Thursday, April 25, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Թինեյջերական սեր. պարզաբանում է հոգեբան Տաթեւ Նահապետյանը

Սեր…. որքան հրաշալի և զարմանալի զգացմունք է….. Անվերջ կարող ենք խոսել այդ մասին: Իսկ ի՞նչ բան է թինեյջերական սերը: Նրանք ամենաանհավանական, հրաշալի սերն են ապրում: Այն տարբերվում է իր անկրկնելիությամբ: Արդեն հետաքրքրիր է այն, որ ընկերությունն ու սերը այս տարիքում սերտ կապված են միմյանց հետ: Թինեյջերական սիրո մեջ այնքան ռոմանտիկա կա, որը զգացմունքը դարձնում է առավել էմոցիոնալ, պարուրում է երազանքներով, տալիս է սիրուն առեղծվածային երանգներ: Դեռահասի սերը իդեալականացված է, նրանում այնքան երազկոտություն  և երևակայություն կա: Նրանց համար սիրո օբյեկտը միակն ու անկրկնելին է: Նրանց զգացմունքները ունեն իրենց երկակիությունը և բնութագրվում են սիրո օբյեկտի հետ շփման ձգտումով ու միաժամանակ փախուստով, մենակության ձգտումով: Եթե հանկարծ նկատեք, որ Ձեր դեռահասը փակվում է իր սենյակում, ժամերով խոսում է հեռախոսով, կարելի է ենթադրել որ նա սիրահարվել է:

Սակայն, չպետք է մոռանանք, որ նման հարաբերություններում դեռահասները շատ խոցելի են: Նրանք հաճախ իրենց համեմատում են ֆիլմի հերոսների, գրականությունում հանդիպող հերոսների հետ: Հաճախ երևակայության մեջ կառուցում են իդելական սցենարով հարաբերություններ, որտեղ բոլոր հույսերը իրականանում են: Այդ երազանքները օգնում են նրանց որոշումներ կայացնել երևակայության մեջ, իսկ հետո տեղափոխել իրական կյանք: Հենց այդ փուլում են նրանք օրագրեր պահում, գրում իրենց զգացողությունների մասին:  Որքա՜ն վառ և աննկարագրելի զգացողություններ են ունենում այդ ժամանակ դեռահասները:
Այ, իսկ ծնողները, հենց դրանից էլ ամենաշատն են վախենում: Հաճախ նրանք կարծում են, որ դեռահասների հարաբերությունները հիմարություն են և ոչ մի լուրջ հարաբերության մասին խոսք գնալ չի կարող:

  • Մայրիկ, ես սիրում եմ նրան: Ես այնքան երջանիկ եմ :

Իսկ որպես պատասխան ծաղրական խոսքեր.

  • Հերի՛ք է հիմարություններ ասես: Դու պետք է սովորես, իսկ դու՝ սեր, սեր: Ի՞նչ սեր կարող է լինել տասնչորս տարեկանում: Մի՛ ծիծաղեցրու ինձ: Մոռացի՛ր ամեն բան և դուրս հանիր նրան գլխիցդ:
  • Մայրի՛կ, ինչո՞ւ ես այդպես խոսում: Նա շատ լավն է և սիրում է ինձ: Հասկացի՛ր, ես արդեն երեխա չեմ և չեմ ուզում կորցնել երջանկությունս:
  • Դա լուրջ չէ, հավատա՛ ինձ: Ոչ մի հանդիպում: Դու ինձ հասկացա՞ր:

Ինչ-որ տեղ դուք հաստատ լսել եք նման արտահայտություններ, այդպես չէ՞: Կամ միգուցե, դուք ինքներդ եք այդպես ասել: Նման երկխոսություն մոր և դեռահասի միջև հաճախ է հանդիպում: Չնայած երկխոսություն դժվար է այն անվանել, քանի որ մայրը միայն ինքն իրեն է լսում, իսկ դեռահասի կարծիքը ամբողջությամբ անտեսվում է: Երեխան գալիս է ուրախությամբ կիսվելու, իսկ պատասխան՝ ստանում է ծաղրանք և դառը խոսքեր: Հնարավոր է երեխան չխոսի այլևս, բայց նրա հոգում կմնա ցավ և վիրավորանք, որը հետզհետե կհանգեցնի ծնողի հետ վստահելի հարաբերությունների կորստի: Երբեմն էլ նման խոսակցությունը ավարտվում է կոնֆլիկտով, էմոցիաների հարձակումով, անգամ կարող է հանգեցնել տանից փախուստի և սուիցիդալ փորձի դեռահասի կողմից:

Դեռահասի համար այդ հարաբերությունները շատ լուրջ են:  Առաջին հիասթափությունները այնքան ուժեղ են և անսպասելի նրանց համար, որ երբեմն նրանք ընդունակ չեն ինքնուրույն  հաղթահարել այդ զգացմունքներն ու ցավը:  Այդ ժամանակ հարկավոր է, որ նրանց մոտ ընկեր լինի: Լավ կլինի հենց ծնողը կամ երեխայի համար նշանակալի ինչ-որ մեկը:

Ծնողները վախենում են կորցնել վերահսկումը, համակերպվել այն մտքին, որ դուստրը կամ տղան արդեն մեծացել են և իրավունք ունեն ինքնուրույն որոշումներ կայացնել:

Դեռահասները շատ խոցելի են և ներշնչվող: Նրանք, անգամ, ամենասովորական խոսքը սրտին մոտ են ընդունում: Հարգելի ծնողներ, եկեք փորձեք, ընդհակառակը, ընդգծել դեռահասի առավելությունները, որպեսզի նա որքան հնարավոր է ինքնավստահ զգա իրեն: Օգնենք դեռահասին գիտակցել իր զգացմունքները: Փորձենք պահպանել վստահելի հարաբերությունները նրանց հետ, լինենք նրանց ընկերը: Աջակցենք նրանց՝չքննադատելով և քարոզներ չկարդալով, դրանով միայն իջեցնում ենք նրանց ինքնագնահատականը:

Տաթև Նահապետի Նահապետյան

Թինեյջերական սեր. պարզաբանում է հոգեբան Տաթեւ Նահապետյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook