Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Թաքնված Երևանը․մահացած նորածինների մարմիններն ու գուսան Շերամի կոկորդը. Կորյուն 2 հասցեում

Այս մասին գրում է  asekose.am-ը: Մենք կարող ենք սիրել կամ չսիրել Երևանը, բողոքել «կարմիր գծերից» ու խցանումներից, երգեր գրել Երևանի մասին, կամ Փարիզից կարոտակեզ մեկնաբանություններ թողնել համացանցում՝ ապահովելով «ամենօրյա գաղջի» հայկական ֆենոմենը, սակայն մենք ամբողջությամբ չենք կարող ճանաչել մեր «փախչող» քաղաքի իրական էությունը։

Այսօր մեր քաղաքում դժվար է գտնել մի շինություն, որը կունենա 100-ից ավելի տարվա պատմություն։ Որքան էլ փորձենք տասնամյակներ շարունակ ամեն կերպ Երևանին խցկել ուրարտական օրացույցների արանքը, Էրեբունու ավերակներից բացի մեր մայրաքաղաքում գրեթե բոլոր շինություններն ու տեսարժան վայրերն ընդամենը դարի պատմություն ունեն։ Երևանը երիտասարդ  քաղաք է։

Կա կարծրացած մտածողություն, որ Երևան քաղաքի գույնը  վարդագույնն է։ Սակայն ի սկզբանե թամանյանական Երևանի գույնը սևն է եղել։ Այսօր կարող ենք գտնել սև տուֆից կառուցված հնաոճ, գոթական տարրերով հին Երևանի երբեմնի շունչը պարունակող շինություններ, որոնք ցավոք ծայրահեղ լքված կարգավիճակում են։ Թամանյանը Երևանի կարևորագույն շենքերի կառուցման համար (Երևանի պետական համալսարանի շենքը՝ ներկայիս պատմագիտության ֆակուլտետի մասնաշենքը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը, տարբեր նախարարությունների ու պետական հիմնարկների շենքերը) նախատեսել էր կառուցել սև բազալտից, որի հանքը հենց հանրապետության հրապարակի մոտակայքում էր։ Սակայն հանրապետության հրապարակի նախագծական աշխատանքներից պարզ դարձավ, որ հանքի շահագործումն այլևս հնարավոր չէ, և սև տուֆին եկավ փոխարինելու Արթիկի վարդագույն տուֆը։

5a204f9bd0b7d

Նախորդ նյութում փորձեցինք բացահայտել Մոսկովյան 22 հասցեում գտնվող ուրվականների տան գաղտնիքը, իսկ այժմ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում այս լուսանկարները, որոնք կարող են սարսուռ ու զարմանք առաջացնել։

Երևանում՝ Կորյուն 2 հասցեում Երևանի պետական բժշկական համալսարանի շենքն է, որը հիմնադրվել է 1920 թվականին։ 1989թ. բուհն անվանակոչվեց միջնադարի անվանի բժշկապետ Մխիթար Հերացու անունով, իսկ 1995թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստացավ համալսարանի կարգավիճակ:

Բժշկական համալսարանի նորմալ անատոմիայի ամբիոնին կից տեղակայված է անատոմիական թանգարանը։ Այնտեղ իրենց ուրույն տեղն ունեն մարդու՝ ֆորմալինի լուծույթում պահվող առանձին օրգաններ, չափահաս մարդկանց կմախքներ, նորածինների կմախքներ, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից պատրաստված պատրաստուկները: Թանգարանի նմուշներից է նաև հայտնի մարդկանց զմռսված ուղեղները, ֆորմալինի լուծույթում պահպանված սրտերը, գուսան Շերամի կոկորդը, պրոֆեսոր Արծրունու ուղեղն ու սիրտը:

Asekose-ի հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի բաժնից տեղեկացրին, որ թանգարանի մուտքն ազատ է, և յուրաքանչյուր ոք կարող է այցելել համալսարանի աշխատանքային ժամերին։

Հովհաննես Եսայան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook