Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ընտանի թռչուններն ու սալմոնելոզը

Ընտանի թռչունների մարմնում (փետուր, ոտք և կտուց), ինչպես նաև արտաթորանքում կարող են լինել սալմոնելայի մանրէներ, նույնիսկ եթե նրանք թվում են մաքուր և առողջ։ Մանրէները կարող են տարածվել վանդակների, հավանոցի, կերակրման և ջրի համար նախատեսված տարաների, խոտի, բույսերի և հողի վրա, որտեղ ապրում են թռչունները։ Մանրէները կարող են տարածվել նաև թռչուններին խնամող մարդկանց ձեռքերի, կոշիկի, հագուստի վրա։

Սալմոնելոզի կանխարգելման և թունավորումներից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս և հորդորում.

  • միշտ լվացե՛ք ձեռքերը օճառով հոսող ջրի տակ, թռչնին կամ տարածքում առկա որևէ առարկայի դիպչելուց անմիջապես հետո,
  • թույլ մի՛ տվեք թռչուններին մտնել տուն, հատկապես այն տարածքներ, որտեղ պատրաստվում, մատուցվում կամ պահպանվում է սննդամթերք կամ ըմպելիք,
  • առանձնացրե՛ք և տանից դուրս պահեք այն կոշիկները, որոնք կրում եք թռչուններին խնամելիս,
  • թռչունների գտնվելու վայրում մի՛ օգտագործեք սնունդ կամ ըմպելիք,
  • մի՛ համբուրեք ընտանի թռչուններին, վերջիններիս հետ շփվելուց հետո ձեռքերով մի՛ դիպչեք երեսին կամ բերանին,
  • թռչունների բազմացման և աճեցման համար նախատեսված բոլոր առարկաները (ինչպես օրինակ վանդակներ, սննդի և ջրի համար նախատեսված տարաներ) մաքրեք դրսում,
  • 5 տարեկանից ցածր երեխաները, 65 տարեկանից բարձր, ինչպես նաև ընկճված իմունային համակարգով անձինք պետք է խուսափեն հավերին, բադերին կամ որևէ այլ թռչնին դիպչելուց,
  • մրգերը, բանջարեղենը, հում միսը (այդ թվում՝ թռչնի) օգտագործելուծ առաջ լվանալ հոսող ջրով, ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանելիության ժամկետին, սննդամթերքը պահպանել սառնարանում,
  • չգնել սննդամթերք կասկածելի վայրերից, հատկապես տարվա տաք եղանակին,
  • եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:

Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները: Հատկապես վտանգավոր են այն վարակվածները (նաև՝ առողջ վարակակիրները), ովքեր աշխատում են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում։ Վարակը մարդուն փոխանցվում է վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։

Հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ բաց քաղցրահամ ջրամբարներում, հողում, երշիկեղենում, ձվի մեջ և սառեցրած մսեղենում, սենյակային պայմաններում փոշու մեջ չեն ոչնչանում ամիսներ շարունակ, իսկ ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցված մթերքներում պահպանում են կենսունակությունը։ Վարակը կարող է փոխանցվել խոհանոցային սպասքի, դռան բռնակի և այլ պարագաների միջոցով։

Հիվանդության թաքնված շրջանը 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ: Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են ավելի բուռն։

Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում: Բնորոշ է մի քանի օր տևող սրտխառնոցը, փսխումը (կարող է սկսվել հիվանդության առաջին իսկ ժամերից) և լուծը, վերջինս կարող է պարունակել արյան հետքեր։

Որպես կանոն, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները և մեծահասակները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook