Friday, March 29, 2024
Նորություններ

Թբիլիսիում վթարից տուժածներին հետագա օգնության նպատակով հայ մասնագետները կրկին Վրաստանում էին

Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետեւանքով տուժած եւ այնտեղ դեռեւս բուժում ստացող ՀՀ քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում նրանց Հայաստան տեղափոխելու հարցերը լուծելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության առաջարկով օգոստոսի 29-ին Հայաստանից Թբիլիսի է ուղեւորվել շտապբուժօգնության վերակենդանացման բրիգադ:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մասնագետները գնահատել են Թբիլիսիում դեռեւս բուժվող 2 քաղաքացու առողջական վիճակը: Հաշվի առնելով տուժածների վիճակի ծանրությունը` որոշվել է նրանց չտեղափոխել` նպատակահարմար համարելով սպասել վիճակի որոշակի կայունացման:

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ է ինչպես Թբիլիսիում ՀՀ քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հաստատությունների, այնպես էլ Վրաստանում ՀՀ դեսպանության հետ` անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու հրատապ օժանդակություն:

Սա հայ մասնագետների երրորդ այցն էր Թբիլիսի: Նախորդ այցերի ժամանակ, դեսպանության նախաձեռնությամբ եւ առողջապահության նախարարի հանձնարարությամբ, Հայաստան է տեղափոխվել ծանր կայուն վիճակում գտնվող Ա. Խ.-ն` հարազատների ցանկությամբ բուժումը ՀՀ-ում շարունակելու նպատակով:

Օգոստոսի 20-ին` 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, վթարի հետեւանքով տուժել էր ՀՀ 9 քաղաքացի, որոնցից մեկը մահացել էր: 8-ը տեղափոխվել էին թբիլիսյան տարբեր բուժհաստատություններ: Առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններն օպերատիվ կերպով ուշադրության տակ են պահում բոլոր տուժածների վիճակը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook