:

«Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտքագրել երեք տվյալ՝ երեխայի ծննդյան վկայականի հերթական համարն ու սերիան, տրման ամսաթիվը, նաև երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը: Կատարվում է ստուգում, որից հետո անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզն ու կցել ծնողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի պատճենները և հաշվառումը վկայող փաստաթղթի պատճենները, որոնք կարելի է լուսանկարել հեռախոսով» ,-նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ ծրագրի ղեկավար Սոնա Մանուկյանը:

«Հայտն ուղարկվում է մեր կենտրոն և աշխատանքային 2 օրվա ընթացքում այն հաստատվում է: Եթե առաջանում են հարցեր, ապա հետադարձ կապով ճշտվում են քաղաքացիների հետ: Այստեղ ամենակարևոր գաղափարն ի՞նչն է՝ ծնողն աշխատանքային 2 օր անց տեսնում է իր երեխայի անունով արդեն հերթական համարը: Այն ծնողը, որը մուտք է գործել իր տվյալներով, միայն ինքն է տեսնում իր երեխայի անուն-ազգանունը. մնացած բոլոր երեխաների տվյալները թաքցված են: Միայն հերթական համարն է: Ավելի թափանցիկ մեթոդ երբևէ չի եղել»,-նշում է Սերգեյ Հարությունյանը:

Երեխայի հերթի մասին տեղեկատվությունը կստանաք զանգի, էլեկտրոնային փոստի կամ ծրագրում ներառված մյուս գործիքների միջոցով:

Հերթագրման գործում Ձեզ կօգնի կայքի ուղեցույցը, նաև՝ կից տեսահոլովակը:

Ո՞ր տարիքից է կատարվում հերթագրումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և հաճախ տրվող այլ հարցերի պատասխանները ևս կգտնեք mankapartez.yerevan.am կայքում: Այստեղ կարելի է տեղեկատվություն ստանալ նաև հերթագրված երեխաների թվի մասին:

 Թեպետ առցանց գրանցումը կհեշտացնի քաղաքացիների հոգսն ու կխնայի նրանց ժամանակը, քաղաքապետարանի գլխավոր նպատակն է՝ վերջնականապես լուծել խնդիրը, չունենալ մանկապարտեզներում հերթեր և ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար:

«Սա ժամանակատար աշխատանք է, բայց ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում է և կարևորագույն հարցերից մեկն է, որը մենք վերցրել ենք պարտավորություն տանելու վերջնական լուծման: Այս համալիր ծրագիրն իրականացվում է, որպեսզի մեր քաղաքացիների մոտ վերականգնվի քաղաքային իշխանության հանդեպ վստահությունը»,-ընդգծում է քաղաքապետի տեղակալը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook