Friday, March 29, 2024
Հիվանդություններ

Ի՞նչ անել,երբ կծել է օձը:

3129735033_022ae26694
Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները`
  • տափաստանային իժը (Vipera ursini renardi),
  • դարևսկու իժը (Vipera darevsky),
  • փոքրասիական իժը (Vipera xanthina),
  • անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)։
Այդ օձերի թույնն ազդում Է հյուսվածքների վրա, քայքայում Է նրանց բջիջները, խախտում արյան մակարդելիությունը և քայքայում արյան կարմիր բջիջները։

Օձի կծելուց հետո մաշկի վրա մնում է վերին ծնոտի ատամներից հետք, որով կարելի Է որոշել՝ օձը թունավոր է, թե ոչ։ Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր և ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր (ա)։ Ոչ թունավոր օձերի կծած տեղում, մարմնի վրա երևում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ (բ):
Կծելու ժամանակ թունավոր օձի թույնը ներարկվում Է մարդու մարմին։ Կծած մասում թունավոր ատամների տեղում առաջանում են երկու փոքրիկ բշտիկներ։ Աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները.

  • կծած տեղում ցավ և այրոց,
  • կծած տեղի մաշկի գույնի փոփոխություն, կարմրություն,
  • կծած տեղում այտուց, որը հետզհետե տարածվում Է ամբողջ մարմնով,
  • սաստիկ թուլություն,
  • գլխապտույտ,
  • սրտխառնոց,
  • արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից,
  • տեսողության խանգարումներ,
  • խոսքի խանգարումներ,
  • վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ,
  • շնչառության խանգարումներ։
Առաջին օգնությունը
Ոչ թունավոր օձերի կծածների դեպքում վերքը մշակեք, ինչպես ցանկացած փոքր վերք։
Թունավոր օձի կծածի դեպքում շատ կարևոր Է ժամանակին ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելը։ Հնարավորության դեպքում հիշեք կծող օձի տեսքը:
  • Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա)։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս։
  • Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմ­նում՝ զգալիորեն բարդացնելով վիճակը։
  • Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը (մատանի, ժամացույց և այլն)։
  • Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։
  • Սահմանափակեք տուժածի շարժումները (պառկեցրեք կամ նստեցրեք նրան)։
  • Ահազանգեք կամ կազմակերպեք տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց։
  • Տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։ Խստիվ արգելվում է ոգելից խմիչք տալ տուժածին։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն մինչև հիվանդանոց հասցնելը:

Աղբյուրը` med-practic.com

Պատրաստեց՝ Հ. Մ.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook