Friday, March 29, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ի՞ՆՉ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ (առակ)

Ժամանակին մի տղամարդ էր ապրում, ով երազում էր ավելի լավ կյանքի մասին: Նրան չէր ուրախացնում տունը, որտեղ ապրում էր, դժգոհ էր տան կահավորանքից, սեփական հագուստից, շրջապատող մարդկանցից: Նրան տանջում էր, թե ինչու ուրիշներն ունեն ամեն ինչ, իսկ ինքը` ոչինչ:
Մտքում անընդհատ կրկնում էր. «Երջանիկ լինելու համար ինձ հարկավոր է լավ տուն, գեղեցիկ կին և շատ փող»:
Մի օր կատարվեց անիրականը, նա հանդիպեց տարեց մոգի:
– Ես գիտեմ` ինչի մասին ես երազում,- ասաց մոգը նրան,- ես ուրախությամբ կօգնեմ քեզ: Միայն ասա, թե ինչ ես ցանկանում և կկատարեմ քո բոլոր ցանկությունները:
Տղամարդն անչափ ուրախացավ մոգի հետ հանդիպման համար` չնայած հոգու խորքում կասկածում էր, թե նման բան հնարավոր է: Նրան անհանգստացնում էր, թե փոխարենը ինչ կպահանջի մոգը: Վերջինս, սակայն, հավաստիացրեց.
-Վաղուց եմ հետևում քո տառապանքներին, եթե իսկապես գիտես, թե ինչ է քեզ հարկավոր երջանկության համար, պատրաստ եմ տալ դա քեզ առանց նախապայմանների: Պարզապես բարձրաձայն ասա, թե ինչ ես ցանկանում:
– Հրաշալի է,-ասում է տղամարդը,- ուզում եմ մեծ և շքեղ տուն, գեղեցիկ կին, որը հմուտ խոհարար կլինի և շատ փող:
– Պայմանավորվեցինք, վաղն արթնանալուն պես այդ ամենը քոնը կլինի,-պատասխանում է մոգը:
Եվ իսկապես, հաջորդ օրն արթնանալուն պես տղամարդն ինքն իրեն գտնում է շքեղ կահավորված, մեծ և հարմարավետ ննջասենյակում, խոհանոցում նրան դիմավորում է գեղեցիկ և նրբակազմ կինն արդեն պատրաստի նախաճաշով: Հիմա տղամարդը կարող էր գնել այն ամենը, ինչ կցանկանար, նրա բանկային հաշիվը երբեք չէր պակասում: Տղամարդը երջանիկ էր:
Մի քանի ամիս ոգևորության մեջ անցկացնելուց հետո նա հանկարծ սկսում է հասկանալ, որ իրեն ինչ-որ բան պակասում է: Նրան նորից սկսեց տանջել «Էլ ի՞նչ է ինձ հարկավոր», ինչն է պակասում լիակատար երջանկության համար, երբ ունի այն ամենն, ինչ հարկավոր է երջանիկ լինելու համար: Սակայն, երջանկության զգացողությունը լքել էր նրան: Տղամարդը նորից դիմեց մոգին:
-Ինչո՞ւ ինձ երջանիկ չեմ զգում, երբ ունեմ ամեն ինչ:
– Ես կատարեցի քո բոլոր ցանկությունները, ապրի´ր և վայելիր կյանքը,-պատասխանում է մոգը:
-Ինձ մոտ չի ստացվում: Չգիտեմ ինչու, ինձ միայնակ եմ զգում այդ ահռելի դղյակում, նույնիսկ գեղեցկուհի կինն ինձ ուրախություն չի պատճառում, անգամ փողերը, որոնց մասին այդքան երազում էի, այլևս հաճույք չեն պատճառում: Ի՞նչ է կատարվում,- հարցնում է տղամարդը:
-Պատասխանը շատ պարզ է: Խնդրեցիր, որ քեզ շքեղ տուն նվիրեմ, սակայն չխնդրեցիր, որ այդ տան մեջ ընտանեկան ջերմություն և հարմարավետություն լինի: Գեղեցկուհի կին խնդրեցիր, սակայն չխնդրեցիր, որ ձեր միջև սեր և ըմբռնում լինի: Ինձանից հարստություն խնդրեցիր, սակայն չխնդրեցիր ուժ, ազատություն և ուրախություն, որոնք կարող է պարգևել փողը,-պատասխանում է մոգը: Ուրախացած նա ասում է.
– Շնորհակալ եմ, հիմա հասկացա, թե ինչ է ինձ հարկավոր:
– Եթե ամեն ինչ հասկացար, ուրեմն գնա և ամեն ինչ ստեղծիր քո սեփական ուժերով,-ասում է մոգն ու անհետանում:
Տղամարդը հայտնվում է նույն տանը, որտեղ ապրում էր նախկինում և ոչ կին ունի, ոչ էլ շատ փող, սակայն փոխարենն ունի վստահություն և գիտակցում է, թե իրականում ինչ է իրեն հարկավոր երջանիկ լինելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook